Выбрать главу

Մայան արագ գտավ նամակը, բաց արեց։ Սիրտը, չգիտես ինչու , անհանգիստ խփում էր։ «Կարելի՞ է․․․Օհո-հո․․․ Չէի՞ր սպասում։ Ես եմ՝ Վիտյան,– կարդաց Մայան ժպտալով։– Ինչպիսի երջանկություն՝ կարելի է խոսել քեզ հետ։ Թեկուզ հեռվից, նամակով։ Ինչպիսի երջանկություն՝ ես շարունակ մտածում եմ քո մասին, – շարունակեց Մայան, դանդաղորեն նստելով սեղանի մոտ։– Ես մտածում եմ քո մասին, ես կենդանի եմ դեռ։ Եվ քեզնից ոչինչ չեմ պահանջում՝ ոչ հավատարմություն, ոչ սեր։ Ես շատ եմ մտածել։ Ես գիտեմ՝ դու ինձ չես սիրում։ Ոչ թե, որ ես վատն եմ։ Այլ որովհետև դու ուրիշի ես սիրում։ Իսկ ես․․․ ես կսիրեմ քեզ հավիտյան։ Երջանկություն է ինձ համար սիրել քեզ, երջանկություն է, որ իմ այս բառերը՝ իմ սիրո մասին, կարդալու ես։ Այս ի՜նչ սքանչելի զգացմունք է սերը։ Եվ ի՜նչ ասես, որ չի կարող անել մարդ հանուն սիրո։ Եվ ինչ ասես, որ չի կարող անել սերը մարդու հետ․․․ Ես կռվում եմ արդեն։ Նստած եմ հիմա խրամատում, գրում եմ քեզ։ Իմ դիմաց, մի քանի հարյուր ոտնաքայլ այն կողմ․ Սև ծովն է։ Օրորվում է ծովը, և ալիքները, որ ասես կապույտ ժապավեններ լինեն քո սև մազերին հյուսված, վազում են դեպի ինձ։ Մայա․․․ Սիրտս թրթռում է անունդ արտասանելիս․․․ Ինչպես կուզենիայի՝ դու կարդայիր նամակս, իսկ ես նայեի քեզ հեռվից․․․»

Մայան մինչև վերջ կարդաց նամակը։ Երկար ժամանակ, չգիտես ինչու, տխուր ժպտում էր։ Թուղթ ու թանաք բերեց, թղթեր պատրաստեց՝ թռուցիկների համար, և սկսեց արտագրել։

Դրսում գնալով հալվում էր գիշերը։ Մայան երեսուն թռուցիկ արտագրեց, փաթաթեց ինչ-որ շորի մեջ։ Մատները թմրել էին։ Ձեռքը հոգնել էր։ Նա բարձրացավ տեղից և այդ պահին ինչ-որ ոտնաձայներ լսեց։ Զգույշ ետ տարավ լուսամուտը ծածկող սև շորը, թաքուն նայեց դեպի դուրս։

Տափաստանի վրա ծագել էր կլոր լուսնյակը և դանդաղասահ գնում էր երկնքով։

Մայան հանգցրեց ճրագը, որպեսզի դրսից չնկատեն իրեն։ Ոչ ոք չէր երևում։ Լուսնյակից ծառերը ստվեր էին գցել, երևում էր դատարկ փողոցը։ Նա ուզում էր ծածկել լուսամուտը, երբ հանկարծ տեսավ, թե ինչպես ինչ-որ մեկը՝ մի փոքրիկ տղա, դուրս եկավ դիմացի տան ստվերից և կուզեկուզ վազեց դատարկ փողոցով։ Մայան դեմքը սեղմեց ապակուն։ Տղան վազելով հասավ փողոցի մեջ կանգնած հեռագրասյանը, արագ նայեց այս ու այն կողմ և հապճեպ ինչ-որ թուղթ սկսեց փակցնել այնտեղ։

«Թռուցիկ է»,– վայրկենապես անցավ Մայայի մտքով, և երբ տղան շրջվեց՝ ետ վազելու համար, Մայան լուսնալույսի տակ ճանաչեց նրան, ու քիչ մնաց ճչար ուրախությունից ու զարմանքից։ «Վասյա»,– ինքն իրեն շշնջաց նա՝ խավարի մեջ ժպտալով , և վերցնելով թռուցիկները, կամացուկ , որպեսզի չարթնացնի մորը, դուրս եկավ տնից․․․

Դռան թակոց։ Տոլյա Պոպովը բաց արեց դուռը և ուրախությունից ու զարմանքից ետ-ետ գնաց։ Այնտեղ, աստիճանների վրա, կանգնել էր Վիկտոր Տրետյակևիչը և լայն ժպտում էր։

–Դե ներս արի,– զվարթաձայն ասաց Տոլյան, մի կողմ կանգնելով։– Արի։ Դու այդ ե՞րբ ես եկել։

–Երեկ։– Վիկտորը, շարունակելով ժպտալ, կաղալով ներս մտավ։

–Դա ի՞նչ է, վիրավո՞ր ես,– բռնելով ընկերոջ թևը, հարցրեց Տոլյան, մյուս ձեռքով ծածկելով դուռը։

–Ոչ, սա հենց այնպես, կասկածներ չհարուցելու համար․․․ Դու ինչպե՞ս ես, ի՞նչ նորություններ կան։– Վիկտորը նայեց շուրջը ։– Դո՞ւր են գալիս նոր կարգերը։

–Շատ,– ծիծաղեց Տոլյան։– Դու քո մասին պատմիր․․․

Վիկտորը նստեց փոքրիկ լուսամուտի առջև, թախտին։

Տոլյան գիտեր, որ Վիկտորը, դեռևս ապրիլի սկզբներին, մի քանի անգամ դիմել էր զինկոնիսարիատ՝ իրեն ռազմաճակատ ուղարկելու համար, սակայն նրան մերժել էին։ Հետո լսել էր, որ նա մեկնել է եղբոր մոտ՝ պարտիզանական ջոկատ։ Իսկ թե որտե՞ղ է գտնվում այդ ջոկատը՝ Տոլյան չգիտեր, ինչպես և չգիտեր այն, թե ինչպես էր այժմ Վիկտորն ընկել Պերվոմայկա ։

Տոլյան Վիկտորին ոչինչ չհարցրեց այդ մասին։ «Եթե ինքը չի ասում, ուրեմն այդպես է պետք»,– մտածեց նա։

Բայց Վիկտորն ասես կռահեց նրա միտքը։

–Ինձ ուղարկել են այստեղ՝ գերմանացիների թիկունքում աշխատելու ,– հանգիստ ասաց նա՝ ուշադիր նայելով Տոլյա Պոպովին։

–Իսկ ո՞վ է ուղարկել ,– չհամբերեց Տոլյան։

Վիկտորը Տոլյայի հարցին չպատասխանեց։

–Ինձ թվում է,– շարունակեց նա,– մենք այստեղ անպայման գործ կգտնենք անելու։

–Գործ, իհարկե, կլինի,– անորոշ ասաց Տոլյան, պատուհանից նայելով դուրս։– Բայց գործ էլ կա, գործ էլ։

–Ես ուզում եմ, որ հարմար գործ լինի,– ասաց Վիկտորը խուզարկու նայելով ընկերոջը։ – Որպեսզի, ինչքան հնարավոր է, շատ ֆաշիստներ կոչնչացնենք,– միանգամից ավելացրեց նա։

–Մենք արդեն տղաների հետ պայմանավորվել ենք,– Վիկտորի խոսքերից ոգևորված ասաց Տոլյան ։– Միայն թե չգիտենք, թե կուսշրջկոմից ու կոմերիտշրջկոմից ում են թողել ընդհատակում։ Մենք ամեն ինչ կարող ենք անել, բայց, իհարկե, ավելի լավ կլիներ, որպեսզի որևէ մեկը օգներ մեզ, խորհուրդներ տար․ չէ՞ որ մենք բոլորովին փորձ չունենք այդ գործում։

–Կա մեկը, որը կարող է օգնել ձեզ, – դանդաղ ասաց Վիկտոր Տրետյակևիչը ։

–Ո՞վ է։ Իվան Զեմնուխո՞վը։ Ես նրան գիտեմ, առաջ նա ավագ ջոկատավար էր մեր դպրոցում։