–Համաձայն ենք,– արտասանեց Մայան։– Ի միջի այլոց, պտք է ասել, որ գործին այդպիսի լուրջ մոտեցումը ինձ շատ է դուր գալիս։
–Եթե ուզում ենք, որ լուրջ մարդիկ գործ ունենան մեզ հետ, պետք է ինքներս լրջորեն վերաբերվենք գործին,– տեղից բարձրանալով ասաց Վիկտորը ։– Ամենից գլխավորը՝ գաղտնապահություն։ Սա շատ կարևոր է։ Դե, բարի գիշեր, մինչև նոր հանդիպում։
Տոլյան դուրս եկավ Ուլյային ու Մայային ճանապարհելու։
–Մենք արդեն գործում ենք, Ուլկա,– դրսում ընկերուհուն սեղմվելով շշնջաց Մայան։– Ինչպիսի երջանկություն՝ մենք արդեն գործում ենք․․․
Ներքևում, Կամենկայի կողմերում, խավար անտառներում կանչում էին գիշերահավերը։
Ալեքսանդրա Եմելյանովնան պատշգամբում, թախտի վրա նստած էր, երկար քայլելուց ոտքերը ուռած էին դեռ․ չէր կարողանում շարժվել։ Երբ աղջիկները ներս մտան, նա ուրախ-ուրախ բացականչեց․ Օ՜, այս ինչ լավ է, որ եկաք։– Նա կիասբարձրացավ թախտից, ժպտադեմ նայեց աղջիկներին՝ իր նախկին աշակերտուհիներին։– Այս որտե՞ղ եք, անխիղճ անաստվածներ։
–Առավոտյա՞ն չէիք մոտդ, Սաշենկա,– ժպտաց Մայան։
–Օկուպացիայի մեկ ժամը տարի է թվում, Մայա ,– արտաբերեց Ալեքսանդրա Եմելյանովնան, խեղճացած նայելով Մայային ։
–Սրանից հետո շաբաթը մի անգամ ենք գալու,– ասաց Մայան, բայց հետո զգաց, որ իր սիրելի Սաշենկան պիտի տխրի, ավելացրեց․-Խոսք ենք տալիս այսուհետև հանգիստ չտալ քեզ։ Ո՞ւր է պատեֆոնը, մի բան լսենք։
Ձայնապանակը դանդաղ պտտվեց՝ սենյակը լցնելով տխրածոր երգով։ Մայան մեքենայորեն վերցրեց Ալեքսանդրա Եմելյանովնայի օրագիրը, բաց արեց պատահած էջը․ «Քեզ, տետր իմ, կուզենայի վստահել ես ամեն ինչ․․․ Դու անշունչ ես ու լուռ․ իմ բարեկամն ես դու։ Ես շատ անգամ եմ խոսում քեզ հետ, խոստովանում եմ սակայն, որ այնքան էլ անկեղծ չեմ եղել քեզ հետ․․․ Դու աչքեր չունես, դու չես լսում ․․․ թե չէ շատ բան կտեսնեիր դու, շատ բան կլսեիր․․․ Ես շատ կուզենայի պատմել քեզ այն բոլորի մասին, ինչ եղավ երկու օր առաջ, պատմել այն երեկոյի մասին, որ չի մոռացվի երբեք, այն գիշերվա մասին․․․ Քեզ կուզենայի պատմել ինձ խորապես հուզող որոշ բաների մասին․․․ Մենք խոստացել էինք գրել ճշմարտությունը․․․ Որքան երջանկություն կար այդ գիշերվա մեջ, որքան մտքեր եկան- անցան անընդհատ հոսանքով, լցրին մարմնիս ամեն մի բջիջը, ինչպես վառ եմ պատկերացնում ես զրուցակիցներիս ոգեշնչված դեմքերը․․․» Մայան մի երկու էջ թերթեց, նորից սկսեց կարդալ․ «Օգոստոս, ախ, գոնե անձրև գար։ Այս ու այն կողմ եմ ընկնում, մի գործ չեմ գտնում, որ կատարեմ։ Մի՞թե ամեն ինչ կորած է․․․ Ախ, եթե հնարավոր լիներ ոչինչ չմտածել։ Կուզենայի պատկերել գոնե մեկ օրն իմ այս կյանքի, բայց օրերն իրար նման են, նրանց տարբերությունն աննկատելի․․․ Ստիպված եմ մահճակալին ընկած՝ երազներով մխիթարվել։ Նրանք ինձ տանում են մոռացության աշխարհը ․․․ Ի՞նչ դժվար ժամանակ է․․․»։ Մայան կրկին մի քանի էջ թերթեց, նորից կարդաց․ «Մայայի գալը կենդանացնում է իմ խուցը։ Ես ինքս էլ կյանք եմ առնում։ Մայան լեռնային հորձանուտ գետակ է․ նա ասես հոգնել չգիտի։ Նա մշտապես շարժուն է․ շարունակ հնչում է նրա ձայնը, շառագունում են նրա նուրբ վարդագույն այտիկերը, փայլում էին նրա աչիկները․․․»։ Չշարունակեց կարդալ, ծալեց օրագիրը, նայեց Ալեքսանդրային։ Ալեքսանդրա Եմելյանովնան ասես նոր միայն նկատեց օրագիրը, արագ վերցրեց Մայայի ձեռքից։
–Կարդալ չի կարելի,– շշնջաց նա՝ շառագունած ժպտալով ընկերուհուն։ Իսկ սկավառակը դանդաղ պտտվում էր։ Դանդաղ ծորում էր երգը։ Անցած օրերի մասին տխուր երգում էր պատեֆոնը․
Տխուր իմ երգով ես չեմ արթնացնի
Իմ գեղեցկուհուն, թող քաղցր քնի․․․
Հետո խոսեցին սովինֆորմբյուրոյի վերջին հաղորդագրություններից, Գրինյովից, որին տղաները դաշտի մեջ, ծառից կախել էին, իսկ կրծքին կպցրել էին մի գրություն այն մասին, որ բոլոր դավաճանները կստանան իրենց պատիժը։ Հետո խոսեցին վերջին թռուցիկներից, և Ալեքսանդրա Եմելյանովնան, հանկարծ ինչ-որ բան հիշելով, ասաց․
–Տոլյա Պոպովն էր այստեղ։ Ասում է նոր ռադիոընդունիչ են հավաքել, ամեն գիշեր Մոսկվան լսում են։
–Ճի՞շտ,– Մայայի սև աչքերը փայլեցին ուրախությունից։
–Այո։ Քիչ հետո կգան։ Ոնց էլ մոռացել էի,– ասաց Ալեքսանդրա Եմելյանովնան։– Բորյան էլ հետն էր, քեզ էր ուզում տեսնել։
–Ի՞նձ,– շփոթվեց Մայան ։– Ի՞նչ էր ասում։
–Չգիտեմ ,– իբր անտարբեր՝ անհոգ արտասանեց Ալեքսանդրան, հետո զգաց, որ Մայային անհարմար վիճակի մեջ դրեց, խոսքը փոխեց։– Կարծեմ հիվանդ էր։
–Հիվա՞նդ,– վախեցած ու զարմանքով ասաց Մայան ,– ի՞նչ է պատահել․․․ Ես տեսա, բոլորովին հիվանդ չէր։