–Մենք այստեղից չենք հեռանա, մինչև չբավարարեք մեր խնդիրը։
Մաշկովը դանդաղ շրջվեց նրանց կողմը և ասաց․
–Եկեք իմ ետևից։– Նա մտավ բեմին կից ինչ-որ սենյակ, նստեց սեղանի մոտ։ – Նստեք։
Տղաները տեղավորվեցին բազմոցին, սպասելով Մաշկովի հարցին։ Իսկ հարցը չուշացավ։-Ինչպիսի՞ աշխատանք եք ուզում,– հարցրեց Մաշկովը՝ ծխախոտ վառելով։
–Այնպիսի աշխատանք, որ մերոնք շուտ վերադառնան,– միանգամից ասաց Անատոլին, անթարթ նայելով Մաշկովին։
–Իսկ ո՞վ եք դուք։
–Մենք կոմերիտականներ ենք ․․․– երկչոտ ասաց Տոլյան։
–Հետո՞ ինչ ․․․
–Մենք կոմերիտականներ ենք,– այս անգամ ասաց Բորյան ։– Պերվոմայկայից։ Իսկ դուք կոմունիստ եք․․․ Մենք ձեզ գիտենք․․․
Մաշկովի դեմքը խաղաղվեց։ Դեմքին նկարվեց ժպիտը։ Դա մի մարդու ժպիտ էր, որը շատ լավ գիտեր, թե ովքեր են եկել իր մոտ և ինչ են ուզում։
–Դե լավ, պատմեք տեսնեմ ․․․
Տոլյան ու Բորյան իրար ընդհատելով պատմեցին Պերվոմայկայի տղաների ու աղջիկների մասին, այն մասին, թե ինչպես են թռուցիկներ տարածել, սպանել գերմանացիների կողմից նշանակված պահակին, որը ծաղրուծանակի էր ենթարկում Պերվոմայկայի աղջիկներին՝ շարունակ խլելով նրանց հավաքած հասկը։ Պատմեցին նաև այն մասին, որ դաշտերում վառել են ցորենի մի քանի դեզեր, երկաթգծի տակ ամոնալ դնելով, պայթեցրել են դեպի Ստալինգրադ գնացող գերմանական էշելոնը։
Մաշկովը չէր ընդհատում նրանց։ Իսկ վերջում սկսեց հարցերը՝ ընդհատակյա խմբի գործունեության մասին բոլո՞րը գիտեն արդյոք, ոչ ոք չի մատնի՞, եթե հանկարծ բռնվեն․․․ Կդիմանա՞ն տանջանքներին։
–Ոչ ոք չի մատնի,– արագ վրա բերեց Տոլյա Պոպովը ։– Մենք երդվել ենք․․․
«Իսկ Պոչեպցո՞վը,– մտածեց Բորյան։– Նա չի՞ մատնի արդյոք․․․ Նա կարող է մատնել»,– վախեցած մտածեց նա, սակայն այդ մասին ոչինչ չասաց Մաշկովին։
–Ուրեմն այսպես, ասաց Մաշկովը, դանդաղ ելնելով տեղից ։– Իմ մասին ոչ մի խոսք ձեր տղաներին ․․․ Ամեն ինչ Վիկտոր Տրետյակևիչի միջոցով ․․․ Որպեսզի ոչ ոք չգա ինձ մոտ․․․ Այդպես ավելի լավ է․․․ Ամենից գլխավորը՝ դուք մենակ չեք․․․ Ձեզ կօգնեն ․․․ Շարունակեցեք պայքարել ․․․ Հայրենիքը ձեր կարիքը զգում է ․․․ Գնացեք։ Ես ձեզ չգիտեմ, իսկ դուք՝ ինձ․․․
Երեկոյան Մայան ուշ եկավ տուն։ Մորն ասաց, որ գնացել էր աղջիկների հետ պարապելու, շատ է հոգնել, ու գնաց քնելու։ Սակայն երկար ժամանակ քնել չէր կարողանում։
Կրասնոդոնի ընդհատակյա կազմակերպության շտաբի անդամների հետ ունեցած զրույցը հուզել էր նրան։ Իսկ իրեն, ինչպիսի անմտություն, թվում էր, թե միայն իրենք՝ Պերվոմայկայի կոմերիտականներն են ընդհատակյա խումբ ստեղծել։
Պարզվում է, որ հայրենիքի համար այս ծանր օրերին ընդհատակյա կոմերիտական խմբեր են ստեղծվել նաև հարևան խուտորներում ու ստանիցաներում։ Բոլոր կոմերիտականները պայքարի են ելել ընդդեմ թշնամու ․․․«Մահը պայքարում ավելի լավ է, քան ստրուկի կյանքը»,– շշնջաց Մայան և խավարի մեջ շողացին նրա աչքերը։ Նա հիշեց նաև Օլեգ Կոշեվոյի խոսքերը․ «Որպես Կրասնոդոնի ընդհատակյա կոմերիտական կազմակերպության կոմիսար,– ասաց նա, փոխնիփոխ նայելով իրեն ու Ուլյային ,– կազմակերպության, շտաբի անդամների և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ Պերվոմայկայի կոմերիտականներիդ ․․․ Դուք ազնվաբար ու քաջաբար եք կռվում գերմանացիների դեմ…– Օլեգը ժպտաց։– Ես համոզված եմ, որ առիթ կունենամ կրկին անգամ շնորհակալություն հայտնելու ձեզ…»
Մայան իր առջև ասես նորից տեսավ Վանյա Զեմնուխովին, որը շարունակ կկոցում էր աչքերը, ժպտահայաց Լյուբա Շևցովային, տեսավ ու Վիկտոր Տրետյակևիչին, որը մերթ ընդ մերթ նայում էր Մայային և, արագ փախցնելով հայացքը, ժպտում։ Բոլորին տեսնում էր ասես և նրանց մտովի ասում․ «Ոչինչ, դուք առիթներ շատ կունենաք դեռ Պերվոմայկայի կոմերիտականներին շնորհակալություն ասելու․․․ Մենք դեռ շատ բան կանենք․․․ Մենք ձեռքներս ծալած չենք նստի, մենք կգործենք»
Ե՞րբ էր քնով անցել՝ ինքն էլ չգիտեր, արթնացավ ինչ-որ ձայներից։ Փողոցից աղջկական մի ձայն կանչում էր նրան։
Եվ մինչև Մայան կելներ տեղից, մինչև կհագնվեր՝ փողոց ելնելու համար, վազեվազ բակ մտավ Ուլյան։ Գիշերը ձյուն էր տեղացել։ Աշնանային երկար ցրտերից հետո՝ առաջին ձյունը։ Ճերմակ ձյան վրա խոր ոտնահետքեր թողնելով, Ուլյան վազեց բակի երկարությամբ, թմփթմփացնելով բարձրացավ փայտե աստիճաններով։
–Մայա, մի րոպեով դուրս արի,– ներս ընկնելով՝ հուզված ասաց նա։– Դուրս եկ, տես ում են տանում։
–Ո՞ւմ են տանում,– դեռևս ոչինչ չհասկանալով հարցրեց Մայան, անշտապ ելնելով տեղից։
–Ձեր տանն ապրող սպային։ Վլադիմիր Բեսսոնովին ․․․
–Ո՞վ է տանում,– ո՞ւր է,– մյուս սենյակից ելնելով հարցրեց Աննա Փեհլիվանովան, – ո՞ւր է։
–Գերիների հետ տանում են,– շրջվելով Աննա Փեհլիվանովայի կողմը պատասխանեց Ուլյան։– Ուտելու որևէ բան վերցրու տանք նրանց։ Շատ են նրանք։ Շուտ արա․․․
–Իսկ որտե՞ղ են հիմա։
–Բազարնայա հրապարակի մոտ տեսա։ Նրանց քշում էին դեպի Կրասնոդոն կամ Վորոշիլովգրադ։ Երևի համակենտրոնացման ճամբար են տանում։ Հարկավոր է շտապել։