Выбрать главу

–Իսկ հնարավո՞ր է մերոնցից մի քանիսին տեղավորել այնտեղ,– չգիտես ինչու հանկարծակի իջեցնելով ձայնը, հարցրեց Մայան։

–Իհարկե,– ժպտաց Բորյան։– Մի քանի խմբեր կան՝ դրամատիկական, երգի ու պարի, լարային, կրկեսային։ Հայտարարություն կա ակումբի պատին փակցված՝ ցանկացողները կարող են ընդունվել ուզած խմբակի մեջ։ Բուրգոմիստրն է թույլատրել։

–Հարկավոր է մերոնց իրազեկ դարձնել։

–Ես արդեն ասել եմ ում պետք է։ Հո բոլորին չի կարելի․․․ Միայն մեր մարդկանց,– բազմանշանակալից ավելացրեց Բորյան։– Վիկտոր Տրետյակևիչը նույնպես այնտեղ է, նա լարային նվագախմբի ղեկավարն է, իսկ ակումբի ադմինիստրատորը Վանյա Զեմնուխովն է։

«Նրանք, իհարկե, այնտեղ կզբաղվեն ընդհատակյա գործունեությամբ,– մտածեց Մայան ։– Դա լավ է, կընդունվենք այնտեղ և մեզ Գերմանիա չեն քշի․․․ Դա շատ լավ է»,– Այդպես էր մտածում Մայան, բայց ասաց բոլորովին ուրիշ բան։-Գիտե՞ս, Բորյա, քո հնգյակի այդ Գենադի Պոչեպցովը դուր չի գալիս ինձ։

–Իսկ ինչո՞վ է դա վատ,– ժպտաց Բորյան։– Նույնիսկ լավ է,– շարունակելով ժպտալ, ավելացրեց նա։– Նույնիսկ շատ է լավ։ Դա ինձ անչափ ուրախացնում է։

–Ինչո՞ւ,– զարմանքով հարցրեց Մայան։

–Որովհետև ինձնից բացի քեզ ոչ ոք դուր չի գալիս։

–Խելառ,– մտերմաբար հպվելով Բորյային ասաց նա, բայց իսկույն էլ լրջացավ։– Ես այդ մտքով չեմ ասում, հառաչեց նա։– Գիտե՞ս․․․ նա մի քիչ վտանգավոր է երևում․․․ նա չի՞ մատնի մեզ, մեր ընդհատակյա խումբը ․․․– միանգամից ասաց Մայան։

–Ոչ, չի մատնի,– գլուխն արագ շարժեց Բորյան։– Չի կարող պատահել․ չէ՞ որ նա կոմերիտական է։

–Այո, բայց նա նույնպես կորցրել էր տոմսը․․․ երբ գերմանացիները մոտ էին արդեն և ուր որ է պիտի մտնեին Վորոշիլովգրադի մարզ։

–Ինչո՞ւ ես կարծում, թե նա դիտմամբ էր կորցրել։

–Չգիտեմ ։– Մայան թոթվեց ուսերը։– Համենայն դեպս հարկավոր է զգույշ մնալ։

–Նա արդեն ամեն ինչ գիտի։ Խմբի բոլոր տղաներին ու աղջիկներին ճանաչում է․․․ բայց անհոգ մնա, նա չի մատնի։

Եվ հանկարծ Բորյան հիշեց, թե ինչպես մի անգամ Գենադի Պոչեպցովը իր երեսին ասաց․ «Հարկավոր է միշտ ընտրել ոսկե միջինը»։ Այն ժամանակ ինքը ոչ մի նշանակություն չտվեց նրա ասածներին, բայց հիմա, Մայայի խոսքերից հետո, սկսեց մտածել ու մի տեսակ վախեցավ։ Ընտրել ոսկե միջինը ․․․ այսինքն խուսափել ծայրահեղություններից ․․․ մի՞թե կարող է մատնել ․․․ Հնարավոր է․․․ Ի՞նչ անել․․․ Նա ամեն ինչ գիտի․․․ Հեռացնել խմբից նույնպես անկարելի է ․․․ նա, իրոք, կարող է գնալ ու մատնել։

–Այո, հարկավոր էր զգույշ լինել մարդկանց ընտրության հարցում,– վերջապես խոսեց Բորյան ։– Մենք մի քիչ շտապեցինք․․․

–Այ, օրինակ, մենք Զինա Վիրիկովային չընդունեցինք մեր խմբի մեջ,– ասաց Մայան, նայելով Բորյային ։– Նա նույնպես կասկածելի անձնավորություն է․․․ Նրան վստահել չի կարելի։ Պոչեպցովի նկատմամբ ևս զգույշ պետք է լինել։

–Ոչինչ, զգույշ կլինենք,– որոշակի լռությունից հետո խոսեց Բորյան։– Մենք նրան կհետևենք։

Այդ նույն օրվա երեկոյան Բորյան, Անատոլի Պոպովը, Վիտոր Պետրովը, Դեմյան Ֆոմինն ու մյուս տղաները կանգնել էին Գորկու անվան ակումբի բակում և սպասում էին Եվգենի Մաշկովին։

Մաշկովն ուշ եկավ։ Նա, առանց ուշադրություն դարձնելու տղաների վրա, անցավ նրանց կողքով, մտավ ակումբ։

Անատոլի Պոպովը ու Բորյա Գլավանը նրա ետևից մտան դահլիճ, իսկ մյուս տղաները մնացին բակում։ «Ինչպե՞ս սկսել և առհասարակ ինչի՞ց սկսել, որպեսզի նա վստահի իրենց»,– մտածում էին տղաները։ Իրենք նրա մասին որոշ բան գիտեին, իհարկե, իսկ նա իրենց՝ տղաների մասին՝ ոչինչ։ Հենց միանգամից ասե՞լ նրան, որ կոմերիտականներ են, եկել են կապ հաստատելու նրա հետ։ Պատմե՞լ այն մասին, որ իրենք ընդհատակյա խումբ են կազմել և պայքարում են զավթիչների դեմ․․․ Իսկ եթե չհավատա՞․․․

Մաշկովն այստեղ, ակումբում նույնպես ոչ մի ուշադրություն չդարձրեց տղաների վրա։

–Բարև ձեզ,-առաջ գալով անհամարձակ ասաց Անատոլին։

–Բարև ձեզ,– իբր նոր միայն նկատելով տղաներին, Մաշկովը շրջվեց նրանց կողմը։– Ի՞նչ եք ուզում։

–Ուզում ենք աշխատանքի տեղավորվել,– համարյա միասին պատասխանեցին Բորյան ու Անատոլի Պոպովը։

–Մենք հայտարարություն ենք տվել, ճիշտ է, անցեք մի երկու օրից ․․․

Մաշկովն ուզում էր գնալ դեպի բեմ, բայց Տոլյայի հարցը կանգնեցրեց նրան․

–Մեզ ուրիշ աշխատանք է հետաքրքրում։

–Ի՞նչ աշխատանք․․․ Երևի չեք ուզում գնալ Գերմանիա։ Հավանաբար, լսել եք, որ ովքեր աշխատանքի են ընդունվում ակումբում, նրան Գերմանիա չեն տանում, իսկույն վազել-եկել եք ․․․

–Մենք ոչինչ էլ չենք լսել,– կտրուկ ասաց Բորյան։

Մաշկովը ձևացրեց, թե չլսեց տղայի ասածը, դանդաղ շրջվեց և դահլիճից բեմ ելնող աստիճաններով բարձրացավ բեմ, քայլեց դեպի բեմի խորքը։

Տղաները գնացին նրա ետևից։ Մաշկովը քայլում էր բեմի երկարությամբ՝ բարձրաձայն մտորելով․

–Այստեղ կտեղավորվեն նվագախմբի տղաները ․․․ Վարագույրը հարկավոր է փոխել․․․

Նա դարձյալ ոչ մի ուշադրություն չէր դարձնում տղաների վրա, իսկ տղաները չէին էլ մտածում թողնել –հեռանալ, նրանք համառորեն սպասում էին։