–Գլխավոր խնդիրն է նաև այն, թե ում պետք է ընդունել կազմակերպության մեջ, – կրկին խոսեց Վիկտոր Պետրովը: – Հարկավոր է ընդունել միայն ամենահուսալի և ամենախիզախ տղաներին, որոնք պատրաստ են կատարելու կազմակերպության յուրաքանչյուր առաջադրանքը, ինչքան էլ ծանր ու վտանգավոր լինի դա: Եվ որպեսզի գաղտնիք պահել կարողանան:
–Ես կարծում եմ, որ աղջիկներին նույնպես կարելի է ներգրավել ընդհատակյա կազմակերպության մեջ: – Տոլյա Պոպովն ասես ինչ-որ հայտնագործություն էր արել, ուրախ աչքերով նայեց ընկերներին:
–Իսկ հատկապես ու՞մ նկատի ունես, – հարցրեց Անատոլի Նիկոլաևը, որ մինչ այդ լուռ էր, ամբողջ երեկոյի ընթացքում նա ոչ մի խոսք չէր արտաբերել:
–Այդ մասին չեմ մտածել, – թեթևակի շփոթվեց Տոլյան, – բայց առհասարակ վատ չէր լինի, որ նրանց ևս մասնակից անեինք այս գործին:
–Ես էլ եմ կարծում, որ աղջիկներին արժե ներգրավել կազմակերպության մեջ, – խոսեց Բորիս Գլավանը, դանդաղ ելնելով տեղից: – Թող մոսկվացի կոմերիտուհի Զոյա Կոսմոդեմյասկայայի սխրագործությունը օրինակ ծառայի մեր աղջիկների համար: Եվ ոչ միայն աղջիկների, Զոյայի սխրագործությունը օրինակ է նաև մեզ՝ տղաներիս համար:
–Հարկավոր է ինչքան կարելի է շուտ սկսել գործը,– ասաց Տոլյան՝ հենց որ Բորիս Գլավանը նստեց տեղը: – Մարդիկ բոլորովին գաղափար չունեն, թե ինչ է տեղի ունենում ռազմաճակատում:
–Ի միջի այլոց, ինչու՞ մեր թերթերը երբեմն սխալ բաներ են գրում, – խոսակցությանը խառնվեց Դեմյան Ֆոմինը:
–Ինչպե՞ս թե՝ սխալ բաներ են գրում: Ինչե՞ր ես խոսում, Դիմկա, – ուսերը թոթվեց Անատոլի Նիկոլաևը:
–Ճիշտ է ասում, – խոսեց Նիկոլայ Ժուկովը: – Այ, օրինակ, ես «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի 1942 թվականի հուլիսի 21-ի համարում կարդացել եմ սովինֆորմբյուրոյի հաղորդագրությունն այն մասին, որ իբր ծանր ու այրունահեղ մարտերից հետո մեր զորքերը թողել են Կրասնոդոն քաղաքը: Իսկ չէ՞ որ բոլորս էլ գիտենք, որ Կրասնոդոնի համար ոչ մի մարտեր էլ չեն մղվել:
–Երբ և որտե՞ղ ես կարդացել դու այդ թերթը։
–Այստեղ, Պերվոմայկայում եմ կարդացել։ Գերմանացիների կողմից Կրասնոդոնի գրավումից երկու շաբաթ անց։
–Ես էլ այդ օրն եմ կարդացել ,– ասաց Դեմյան Ֆոմինը։– Շատ լավ հիշում եմ։
–Ինչպե՞ս կարող էր Մոսկվայում լույս տեսած թերթը հաջորդ օրը ընկել օկուպացված Կրասնոդոն։– Տոլյա Պոպովը մտածկոտ նայում էր ինչ-որ կետի։– Դա կեղծած թերթ է եղել,-եզրակացրեց նա։– Սովինֆորմբյուրոյի ոչ մի հաղորդագրության մեջ չի եղել Կրասնոդոնի անունը։ Բորյան կարող է վկայել․ նա ռադիոընդունիչ ունի, մենք լսել ենք բոլոր հաղորդագրությանները։ Սովինֆորմբյուրոյի հուլիսի 20-ի և 21-ի հաղորդագրությունները ես շատ լավ եմ հիշում։
–Ես նույնպես հիշում եմ,– հաստատեց Բորիս Գլավանը։– Այդպիսի բան չի եղել։
–Պարզ է,– դառնությամբ ժպտաց Տոլյա Պոպովը։– Այդ թերթն ընկել է գերմանացիների ձեռքը, նրանք լրիվությանբ տպագրել են այն՝ փոխելով սովինֆորմբյուրոյի հաղորդագրությունները ռազմաճակատի մասին։ Դա արվել է միայն մի նպատակով՝ որպեսզի մարդիկ կասկածանքով վերաբերվեն սովետական թերթերում տպագրվող նյութերին ու սովինֆորմբյուրոյի հաղորդագրություններին։ Հարկավոր է թռուցիկներ տարածել, մարդկանց պատմել ճշմարտությունը։
–Միաժամանակ զենք կհայթայթենք,– բազմանշանակ ավելացրեց Գլավանը։– Զենք մեզ շա՛տ պետք կգա։
–Մարդկանց կպատմենք ճշմարտությունը,– իր միտքը շարունակեց Տոլյա Պոպովը։– Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, թե ինչպիսի պատասխանատվություն է վերցնում իր վրա հայրենիքի համար այս դժվարին ժամանակ։ Բոլորը պետք է իմանան, որ բլուրների վրա ու ձորերի մեջ փռված Պերվոմայկա հանքագործական մեր փոքրիկ ավանը եղել է, կա ու կլինի սովետական։
–Այդ թռուցիկները մեր մարդկանց ոգու ուժ կտան,– ասաց Անատոլի Նիկոլաևը՝ նայելով Տոլյային։ Իսկ զավթիչներին, պարզ է, կհամակի սարսափը։
–Ես ուզում եմ մի բան էլ ասել, որը նույնպես շատ կարևոր է, շարունակեց Տոլյա Պոպովը։– Ինչպես գիտեք, բոլոր մարտիկները, պարտիզանական ջոկատ ընդունվելիս, պարտիզանական երդում են տալիս։– Տոլյան նայեց շուրջը։– Մենք նույնպես պետք է երդում տանք։ Հարկավոր է կազմել տեքստը և հանդիսավոր երդվել․․․-Տոլյան քիչ լռեց և միանգամից ասաց։– Ես այսօր գիշերը կկազմեմ տեքստը, իսկ վաղը կխոսենք այդ մասին։ Վաղը կհանդիպենք։ Բորյան զենքի մասին տեղին ասաց․․․ Նա երկու գնդացիր է թաքցրել Պոպովկա գյուղի մոտ։ Հարկավոր է այդ գնդացիրները բերել Պերվոմայկա և թաքցնել․․․– Տոլյան մի պահ լռեց ։– Ո՞վ կարող է գնալ Բորյայի մոտ։
–Ես և Դեմյան Ֆոմինը ,– ասաց Անատոլի Նիկոլաևը։– Մենք կբերենք։
Բորիսը արագ նայեց Տոլյային․ ախր ինքը դեռ Մայային չի տեսել, շատ կուզենար գոնե մի րոպեով տեսնել նրան, խոսել։
–Կարո՞ղ եք հենց հիմա գնալ ,– հանկարծ ասաց Տոլյա Պոպովը՝ հայացքը թեքելով Բորիս Գլավանից։
–Իհարկե, – տեղից ելավ Բորյան։– Գիշերով փոխադրելն ավելի նպատակահարմար է, ոչ ոք չի տեսնի։
Տոլյան գոհունակությամբ ժպտաց։
–Դե գնացեք։
Ուշ էր արդեն։ Բոլորը ոտքի ելան։
Մութն իջել էր արդեն, իսկ ընկերուհիները խոսում էին դեռ։ Բոլորովին ուշ էր, երբ Ուլյան, Մայան և Շուրա Բոնդարևան հրաժեշտ տվին Տոնյային ու Լիլիային և Վասյայի ուղեկցությանբ դուրս եկան փողոց։