Выбрать главу

–Սպասեք, մի րոպե սպասեք,– արագ թարթելով աչքերը ասում էր Մայան ։– Ես ոչինչ չեմ տեսնում։

Նրա աչքերը հետզհետե ընտելացան սենյակի լույսին, և նա տեսավ Տոնյային՝ մահճակալի մոտ կանգնած, նիհար։ Տոնյան ընդառաջ եկավ։

–Լրիվ փոխվել եմ, չէ՞,– կամացուկ ասաց նա՝ փորձելով ժպտալ։– Եթե ուրիշ տեղ տեսնեիր՝ հավանաբար, չճանաչեիր, չէ՞․․․

–Կճանաչեի,– ցածր ասաց Մայան, շփոթված նայելով Տոնյայի գունատ դեմքին և նույնպես փորձելով ժպտալ ։– Ես քեզ կճանաչեի,– դողդոջ ձայնով արտաբերեց Մայան և լուռ, պոռթկուն շարժումով գրկեց Տոնյային ու երկար ժամանակ մնաց այդպես՝ նրա սիրունիկ դեմքը իր կրծքին սեղմած։ Նրա արցունքները արդեն հոսում էին, և նա չէր կարողանում դրանք զսպել։ Եվ նա այդ կարճ ակնթարթում, ինչպես հեռավոր երազի մեջ, արցունքների միջից տեսավ Տոնյային, հիշեց, թե ինչպես էին ամառները աղջիկների հետ միասին գնում Պոպովկա՝ պիոներական ճամբար, ինպես էին այնտեղ երջանիկ ու անհոգ երգում խարույկի մոտ, լուսնալույսի տակ՝ կիթառի մեղմիկ նվագակցությամբ, իսկ ցերեկները լողանում էին Դոնեցում, վազվզում անտառներում, ծաղիկներ քաղում․․․ Բայց դա ուրիշ աշխարհ էր, այդ աշխարհը չկա էլ, իսկ այս աշխարհը, որի մեջ նրանք ապրում էին, սարափելի էր։

Մայան բարձրացրեց գլուխը և խզված ձայնով ասաց․

–Դե պատմիր ․․․

Աղջիկներն արդեն շարվել էին մահճակալների երկարությամբ՝ ինչպես քիչ առաջ, Լիզան աթոռակներ բերեց Մայայի և Ուլյայի համար։ Բոլորը նայեցին Տոնյային՝ սպասելով նրա պատմությունը։ Տոնյան նստեց աղջիկների խմբի կենտրոնում և պատմեց հանդարտ, ցածր ձանով․

–Ումանից մեզ քշեցին Զվենիգորոդ՝ ռազմագերիների համակենտրոնացման ճամբար։ Այնտեղ, փշալարերով պատված բարաքներում մեզ պահեցին երկու ամիս, հետո գարշահոտ բարաքներից բոլորիս դուրս տարան բակ, շարք կանգնեցրին։ Ո՞ւր են տանում, մտածում ենք։ Իսկ նրանք մեզ քշում են կայարան։ «Շնելլեր, շնելլեր․․․»,– ավտոմատի կոթով հրում են, ռետինե ձողիկներով խփում ետ մնացողներին։ Ես գրկում եմ Շուրիկին, որպեսզի ետ չմնա։ (Մենք նրա հետ շատ էինք մտերիմ,– ասաց Տոնյան՝ մի ակնթարթ նայելով Մայային․ նա այդ տղայի՝ Շուրիկ Իվանովի մասին պատմել էր արդեն աղջիկներին։– Սպիտակ դեմքով ու գորշաշեկ մազերով տղա էր՝ հինգ տարեկան։ Կանգում էր մոտդ գլուխը կախ, բայց երբ բարձրացնում էր աչքերը, նրանցում այնպիսի մի վճիտ դյուրահավատություն էր փայլում, որ սիրտդ ճմլվում էր անզորությունից ու ցավից) ։ Կայարանում մեզ նորից հաշվեցին, լցրին վանդակապատ վագոնները, պինդ փակեցին դռները՝ դեպի արևմուտք։ Անցնում ենք Վիսլան, Տերասպոլը, յոթ օր ու գիշեր քաղցած ու ծարավ մեզ տանում են, իսկ թե ուր են տանում՝ չգիտենք։ Երբեմն կանգնում ենք, վագոններից թափում են մահացածներին։

Հիմնականում մեռնում են երեխաներն ու ծերերը։ Կանգառներում, չնայած գերմանացիների արգելքներին, լեհերը վանդակների արանքներից ուտելիք էին գցում վագոն։ Խնձոր, հաց, երշիկ։ Սփոփիչ խոսքեր էին ասում։ Յոթերորդ օրը, գիշերվա կեսին, մեր գնացքը հասավ կրկնափշալարերով պատված ինչ-որ ճամբար։ Անաստղ գիշեր էր։ Շենքեր էին երևում՝ լայն խողովակներով, որոնցից կծու, թանձր ծուխ էր ելնում, իսկ երբեմն նաև կրակի լեզվակներ։ Օդը մի տեսակ ներծծված էր քաղցրավուն այրվածահոտով։ Մեզ սկզբում թվաց, թե պաշտպանողական նշանակության ֆաբրիկա են բերել, փշալարերի երկարությամբ էլեկտրական լամպեր էին վառվում։ Բայց մենք սխալվում էինք, մեզ բերել էին Օսվենցիմ՝ համակենտրոնացման ճամբար։

–Ես լսել եմ այդ ճամբարի մասին,– ասաց Շուրա Բոնդարևան արագ թարթելով աչքերն ու փոխնիփոխ նայելով աղջիկներին։ – Ռադիոն հաղորդել է, լսել եմ։ «Խոսում է Եվրոպայի դժոխք- Օսվենցիմը», «Խոսում է Եվրոպայի դժոխք- Օսվենցիմը»– այսպես են սկսվում հաղորդումները։ Ես լսել եմ․․․

Տոնյան նայեց Շուրային, սակայն ոչինչ չասաց, նրա թախծոտ աչքերը նայում էին նրան , բայց չէին տեսնում ասես։ Նա մտքերի հետ էր։

–Մեզ աշխատեցնում էին դաշտերում, կերարում էին թեփով լի վռիկ-ապուրով, եթե ոչ՝ կարտոֆիլի կամ գոնգեղի քչեփով, պահում էին դարձյալ բարաքներում,– ասաց Տոնյան մտածկոտ ու տխրաձայն։– Իսկ բարաքները շատ էին՝ տասնյակ հազարավոր կալանավորներով՝ Ֆրանսիայից, Լեհաստանից, Հարավսլավիայից, Սովետական Միությունից ու այլ երկրներից։ Քնում էինք եռհարկ նեղ տախտակամածների վրա, իրար սեղմված, որովհետև բարաքներում տեղ չկար, իկ ամեն օր նոր տրանսպորտ էր գալիս կալանավորներով։ Առավոտները բարաքներից հանում էին մեռածներին ու նրանց, ովքեր անզգա ընկած էին և, ինչպես փայտը անտառում, դարսակներով շարում էին բարաքների մոտ, իսկ այնտեղից, հատւկ մեքենաներ կային՝ խաչով, այդ մեքենաներով տանում էին դիակիզարան՝ այրելու․․ Քանի կենդանի եմ, երբեք չեմ մոռանա, թե ինչպես մի օր Շուրիկը ձգեց թևս ու կամացուկ ասաց ․– Տոնյա մամա, ուզո՞ւմ եք Բրյանսկի պարտիզանների երգը ձեզ համար երգեմ․․․ Մեր բարաքում երեխաներն ինձ այդպես էին կոչում՝ «Տոնյա մամա»։– Երգիր,– կամացուկ ասացի ես։ «Մթին անտառում ջահել պարտիզանն էր թաքնվել ջոկատով»,– Շուրիկը երգում էր շշուկով, ձայնը թրթռում էր․

․․․Աշնան անձրևի տակ կսպասենք թշնամուն,

Կխեղդենք մենք ֆաշիստ-հրեշին։