Выбрать главу

–Մենք արդեն զբաղվում ենք այդ գործով։

–Ովքե՞ր՝ մենք։

–Ես և Տոլյա Պոպովը ,– ասաց Բորյան ։– Այստեղ, Պերվոմայկայում է գտնվում Նիկոլայ Չեռնյավսկին ․․․ Վիտյա Տրետյակևիչը անձամբ գիտի նրան․․․ Նա մեզ կօգնի ․․․ Մենք իրավունք չունենք հապաղելու,– գլուխն օրորեց Բորյան։– Աչքովս եմ տեսել, թե ինչեր են անում ֆաշիստ մարդակերները,– շարունակեց նա հուզմունքով ։– Ոչնչացնում են ինչ պատահում է, այրում են․․․ Ամենուրեք մեր մարդկանց կոտորում են։ Ձեռքներից բռնող չկա՝ ինչ ուզում, անում են, ում ուզում՝՝ կախում կամ գնդակահարում են։ Քաղաքային այգում վաթսունյոթ հոգու կենդանի թաղել են, գիտե՞ս։

–Գիտեմ,– արտասանեց Մայան, հառաչանքով։ Մեր դասարանցի Վիկտոր Պետրովի հայրն էլ նրանց հետ էր։ Նրանց բոլորին ողջ-ողջ լցրել են փոսի մեջ, ծածկել հողով։

–Մինչև լույս, ասում են, այնտեղից ձայներ էին գալիս։ Սակայն ոչ ոք չէր համարձակվում մոտենալ․ գերմանացիները շրջապատել էին այգին․․․

Առջևում, ծառերի ետևում, երևաց Մայայենց տունը։

–Մայրիկը չի քնել դեռ ,– ասաց Մայան, նայելով տան կողմը։– Դե, ես գնամ։ Բարի գիշեր։

–Բարի գիշեր,– ժպտաց Բորյան։– Մինչև լույս մտածելու եմ քո մասին։

–Պետք չէ․․․ Դու ավելի կարևոր գործեր ունես, որոնց մասին պիտի մտածել ,– ժպտաց նա,– այլ ոչ թե իմ։

–Մեկը մյուսին չի խանգարում։ Ընդհակառակը՝ օգնում է։

Մայան մեկնեց ձեռքը։

–Մինչև վաղը։– Մայան չէր ուզում ձեռքը ետ քաշել։– Քեզ հետ չեմ զգում, որ պատերազմ է,– անսպասելի ավելացրեց նա։– Որ ամենուր գերմանացիներ են։ Դե գնա, բարի գիշեր։

–Ոչ, Մայա ․․․ կաց, մի րոպե էլ սպասիր։ Մեր անջատման օրերին ես այնքան եմ երազել այս օրը․․․ ու հիմա չեմ հավատում, թե իրոք քեզ մոտ եմ։ Վաղը կգաս Ուլյայի մոտ։ Սպասելու եմ։ Գալո՞ւ ես․․․

–Գալու եմ։– Մայան նայում էր Բորյային, ուզում էր հեռանալ, բայց կախարդվածի պես նայում էր, չր կարողանում հեռանալ, հետո քնքուշ-քնքուշ շշնջաց․

–Գնա, Բորկա, ես նույնպես մտածելու եմ քո մասին, չեմ քնելու․․․ Ես միշտ մտածել եմ քո մասին ․․․ Դե, բարի գիշեր։

–Ի՞նչ է, ես քնելո՞ւ եմ գնում , որ բարի գիշեր ես մաղթում ինձ ,– ժպտաց Բորյան, քնքշորեն բռնելով Մայայի արմունկը։

–Իսկ ո՞ւր ես գմում,– Մայան սպասողական նայեց Բորյային ։

–Ես քնելու չեմ գնում։ Հենց որ լուսնյակը մայր մտնի, կհավաքվենք հեղեղատի մոտ,– շարունակեց Բորյան։– Տղաների հետ տեղ պիտի գնանք։ Գուցե այս գիշեր բոլորովին չքնենք էլ։

Մայան գորովանքով, հպարտությամբ նայեց Բորյային, մտքում վճռելով, որ ինքը ևս չի քնի, կարտագրի սովինֆորմբյուրոյի վերջին հաղորդագրությունն այն մասին, որ ֆաշիստներին չի հաջողվել անցնել Վոլգան, Ստալինգրադը գտնվում է մերոնց ձեռքին։ Թող մարդիկ իմանան ճշմարտությունը։

–Ես նույնպես չեմ քնի,– հանկարծակի ասաց Մայան, շրջվելով Բորյայի կողմն ու ուղիղ նայելով նրա աչքերին։– Ես մինչև լույս թռուցիկներ եմ գրելու։ Բարի գիշեր ,– արագ վրա բերեց Մայան՝ շփոթվելով ու կարմրելով։– Զգույշ եղեք․․․

Լուսինը գլխի վրա գլորված գնում էր դեպի մայրամուտ, աստղերը շաղ էին գալիս, խառնվում, հետո նորից փայլում իրենց տեղերից, տերևները ծառերի վրա թեթև հովից կամացուկ երգում էին, դանդաղ ընկնում ծառերից, և Բորիսին թվում էր՝ երազում է տեսնում այս բոլորը․․․

Մայան բաց արեց բակի մեծ դռնակը, վազելով գնաց։ Նրա անուշ բույրը դեռ կանգնած էր օդում։

Բորյան երկար ժամանակ կանգնած էր փողոցում, մթան մեջ, և նայում էր Մայայի ետևից։

Մայրը ինչ-որ բան էր ասեղնագործում։

–Չե՞ս քնելու դեռ,– մի բան ասաց լինելու համար հարցրեց Մայան։– Ինչո՞ւ չես քնել մամ։

Քեզ էի սպասում։ Աննա Փեհլիվանովան մի կողմ դրեց ձեռքի գործը։– Ինչո՞ւ այսքան ուշացար։

–Դաշտում կրկին խլեցին մեր հավաքած հասկը։ Հետո եկանք Ալեքսանդրա Եմելյանովնայի մոտ, երաժշտություն էինք լսում։ Բոլոր աղջիկները կային։

–Տղաներ չկայի՞ն,– խորամանկ ժպտալով հարցրեց Աննան։

–Մեկը կար,– աչքերը մանրացնելով ասաց Մայան ։– Քնած մի տղա էր։

Մայրը երկար նայում էր նրան ու սիրտ չէր անում հանդիմանական որևէ խոսք ասել ուշացման համար։ Միայն ասաց․

–Այդքան մի ուշանա։ Հազար ու մի բան եմ մտածում։ Գնա քնիր, ուշ է արդեն։

–Մի քիչ պարապեմ, հետո։ Դե գնա քնիր, մամ, ինձ մի սպասիր։