Выбрать главу

Ոչ աստղ կար երկնքում, ոչ լուսին։ Երկինքը սև՝ ասես սև տուշով ներկված, ծանր նստել էր Պերվոմայկայի վրա։

Աղջիկները, իրար թևանցուկ, լուռ քայլում էին։ Ինչ-որ տեղ, բանավանի մյուս ծայրում, երգում էին հարբաց գերմանացիները։

–Լսո՞ւմ եք, աղջիկներ ,– կանգ առնելով, ցածր, ընկճված ասաց Շուրան։– Վոլգա, Վոլգա՝ դու գետ գերմանական։ Եվ ոչ թե ռուսական, լսո՞ւմ եք ինչպես են երգում։

–Այո,– արտասանեց Ուլյան հառաչանքով։ Խավարի մեջ կայծկլտում են էին նրա աչքերը։

–Եկեք մենք էլ երգենք,– նորից խոսեց Շուրան՝ փշրելով թանձր լռությունը, և, առանց պատասխանի սպասելու, ձգեց,-

Из долека долго,

Течет река Волга.

Շուրան երգեց կամացուկ։ Սակայն աղջիկները չարձագանքեցին։

–Դա պետք չէ,– ընդհատեց Մայան ։– Իսկույն կհասկանան, որ իրենց ջգրու ենք երգում։ Մեկ էլ տեսար մի պոլիցայ տնկվեց առջևդ։ Մի ուրիշ երգ։

–Ո՞րը,– հարցրեց Շուրան։

–Այնպիսի մի երգ, որ և մերը լինի, և կասկածի տեղիք չտա,– ասաց Ուլյան։

–Ուզո՞ւմ եք «Մթնաշաղը»։ «Շատ փոշի կա ճամփաներին, արահետն է շատ ցեխոտ»– երգեց Շուրան իր զրնգուն ձայնով, և աղջիկները իսկույն ձայնակցեցին։

Շատ փոշի կա ճամփաներիմ,

Արահետն է շատ ցեխոտ,

Ոտքերը քո մի լավ մաքրիր,

Երբ կուզես գալ դու ինձ մոտ․․․

Խավարի մեջ հնչում էր նրանց երգը․ աղջիկները այնքան էլ բարձր չէին երգում, բայց նրանց ձայնը տարածվում էր հեռո՜ւ-հեռու։

Երգելով գնացին Լենինգրադյան մթին փողոցով։ Մայայենց տան մոտ կանգ առան։

–Դե, մինչև վաղը,– արտասանեց Ուլյան սիրո ջերմությամբ։ – Վաղը երեկոյան մոտ կգնաք։ Վաղն ի՞նչ ես անում։

–Որոշել ենք մայրիկի հետ դաշտ գնալ՝ հասկ հավաքելու,– պատասխանեց Մայան ուշացումով ։– Գերմանացիները տանը ոչինչ չեն թողել։ Մի խոսքով, ուտելու ոչինչ չունենք։

–Գուցե միասի՞ն գնանք,– ասաց Անգելինան։– Կգա՞ք աղջիկներ։

–Ես կգամ,– պատասխանեց Ուլյան ։– Իսկ դո՞ւ, Շուրա։

–Ես ձեզանից ինչո՞վ եմ պակաս,– խավարի մեջ ժպտաց Շուրա Բոնդարևան։– Իհարկե, կգամ։ Մենք էլ համարյա ուտելու ոչինչ չունենք։ Ես ու Վասյան մի երկու անգամ գնացել ենք արդեն։

–Իսկ վերադարձին կմտնենք Ալեքսանդրա Եմելյանովնայի մոտ,– սրտաբուխ արտասանեց Մայան։– Նա շատ կուրախանա։ Դե, բարի գիշեր։

–Բարի գիշեր ,– պատասխանեցին աղջիկները և Վասյայի ետևից գնացին դեպի հեղեղատ իջնող ճանապարհով։

Աննա Փեհլիվանովան նստած էր պատշգամբում, մթան մեջ։ Սպասում էր։

Մայան ծածկեց բակի դռնակը, մանրաքայլ ու թեթև անցավ բակով։ Բարձրացավ պատշգամբ։

–Չե՞ս քնել դեռ, մամ,– ցածր արտասանեց նա։

–Ոչ,– պատասխանեց Աննան, հոգնած ելնելով տեղից ։

Նա հանդիմանական ոչինչ չասաց, ծանր ելավ աթոռակից, աղջկա ետևից մտավ տուն։ Միայն վառեց ձիթաճրագը։

Կիսամութ սենյակ։ Դատարկ պատեր։ Աղոտ լույս։ Տխրություն։

–Կոլոբովներից կես հաց եմ փոխ առել,– վերջապես խոսեց Աննան, հացի մի փոքրիկ կտոր դնելով սեղանին։– Կեր։

–Ես կերել եմ, մամա, դու կեր,– արտասանեց Մայան՝ հայացքը կտրելով սեղանից։

Սև հացի թթվանուշ բույրը տարածվեց սեյակում։

–Որտե՞ղ ես կերել։ Մի՞թե չեմ տեսնում․ ամբողջ օրը ոչինչ չես կերել։

Մայան պատասխանեց ոչ իսկույն․

–Իվանիխինների մոտ։

Մայրը մոտ նստեց, քիչ կտրեց հացից։

–Դու կեր, որ ես էլ ուտեմ,– ասաց նա։

Մայան նայեց մորը, ժպտաց։ Դառը ժպտաց։ Եվ ձեռքն ինքն իրեն գնաց դեպի հացի կտորը։ Լռին, առանց իրար նայելու, կերան։

–Երեկոյան ժամը իննից հետո խստիվ արգելվում է փողոց դուրս գալ,– երկար լռությունից հետո ասաց Աննան՝ սեղանի վրայից ձեռքի ափով հավաքելով հացի մանրիկ փշրանքները։– Դուք բոլորովին հաշիվ չեք տալիս, թե որտեղ եք գտնվում․ գերմանացիների մոտ սովետական երգեր եք երգում։

–Մենք ուրիշ երգեր չենք սովորել,– պատասխանեց Մայան հանգիստ ձայնով։– Իսկ եթե նրանք չեն ուզում լսել, թող կորչեն։ Ոչ ոք նրանց չի հրավիրել։

Մայրը ուշադիր, ու մի քիչ էլ վախեցած, նայեց նրան, օրորեց գլուխը։

–Դուք զգույշ չեք։ Դուք, ինչ է, չե՞ք վախենում։

–Ինչի՞ց պետք է վախենանք,– նույն հանգիստ ձայնով պատասխանեց Մայան՝ թոթելով ուսերը։– Թող իրենք վախենան։ Շուտով մերոնք կգան և այն ժամանակ կտեսնենք, թե ով է վախենում։

Հույսի մի հեռավոր շող վետվետաց Աննա Փեհլիվանովայի հոգում։

–Դե լավ, գնա քնիր,– ասաց նա տեղից ելնելով ։– Առավոտ կանուխ դաշտ ենք գնալու։ Գոցե մի քիչ կարտոֆիլ էլ կարողանանք հավաքել։ Գնա քնիր։

–Ես մի քիչ ուշ կքնեմ,– աշխատելով չհանդիպել մոր հայացքին, ցածր ասաց Մայան ։– Աղջիկների հետ որոշել ենք կրկնել անցածը։ Շուտով կավարտվի պատերազմը, կգնանք սովորելու։ Հարկավոր է պարապել։ Թե չէ ամեն ինչ մոռացել ենք։

Հույսի երջանիկ շողը կրկին վետվետաց մոր հոգում։

Նա գնաց քնելու։

–Նամակ ունես,– շրջվելով ասաց մայրը։– Մոռացա ասել։

–Ի՞նչ նամակ,– աչքերը կկոցեց Մայան։

–Վիտյայից է։ Ցանկապատի մոտ, դդումի չորացած տերևների մեջ ընկած էր։ Մեր գնալուց հետո է երևի եկել։ Գուցե և առաջ է եղել՝ չենք տեսել։ Պատուհանի վրա է, վերցրու։