Выбрать главу

Երաժիշտները նոր եղանակ նվագեցին՝ «Տխուր իմ երգով ես չեմ արթնացնի իմ գեղեցկուհուն, թող քաղցր քնի»: Դանդաղ տանգո՝ կանայք հրավիրում են տղամարդկանց: Մարգարիտան Արմենին քարշ տվեց պարահրապարակ:

Ռենան նայեց ինձ, մազերը դանդաղ ետ տարավ լայն ու գեղեցիկ ճակատից, ասաց.

– Գնանք:

Նա փաղաքուշ ձեռքը դրեց իմ ձեռքին:

Ես բռնեցի նրա մատները, և մենք, ձեռք-ձեռքի տված, ելանք տեղից:

Ես հայացքս չէի կտրում նրանից: Ռենան երբեմն ամոթխած ժպտում էր՝ փախցնելով աչքերը: Ես աջով գրկել էի նրա բարակ մեջքը, զգում էի նրա փխրուն մարմնի տաք հպումը, փարթամ մազերը քսվում էին դեմքիս, և նրանց մոտիկ բուրմունքից ու «Քլիմայի» զմայլիչ հոտից սիրտս անհանգիստ տրոփում էր: Անուշաբույր էր և սպիտակ մաշկը, ես դա նույնպես զգում էի, նրա մի ձեռքն իմ ուսին էր, իսկ մյուս ձեռքը՝ նուրբ մատներով, վարանոտ շարժվում էր ափիս մեջ՝ պատեպատ խփվող երկչոտ թռչնակի երկյուղածությամբ:

Հետո կրկին նստած էինք սեղանի մոտ, շարունակ ու անդադար թնդում էր երաժշտությունը՝ մի եղանակից անցնելով մյուսին, հետո դարձյալ ու նորից պարեցինք, Մարգարիտան ընկերուհիների համար խմիչք ու միրգ տարավ մեր սեղանից ու նորից վերադարձավ մեզ մոտ, հետո նա Ռենայի ականջին ինչ-որ բան փսփսաց, և նրանք միասին գնացին միջանցքի կողմը:

– Լսիր, Լեո, դա լրիվ գիժ է, – նրանց գնալուց հետո ծիծաղեց Արմենը: – Բնագիտության ուսուցչուհի է, ընկերուհիներով ծնունդ են նշում: Ամուսինն ուկրաինացի է, ծովում, Նավթային քարերում է աշխատում, հորատող վարպետ է, դեպուտատ, տասնհինգ օր տանն է, տասնհինգ օր՝ ծովում: Հրավիրում է տուն: Այ տղա, ի¯նչ հրաշալի բան է մեծ քաղաքում ապրելը:

Ետևում, սեղաններից մեկի մոտ, հայերեն խոսակցություն լսեցինք: Արմենն արագ շրջվեց, երկար նայում էր:

– Լսիր, հայեր են, – ասաց Արմենը, – Հայաստանից, տեղի հայերն այդպես չեն խոսում:

Արմենը ելավ, գնաց դեպի նրանց սեղանը:

Քիչ անց այնտեղ թնդաց համերաշխ ծիծաղը, ես ետ նայեցի. ոչ այն է Արմենն էր նրանց անեկդոտ պատմում, ոչ այն է՝ նրանք, մի պահ լռություն էր տիրում, հետո կրկին թնդում էր սրտաբուխ ծիծաղը:

– Հայեր են, Հայաստանից, – վերադառնալով ուրախացած ասաց Արմենը, ասես օտարության մեջ հարազատներին էր գտել, որոնց մինչ այդ շարունակ որոնել էր: – Ամբողջ Հայաստանի մասշտաբով նրանց դեմ խաղ չկա: Կենտկոմի աշխատողներ են, շրջկոմի քարտուղարներ, միամսյա դասընթացների են եկել կուսակցական կադրերի բարձրագույն դպրոց: Թափով տղերք են:

Արմենը կանչեց մատուցողուհուն, նրանց համար երկու շիշ «Ախթամար» պատվիրեց:

Դահլիճի հայելապատ դռների մեջ նրանք՝ Ռենան ու Մարգարիտան, երևացին միանգամից: Ռենան գալիս էր առջևից՝ ժպտադեմ, գեղեցիկ ու բարձր:

– Մի նայիր, Լեո, տես՝ ի¯նչ անուշիկ հայացք ու գայթակղիչ կազմվածք ունի, ինչպիսի կրքահարույց ու կանչող ոտքեր, – ասաց Արմենը, – բա բնավորությունը: Ասես քաղաքի աղջիկ չլինի՝ դյուրահավատ, ոնց որ երեխա:

– Կներեք, բայց ես կուզենայի գնալ, – հասնելով սեղանին ու կրկին նստելով իր տեղը, մեղավոր տեսքով ասաց Ռենան, նայելով մեկ ինձ, մեկ Արմենին: – Արդեն ուշ է, խնդրում եմ: Շնորհակալ եմ, մերոնք…

– Հիմա, Ռենա ջան, ես ու Լեոն մի ուղեթաս էլ խմենք՝ գնանք, – ընդհատեց Արմենը:

Բաժակները լիքն էին, Արմենը բարձրացրեց բաժակը:

– Առաջին հանդիպումն էր այսպես խմբովին, տա աստված՝ վերջինը չլինի: Մարգարիտա, վերցրու բաժակը:

– Ես այլևս խմել չեմ կարող, – օրորվեց Մարգարիտան, հենվելով Արմենի ուսին: – Ռուսաց թագավոր Պետրոս Մեծն ասել է. «Օղի չի կարելի քիչ խմել, բայց շատ նույնպես չի կարելի խմել»: Ես այլևս չեմ խմի: Բայց, ի լրումն քիչ առաջ իմ ասածի, ավելացնեմ, որ կա միայն ու միայն մի տղամարդ, որից, համենայնդեպս այսօր, ես ինձ կախված եմ զգում, և դա խելացնոր կերպով ուրախացնում է ինձ… Որպես գաղտնիք ասեմ, որ Արմենն է այդ տղամարդը, և ես խոստանում եմ մինչև վաղը հավատարիմ մնալ նրան, – ծիծաղելով ավելացրեց Մարգարիտան: – Անչափ ու անչափ շնորհակալ եմ, ուրախ եմ ծանոթության համար, անմոռանալի երեկո էր, բայց, հազար ափսոս, որ այլևս խմել չեմ կարող:

Մենք խմեցինք: Մարգարիտան հրաժեշտի համբույրներ բաշխեց բոլորիս և, կոնքերը ցուցադրաբար ճոճելով, գնաց ընկերուհիների կողմը:

– Ես նույնպես շնորհակալ եմ, իրոք, հաճելի երեկո էր, – վեհերոտ ժպիտով ասաց Ռենան: – Հուսով եմ, որ Լեոի ծննդյանը նույնպես կհրավիրեք,– նա նայեց ինձ, բոսորով բռնկված շուրթերի բացվածքում շողացին ատամները: – Հույս ունենա՞մ, թե՞ կմոռանաք:

– Որպեսզի չմոռանանք՝ պայմանավորվենք հենց հիմա, – ասացի ես: – Վաղը ժամը չորսի մոտերքը ես սպասում եմ Արմենի զանգին: Հրավիրում եմ «Գյուլիստան»: Դուք եղե՞լ եք այնտեղ:

– Ոչ:

– Նոր, շքեղ ռեստորան է՝ բազմաթիվ սրահներով: Արմենը նույնպես, հավանաբար, չի եղել:

– Չէ, չեմ եղել, – արձագանքեց Արմենը՝ վառելով սիգարետը:

Մեր սեղանին մոտեցավ սև կոստյումով, փողկապով, թիկնեղ ու հաստափոր մի տղամարդ:

– Ամեն ինչ կարգի՞ն է, – հետաքրքրվեց նա սիրալիր ժպտալով: – Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր հյուրերը գոհ մնան: