–Տանն ինչքան հաց կա՝ տար,– արագ ասաց Աննա Փեհլիվանովան ։– Մենք մի կերպ կդիմանանք։ Տար։– Նա տան ամբողջ հացը հանեց, դրեց սեղանին։
Երկու րոպե չանցած, աղջիկներն արդեն ձյան միջով վազում էին դեպի Կրասնոդոն գնացող խճուղին։
Առջևում երևաց ռազմագերիների շարասյունը։ Իսկ շարասյան գլխին՝ մի սայլակառք, որտեղ նստած գերմանացի սպան ուշադիր նայում էր գերիների կողմը, մեկ-մեկ բարձրաձայն հրամաններ տալիս ուղեկցող պահակներին։
Աղջիկները կանգ առան և լուռ նայեցին շարասյան կողմը։
Գերիները կիսամերկ, հյուծված ու հոգնատանջ, հազիվ էին հասցնում քայլել սայլակառքի ետևից։ Ֆաշիստական ուղեկցորդ պահակները աղաղակով ու հարվածներով քշում էին նրանց ձյան միջով։
Գերիները քայլում էին ճանապարհով ու ճանապարհից դուրս՝ տափաստանի միջով, շրջապատված գերմանացիներով, տեղական ոստիկաններով ու շներով։ Պերվոմայկայի երեխաները հացի կտորներ էին շպրտում նրանց, կանայք՝ արտասուքն աչքերին, քայլում էին հետևից, հայհոյում, անիծում գերմանացիներին, երբեմն խնդրում, աղաչում էին՝ թույլ տալ ուտելիք հանձնել գերիներին։ Փաշիստները հրացանի կոթով հրում էին կանանց, երեխաներին ու ծերերունիներին, հայհոյում էին․
–Ռուիխ, շվայնե ․․․Լռել, խոզեր ․․․
Սակայն կանայք շարունակում էին քայլել, խնդրել։
Մայան Վլադիմիր Իգնատևիչին տեսավ դեռ հեռվից։
–Ահա նա,– ասաց նա Ուլյային, իսկ մտքում ասաց․ «Տեսնո՞ւմ եք, լեյտենանտ, նորից հանդիպեցինք։ Եվ սա, իրոք, գուցե և վերջին հանդիպումն է»։
–Վերցրու ինքդ հանձնիր հացը, Ուլյա, ես չեմ կարող,– ասաց Մայան՝ աչքը չկտրելով շարքի մեջ քայլող Վլադիմիր Իգնատևիչից։– Նա անհարմար կզգա։
–Չեն թողնում,– նայելով գերմանացիների կողմը, հուզված ասաց Ուլյան։– Տեսնո՞ւմ ես ինչպես են քշում մերոնց։ Բայց ես կհանձնեմ։
Ուլյան արագ գնաց շարքի կողքից։ «Վոլոդյա»,– կանչեց նա։ Շարքում ետ նայեցին, և հենց այդ պահին Ուլյան շպրտեց հացի կապոցը։ Միանգամից մի քանի ձեռքեր օրորվեցին օդում, իրարանցում ընկավ։
–Ցրվել, ցրվել,– գոռացին ուղեկցորդ պահակները օդում կրակելով։– Ցրվել։ Շվայնե, շվայնե․․․
Պահակներից մի քանի հոգի վազելով մոտեցան, սկսեցին հրացանի կոթերով խփել գերիներին, որոնք հրմշտելով իրար, շարունակում էին հացի կտորներ փնտրել տասնյակ ոտքերի տակ կոխկրտված ձյան մեջ։
Ֆաշիստական զինվորը, բռնելով հրացանի փողից, թափ առնելով հրացանի ծանր կոթն իջեցրեց գետնին խոնարհված գերիների վրա։
Գերիները լուռ փախան իրենց տեղերը։ Իսկ երկուսը մնացին պառկած այնտեղ, ձյունածածկ ճանապարհին։
Գերիները առաջ շարժվեցին, իսկ այնտեղ, ուր քիչ առաջ խմբվել էին նրանք, գետնին, արյան մեջ անշարժ պառկել էին դեռ այն երկուսը։ Նրանցից մեկը Վլադիմիր Իգնատևիչն էր։
–Այս ի՞նչ արեցի, այս ի՞նչ արեցի,– լաց եղավ Ուլյան, վազելով դեպի Մայան։– Նրանց սպանեցին, Մայա, դահիճները նրանց սպանեցին։
Մայան, անուժ որևէ բան ասելու, ընկավ Ուլյայի գիրկը և գլուխը նրա կրծքին սեղմած, լուռ հեկեկաց։
Գերիների շարասյունը դանդաղ քայլում էր տափաստանի միջով։
Օրն անցավ ծանր։ Մինչև ուշ երեկո ձյուն էր տեղում։ Մայան փակվել էր տանը, շարունակ քայլում էր տանը, շարունակ քայլում էր սենյակում , մտածում։ Գոնե մայրը տանը լիներ․ նա առավոտ շուտ գնացել էր Սամսոնովկա, քրոջ մոտ՝ ուտելու որևէ բան բերելու, և մինչև հիմա չկար։ Մայան մի անգամ էլ մոտեցավ լուսամուտին․ այնտեղ, փողցում դեռ շարունակում էր տեղալ ձյունը։ Նա նորից հիշեց այն բոլորը, ինչ տեղի ունեցավ առավոտյան, հիշեց, թե ինչպես տղաները ձեռքի փոքրիկ սայլակով տարան Վլադիմիր Իգնատևիչին ու մյուս սպանված գերուն․․․ Տղաները նրանց տանում էին թաղելու ավանի հանգստարանում, իսկ ինքը կանգնել էր անշարժ՝ հենված Ուլյայի ուսին, և անձայն լալիս էր։ «Մի՞թե նրանք չպիտի ստանան իրենց արժանի պատիժը,– մտածում էր Մայան ,– աստված իմ, մի՞թե պիտի անպատիժ մնան նրանք,– շարունակ կրկնում էր նա, և ինքն իրեն հուսադրում,– կգա, շուտով կգա ահեղ դատաստանի ժամը»։ Իսկ Դեմյան Ֆոմինը, այդ փոքրիկ տղան, որի վրա ինքը ոչ մի ուշադրություն չէր դարձնում պատերազմից առաջ, պարզվում է, քաջ տղա է։ Նա կանգնել էր իր մոտ և շարունակ կրկնում էր․․․ «Մի վշտանա, Մայա, մենք այդ պահակներին մի լավ դաս կտանք»։ Եվ ինչ՝ տաս-տասնհինգ րոպե առաջ նա վազեվազ մտավ բակ, փայտե աստիճանների վրայով, ինչպես առավոտյան Ուլյան, ցատկելով մի ակնթարթում հայտնվեց դռների մեջ։
–Նրանց չեն տարել, Մայա ,– հևասպառ ասաց նա վազելուց շնչհեղձվելով։– Նրանց թողել են այստեղ, Պերվոմայկայում ․․․ Մենք տղաներով ուզում էինք շրջապատել նրանց տափաստանում, բայց նրանց Կրասնոդոն չտարան և ոչ էլ Վորոշիլովգրադ տարան ․․․ Նրանք տեղավորել են Պերվոմայկայի հիվանդանոցում, և մենք պետք է ազատենք նրանց ․․․
–Ինչպե՞ս,– ընկճված ձայնով կամացուկ հարցրեց Մայան։
–Այո,– արագ գլխով արեց Դեմյանը։– Նրանց այս գիշեր կպահեն այստեղ, և մենք կազատենք նրանց։ Արդեն որոշված է․․․
«Բայց նրանց մեջ չի լինի Վլադիմիր Իգնատևիչը,– անձկությամբ մտածեց Մայան։– Որովհետև նա այլևս չկա, նրան սպանեցին»։
–Դե, ես գնամ,– թույլ ժպտաց Դեմյանը։– Դու մի մտածիր, Մայա․․․ Ես վաղը քեզ կպատմեմ բոլորը։