Выбрать главу

–Ինձ թվում է ոչ մի տեղ գնալ պետք չէ, – հանգիստ ասաց Մայան: – Կմնանք այստեղ, պարտիզանական ջոկատ կստեղծենք, կամ էլ կոմերիտական ընհատակյա կազմակերպություն, և կսկսենք գործել:

–Գործել հարկավոր է- ասաց Տոնյան, որ մինչ այդ լուռ նայում էր Մայային: – Նույնիսկ Օսվենցիմի պայմաններում ընդհատակյա կազմակերպություն կար… իսկ այստեղ… Այստեղ ոչ թե հարկավոր է գործել, այլ անհրաժեշտ է գործել… Ես սիրով կմասնակցեմ ընդհատակյա կազմակերպության բոլոր գործողություններին: Եվ ամեն ինչ պետք է արվի գաղտնաբար:

–Այո, իհարկե, – արագ ասաց Մայան՝ գորովագին նայելով Տոնյային: – Ամեն ինչ գաղտնի: Դրա համար էլ ասում ենք ընդհատակյա կազմակերպություն:

–Կազմակերպության մեջ կընդգրկենք միայն նրանց, ում լավ ենք ճանաչում, ում վստահում ենք, – ասաց Մայան, և նրա հայացքը դանդաղ սահեց աղջիկների վրայով: – Մեր ընկերախմբի բոլոր անդամները համարյա այստեղ են՝ բացառությամբ Ալեքսանդրա Եմելյանովնայի, Նինա Գերասիմովայի և Նինա Մինաևայի:

–Խնդրում եմ ինձ ևս ընդունել կոմերիտական ընդհատակյա կազմակերպության շարքերը, -տեղից ելնելով՝ հանդիսավոր արտասանեց Անգելինա Սամոշինան: – Կազմակերպության յուրաքանչյուր առաջադրանք ես կկատարեմ նվիրվածությամբ:

–Ինձ էլ ընդունեք:

–Ինձ էլ:

–Բոլորիս էլ ընդունեք, – իր զրնգույն ձայնով ասաց Շուրա Բոնդարևան: – Բոլորս էլ կոմերիտական ենք և պարտավոր ենք պայքարել զավթիչների դեմ:

–Ինձ էլ ընդունեք: Որտեղ մեր Տոնյան՝ այնտեղ էլ ես, – ասաց Լիլիան՝ ամբողջապես կարմրելով:

Մայան ժպտադեմ նայեց աղջիկներին:

–Մենք այդպես էլ գիտեինք, – ասաց նա հուզմունքից խզված ձայնով: – Այսինքն՝ ես ու Ուլյան: Մենք համոզմված էինք, որ մեր բոլոր կոմերիտականները չեն կարող ձեռքները ծալած նստել, երբ հայրենիքը վտանգի մեջ է:

–Կրասնոդոնում ընդհատակյա խմբեր կան, – ասաց Լինա Սամոշինան: -Այսինքն հաստատ չգիտեմ, բայց համոզված եմ, որ կան: Հարկավոր է գտնել նրանց:

-Մեկը մյուսին չի խանգարի, – ընդհատեց Մայան: – Մենք կստեղծենք մեր կազմակերպությունը, իսկ հետո հեշտ է: Իմ կարծիքով, տղաները սիրով կմիանան մեզ: Նրանց հետ նույնպես կխոսենք:

–Իսկ գուցե Մոշկովի՞ն դիմենք, -անվստահ ասաց Ուլյան: – Եվգենի Մոշկովին՝ կուսշրջկոմից: Ես վերջերս մի անգամ տեսա նրան:

–Իսկ որտեղի՞ց գտնենք նրան, – հարցրեց Մայան՝ սպասողական նայելով Ուլյային:

–Չգիտեմ ուսերը թոթվեց Ուլյան: – Եթե գտնեինք՝ լավ կլիներ; Հավանաբար նրան թողել են ընդհատակյա աշխատանքի համար: Բայց որտե՞ղ գտնել։ Դժվար է:

–Պարզ է, դժվար է, – հանաձայնվեց Մայան և քիչ անց ավելացրեց: – Մենք առանց նրան կգործենք: Գուցե հետագայում հաջողվի կապ հաստատել նրա հետ: Եթե նրան իրոք թողել են ընդհատակի համար: Մի խոսքով, գլխավորն այն է, որ այժմ, հենց հիմա, ստեղծենք մեր կազմակերպությունը: Իսկ հետո կտեսնենք՝ կուսակցական աշխաըողներից ու՞մ են թողել ընդհատակում:

–Ես առաջարկում եմ հենց հիմա կազմել թռուցիկը, – ասաց Ուլյան: – Մեզնից յուրաքանչյուրը քսանական օրինակ կարտագրի առանձին թերթիկների վրա, իսկ վաղը կտարածենք: Հիմնականում շրջակա գյուղերում պետք է տարածել: Որպեսզի կասկածի տեղիք չտանք: Համենայն դեպս, սկզբնական շրջանում ակդպես կանենք:

Լիլիան արագ թուղթ ու մատիտ բերեց:

Աղջիկները խմբվեցին Մայայի շուրջը:

–Նույնիսկ չգիտեմ, թե ինչ գրել, – շշնջաց Մայան, շփոթված նայելով ընկերուհիներին: – Ի՞նչ գրել:

–Սպասիր, հարկավոր է մտածել, – Ուլյան աչքերը կկոցելով նայեց Մայային: – Առաջին հերթին՝ յուրաքաչյուր ոք, մեր թռուցիկը կարդալուց հետո, այն պետք է հանձնի ընկերոջը: Որպեսզի, ինչքան կարելի է , շատ մարդ կարդա: Հենց այդպես էլ պետք է գրելէ «Կարդա և տուր ընկերոջդ»: Ճի՞շտ չեմ ասում:

–Ճիշտ է,– գլխով արեց Մայան:

Դրսում լսվեց ինչ-որ մեկի ձայնը:

–Մեր Վասյայի ձայնն է, – Շուրա Բոնդարևան՝ թեթևաքայլ մոտեցավ պատուհանին: – Նա է, կարող եք շարունակել;

Եվ չանցած մեկ-երկու րոպե՝ հևասպառ ներս ընկավ Վասյան՝ ձեռքին ինչ-որ ճմրթված պլակատ:

–Ահա թե որտեղ են թաքնվել իմ գեղեցկուհիները, – լայն ժպտալով ասաց նա՝ թարթելով աչքերը: – Սա ի՞նչ է, գաղտնի խորհրդակցությու՞ն է:

–Համարյա, – շշուկով ասաց Մայան:

– Աա՜, Մայեչկա,– առաջ եկավ Վասյան շարունակելով ժպտալ, – իսկ ես ձեր տնից եմ գալիս; Բարև, – ասաց նա, մեկնելով ձեռքը և քիչ շփոթվելով: – Ինչպե՞ս ես:

–Ինչպես բոլորը:

–Այսինքն՝ վատ, – Վասյան իր ափի մեջ մի պահ պահեց Մայայի փոքրիկ ձեքռը: – Իսկ ես տեսեք, թե ինչ եմ գտել:

–Ի՞նչ է, – հարցրեց Մայան՝ գլուխը թեք նայելով նրա ձեռքի պլակատին:

–Դպրոցի պատին փակցված էր, ծածուկ հանեցի: – Վասյան բաց արեց պլակատը և պահեց այնպես, որ բոլորը տեսնեն: – Ռուս աղջիկ է, անունը Վալյա: Վալյա Կրապիվինա: Իբր գնացել է Գերմանիա, աղախին է մտել մի հարուստ գերմանացու մոտ և իրեն անչափ երջանիկ է զգում:

Աղջիկները մի պահ հետաքրքրությամբ նայում էին նկարին:

–Հիմար, -հանկարծակի ասաց Մայան բորբոքվելով: -Սովետական կարգերում մեզ հրավիրում են գնալ համալսարան, իստիտուտ, իսկ սա գնացել է ինչ-որ ֆաշիստի մոտ աղախին է մտել ու երջանիկ է: Սուտ է, այդպիսի աղջիկներ չկան մեզ մոտ: