–Մինչև կես գիշեր ի՞նչ էիր գրում,– առավոտյան հարցրեց մայրը։– Մի քանի անգամ արթնացա, գրում էիր։
–Չէ՞ որ ասել եմ․․․ պարապում եմ,– խուսափողաբար ասաց Մայան, իսկ հետո փոխեց խոսքը․– Մերոնք գրավել են Նովոշախտինսկը։ Ֆաշիստները կորած են։
–Իսկ որտեղի՞ց գիտես,– արագ հարցրեց Աննան՝ անկարող թաքցնելու հրճվանքը․ նրա դենքը բերկրանք էր արտահայտում։– Նշանակում է, ուրեմն, որ մերոնք մոտենում են․․․ Այսօր ավանում բոլորն այդ մասին էին խոսում․․․ Ուրեմն դա ճի՞շտ է․․․– Իհարկե ճիշտ է․․․
Մայր ու աղջիկ նայեցին իրար, ժպտացին։
Մայան սպասում էր նրանց։ Բորյան կրկին մեկնել էր Պոպովկա՝ իր թաքցրած գնդացիրներից երկուսը բերելու։ Ուր որ է՝ պիտի գար։ Նա ուզում էր տուն մտնել, ինչ-որ մեկը այնտեղ, փողոցում, երկարաձիգ սուլեց։ Մայան նրան սուլոցից ճանաչեց․ Ուլյան էր։ Մայան ձեռքի գիրքը դրեց պատշգամբի բազրիքին, արագ դուրս եկավ։ Մութ էր, բայց Աննան տեսավ, թե ինչպես Մայան դուրս եկավ բակից և, տեսնելով Ուլյային ու Բորյա Գլավանին, ուրախությունից ծափ զարկեց։
–Ե՞րբ է եկել,– հարցրեց Մայան՝ շփոթված նայելով Ուլյային։
–Ո՞վ,– իբր չհասկացավ Ուլյան։
–Այսօր ,– պատասխանեց Բորյան։ Քանի օր է ճանապարհին ենք։ Գիշերը գալիս էինք, ցերեկը՝ թաքնվում։
–Գնդացիրը բերե՞լ եք։
–Այո։ Եվգենի Մաշկովին ասացի, քիչ մնաց ուրախությունից գժվեր։ Սա չորրորդ գնդացիրն է, որ բերում ենք։ Երկուսն առաջ էինք բերել։
–Ես գիտեմ այդ մասին։
–Մաշկովը գովեց։
–Ասա՞ց, որ մեզ մոտ եղել է։
–Ասաց ․․․ Նա Ուլյային սիրահարվել է, գիտե՞ս․․․
–Այո,– հպարտ կանգնեց Ուլյան։– Մինչև ականջները։ Չէ, մինչև ականջների ծայրերը։
Նրանք ցածր ծիծաղեցին։
–Վաղը արի Տոնյայի մոտ,– կամացուկ ասաց Ուլյան։– Վեցի մոտերքը։ Իսկ մինչ այդ պետք է գնալ Իզվարինո։ Կարո՞ղ ես գնալ։
–Իհարկե,– ասաց Մայան ։– Իսկ ի՞նչ կա։
–Հարկավոր է թռուցիկներ տարածել այնտեղ։ Ճանապարհին նույնպես․ եկող-գնացող շատ կա այդ ճանապարհին։ Ահա, կարտագրես։ Սովինֆորմբյուրոյի վերջին հաղորդագրությունն է։
–Շատ լավ։
–Իսկ հիմա աչքերս փակում եմ, ցտեսություն ասա Բորկային։
Մայան ձեռքը մեկնեց Բորյային։
–Աչքերդ մի փակիր,– ասաց նա՝ ժպտահայաց նայելով Ուլյային։– Քեզանից ամաչող չկա։ Բարի գիշեր, Բորյա։– Մայայի մատները սահեցին Բորյայի ափի վրայով։ – Մինչև վաղը,– քնքշաձայն ավելացրեց նա։
–Զգույշ եղիր,– խորհուրդ տվեց Բորյան։– Աշխատիր՝ ոչ ոք չնկատի։
–Եղավ,– ժպտաց Մայան։– Զգույշ կլինեմ։ Մինչև վաղը․․․
Մայան դարպասի մոտ սպասեց մինչև Ուլյան ու Բորյան անհետացան մոտակա տների ետևում, ու նոր գնաց տուն։
Աշխատելով չարթնացնել մորն ու մորքույր Նինային, որ քնած էին սենյակում, Մայան կամացուկ, անձայն մոտեցավ պատշգամբում, լուսամուտի առջև դրված սեղանին,սկսեց արտագրել Ուլյայի տված թռուցիկը։
Ոչ մայրը և ոչ էլ մորաքույրը չգիտեին, իհարկե, որ այդ պահին Մայան թռուցիկներ է արտագրում։
Մայան հաշվեց․ քսան օրինակ։ «Մի երկու հատ էլ արտագրեմ, գնամ քնելու »,– որոշեց նա։ Մատներն արդեն թմրել էին։ Մայան չգիտեր, որ մայրը քնած չէ։ Իսկ նա, իրոք, քնած չէր, քիչ առաջ արթնացել էր ու հիմա քնել չէր կարողանում։ «Ոտքի վրա չորացել է,– մտածում էր նա դստեր մասին։– Օրը մի կտոր չոր հացից բացի ոչինչ չի դնում բերանը»։ Հիշեց Մայային պատերազմից առաջ՝ այնպես ուրախ, թռվռուն։ Աննան չկարողացավ այլևս քնել։ Նա ելավ անկողնուց, դուրս եկավ պատշգամբ․ Մայան պատշգամբում թախտին քնով էր անցել։
Աննան, չգիտես ինչու, մի տեսակ անհանգիստ սրտով մոտեցավ սեղանին, ակամա բաց արեց այնտեղ դրված տետրը և ասես քարացավ․
«Մերոնք գալիս են,– կարդաց Աննան։ Մայայի ձեռագիրն էր։– Մեր զորքերը, դաժան մարտեր մղելով, առաջ են գալիս․․․» Կարդաց Աննա Փահլիվանովան ու հասկացավ։ Ամեն ինչ հասկացավ նա․․․ Ուրեմն Մայան խաբում էր իրեն, ուեմն նա ոչ թե դաս էր վերհիշում, այլ թռուցիկներ էր գրում։ Վախը ընկավ մոր սիրտը։ Երկար մտածեց Աննան, շատ երկար մտածեց։ Բայց չհանդիմանեց աղջկան։ Չէ, չկարողացավ հանդիմանել։
–Քո հայրն էլ կոմերիտական էր,– ասաց նա, երբ Մայան առավոտյան լվացվել, նախաճաշել էր և ինչ-որ տեղ էր ուզում գնալ ․․․– Ես էլ կոմերիտական եմ եղել։ Զգույշ եղիր, աղջիկս։ Դժվար է պայքարի ճանապարհը։ Շատ է դժվար․․․
Մայան իր սև, խոշոր աչքերը հառել էր մորը և հպարտությունից խոսք չէր գտնում ասելու։
Նա մոտեցավ, անխոս սեղմվեց մորը։
–Շնորհակալություն ,– կամացուկ ասաց նա։ Եվ քիչ լռելուց հետո ասաց․ Գնում եմ Իզվարինո, մամ։ Այնտեղ թռուցիկներ պետք է տարածեմ։
–Բայց չէ՞ որ վտանգավոր է,– վերջապես ասաց Աննան մտախոհ։– Չէ՞ որ շատ է վտանգավոր,– ավելացրեց նա։
–Ես իրավունք չունեմ չգնալու, մամ,– հանգիստ ձայնով ասաց Մայան ։– Ես կոմերիտկազմակերպության քարտուղար եմ եղել ․․․ Ես իրավունք չունեմ․․․ Հիշո՞ւմ ես, ամառները բերքահավաքի ժամանակ գնում էինք մոտիկ կոլտնտեսություններին օգնելու ․․․ Առաջինը միշտ ես էի գնում, հիշո՞ւմ ես։ Ուրիշ կերպ հնարավոր էլ չէ։
Աննան լուռ էր։
–Գնա,– ուշացումով ասաց նա՝ երկար նայելով աղջկան։– Թող չարը հեռու լինի քո ճանապարհից։ Գնա․․