Նա այլևս ոչինչ չգտավ ասելու։
Տղաներն արդեն հավաքվել էին ավանային ակումբի բակում։ Այդպես էր որոշումը, հանձնարարությունը կատարելուց հետո երեկոյան հավաքվել ակումբի մոտ։
Դեմյան Ֆոմինը՝ կարճահասակ, տարիքով տղաներից ամենափոքրը, ակումբ եկավ ամենավերջում։ Բորյան սկսել էր անհանգստանալ․ Դեմյանը նրա հնգյակից էր։ Բոլորը միանգամից աշխուժացան, հենց որ փողոցի ծայրին երևաց Դեմյանը։
–Բարով տեսանք, ով քաջն Դիմկա Փոմին,– գոչեց Վասյա Բոնդարևը։
–Ողջույններ բոլորիդ՝ իմ կողմից, Դեմյան Փոմինը սեղմեց տղաների ձեռքերը։– Ի՞նչ նկար է։
– «Վոլգա – Վոլգա »,– պատասխանեց Բորյա Գլավանը ։– Վերջացրի՞ր բոլորը։
–Բոլորը ,– ասաց Դեմյանը՝ ձեռքը տանելով գրպանները։– Այս ոնց է պատահել, մեկը մնացել է,– նա մի թռուցիկ հանեց գրպանից։– Այս ինչպե՞ս է պատահել, որ մնացել է,– նա թոթվեց ուսերը և այդ պահին, նկատելով քիչ հեռվից եկող ոստիկան Սևաստյանովին, ծիծաղեց։– Տալիս եմ Սևաստյանովին, ինչ ուզում է, թող անի։
–Հիմարություններ մի արա, Դիմկա,– ասաց Անատոլի Պոպովը։– Լսո՞ւմ ես, Դիմկա։
–Բայց չէ, Դիմկան չէր լսում։ Նա հանկարծակի նկատեց, որ Սևաստյանովը խմած է և որոշեց նրա մեջքին կպցնել մոռացված թռուցիկը։ Դիմայի աչքերն արդեն փայլում էին խորամանկ ժպիտով։
–Իսկ եթե թռոցիկը կպցնե՞նք Սևաստյանովի մեջքին,– առաջարկեց նա, հայացքը չկտրելով Սևաստյանովից ։
–Ասացինք, որ թող գժություններդ,– բարկացավ Անատոլի Պոպովը ։
–Դիմկա, խելոք մնա,– իր հերթին ասաց Բորյան, միաժամանակ աչքով անելով նրան։
Դեմյանը ինչպես կանգնած էր, այնպես էլ կանգնած մնաց։
Սևաստյանովը եկավ, թեթև օրորվելով անցնում էր տղաների կողքով, Դիմկան մի երկու քայլ առաջ գնաց և ընդգծված քաղաքավարությամբ ասաց․
–Բարև ձեզ, քեռի Տիմոֆեյ, ինչպե՞ս եք։
–Սևաստյանովը կանգ առավ, ուշադիր նայեց Դեմյանին։
–Լավ եմ, բալիկս, մոտ արի, ո՞ւմ տղան ես։
Ֆոմինը արագ մոտեցավ, խոնարհ կանգնեց նրա առջև․ նա ետևում, ձեռքում սեղմած պատրաստ պահում էր թռուցիկը։
–Սոլիկովսկու տղան եմ, քեռի Տիմոֆեյ։
Սոլիկովսկին շրջանային ոստիկանության պետն էր, Դիման գիտեր, ինչ էր անում։
–Օ՜, ես էլ չճանաչեցի,– Սևաստյանովը չէր հասցրել տարածել ձեռքերը, Դիմկան հայտնվեց նրա գրկում, նա ձեռքի թռուցիկը արագ ու աննկատ սոսնձեց Սևաստյանովի մեջքին ու հետ քաշվեց՝ շարունակելով անմեղորեն, քնքշաբար ժպտալ նրան։– Պապան ինչպե՞ս է․․․
–Լավ է քեռի Տիմոֆեյ, շնորհակալություն ․․․
Սևաստյանովը քայլեց դեպի դահլիճ, մի քանի անգամ ետ նայելով ու ժպտալով Դեմյանին։
–Դիմկա, դու իսկական աճպարար ես, – հիացմունքով բացականչեց Տոլյա Պոպովը՝ գրկելով Դեմյանին։
–Զգույշ, Տոլիկ, քո մեջքին էլ թռուցիկ կկպցնի,– ծիծաղեց Բորյան։
–Ափսոս, էլ չունեմ,– ձեռքերը տարածեց Դեմյանը ։– Իմանայի՝ մի հատ էլ կպահեի։
–Տղերք, Սոլիկովսկին,– բացականչեց ինչ-որ մեկը։
–Դիմկա, փախիր, հայրիկդ գալիս է,– կատակեց Բորյան, և բոլորը շրջվեցին դեպի Սադովայա փողոցը, որի ծայրին, իր շքախմբով, երևաց շրջանային ոստիկանության պետ Սոլիկովսկին։
–Հիմա նա մի լավ դաս կտա Սևաստյանովին ,– ծիծաղեց Դեմյանը։
Տղաները գիտեին, որ երբ պետերից որևէ մեկը բացակայում է, Սևաստյանովը իրեն գեներալի նման է պահում։ Նրանք արագ անցան մութ ճեմասրահով, մտան դահլիճ, որտեղ, իրոք, գեներալի պես, փքված շրջում էր Սևաստյանովը՝ չկասկածելով անգամ, որ թիկունքին թռուցիկ կա կպցված։ Բոլորն, իհարկե, տեսնում էին, բայց ոմանք, վախենալով ոստիկանություն ընկնելուց, շրջվում էին, մյուսները ձևացնում էին, թե չեն տեսնում, ոմանք ծիծաղում էին, իսկ Սևաստյանովը շարունակում էր ճեմել դահլիճով մեկ՝ դիտողություն անելով սրան- նրան, հայհոյելով։
Տղաները անհամբեր սպասում էին։ Վերջապես ներս մտավ թանձրամարմին Սոլիկովսկին։ Նկատելով Սևաստյանովին, Սոլիկովսկին մոտ կանչեց նրան։
Սևաստյանովն արագ մոտ եկավ, ձգվեց ու զեկուցեց․
–Պարոն պետ, շարքային Տիմոֆեյ Սևաստյանովը պատիվ ունի զեկուցելու․․․
–Թողնել ,– գոռաց Սոլիկովսկին։ Այդ ի՞նչ է փակցված ձեր մեջքին։
Սևաստյանովը կանգնել էր քարացած ու ապուշ կտրած։
–Ես, պարոն պետ․․․
–Թողնե՛լ,– կրկին գոռաց Սոլիկովսկին և մոտենալով Սևաստյանովին, թունդ հայհոյանքով պոկեց թռուցիկը, հետո շրջվեց իր հետ եկած սպաներից ինչ-որ մեկին հրամայեց․
–Տարեք սրան ոստիկանատուն և ասացեք, որ ես հրամայել եմ փայտի տասնհինգ հարված տալ նրան։
–Առաջ,– իր հերթին հրամայեց սպան, և Սևաստյանովը, դեռևս քար կտրած ու շփոթահար, քայլեց սպայի առջևից։
–Դաժան հայրիկ ունես, Դիմկա,– Դեմյանի ականջին փոփսաց Անատոլի Պոպովը։
Տղաները կամացուկ ծիծաղեցին։
Ակումբից դուրս գալիս, Սևաստյանովը ետ նայեց։
–Դիմկա, քեզ է որոնում,– չկարողանալով պահել ժպիտը, շշնջաց Բորյան։
Դեմյանը ուսով հրեց նրան, ծիծաղեց։
Այն մասին, որ կուսշրջկոմի նախկին հրահանգիչ Եվգենի Մաշկովը որպես դիրեկտոր աշխատանքի է ընդունվել Գորկու անվան ակումբում,– Մայան իմացավ Բորյայից, իսկ Բորյային այդ մասին ասել էր Վիկտոր Տրետյակևիչը։
–Բոլոր նրանց, ովքեր աշխատանքի են ընդունվում ակումբում, Գերմանիա չեն տանում,– ասաց Բորյան։