–Ոչ, ես էլ եմ գալիս,-հանկարծ վճռական ասաց Մայան։– Մենք կշեղենք պահակների ուշադրությունը։
Դեմյանը քիչ մտածեց։
–Ես իրավունք չունեի ասելու,– ասաց Դեմյանը ուշացումով։– Կիմանան, որ ես եմ ասել քեզ։
–Ոչինչ ․․․ դու անհոգ մնա,– հանգստացրեց Մայան։– Ճանապարհին Ուլյային էլ վերցնենք։
Ուլյան տանը մենակ չէր։ Այնտեղ էին նաև Բորյան, Տոլյա Պոպովն ու Վիկտոր Տրետյակևիչը։
Երբ Մայան ներս մտավ, բոլորը միանգամից շրջվեցին նրա կողմը, մեղավոր ժպտացին։
–Բարի երեկո,– ասաց նա առաջ գալով ։– Այս ի՞նչ եք անում։
–Մենք նոր ուզում էինք գալ քեզ մոտ, Մայա,– բոլորի փոխարեն ասաց Ուլյան, նայելով տղաներին։
Դեմյանը անշարժ կանգնել էր դռների մոտ։ Եվ ինչո՞ւ չէիք գալիս,– հարցրեց Մայան, Ուլյայի պես նայելով տղաներին։
–Որովհետև դու այսօր անտրամադիր էիր ,– անհամարձակ սկսեց Տոլյան ։– Մենք չէինք ուզում անհանգստացնել քեզ։
–Այո,– կամացուկ արտաբերեց Բորյան։
–Մենք ուզում էինք գալ քո ետևից, ազնիվ խոսք,– ասաց Ուլյան՝ փայլուն, թախծանուշ աչքերով նայելով Մայային։
–Մենք այսօր կարևոր հանձնարարություն ունենք, Մայա, վերջապես խոսեց Վիկտոր Տրետյակևիչը որոշ լռությունից հետո ։– Մեզ հրամայված է ազատել Պերվոմայկայի հիվանդանոցի շենքում տեղավորված սովետական քսանմեկ ռազմագերիներին․․․ Մենք պարտավոր ենք ինչ էլ որ լինի,– Վիկտորը մի կարճ ակնթարթ նայեց բոլորին,– ինչ էլ որ լինի կատարել հրամանը․․․ Մենք պիտի գայինք քո մոտ, Մայա ․․․ Մենք հենց նոր ուզում էինք գալ քեզ մոտ։
Բոլորը թեթևացած շունչ քաշեցինք։
–Այսօր գերիների մի մասը տարել են Կրասնոդոն, մի մասը՝ Իզվարինո, Վոդյանոյե և Վոլչանսկի, իսկ մի մասն էլ տեղավորել են մեզ մոտ՝ Պերվոմայկայում ,– նորից խոսեց Վիկտոր Տրետյակևիչը ։– Գերմանացիները կատաղած են Ստալինգրադի մոտ կրած պարտության համար,– հանկարծ ասաց նա ջերմագին։
Այդ խոսքերի վրա Մայան ժպտաց, և այդ ժպիտը միանգամից փոխեց բոլորի տրամադրությունը։
–Դիմկան կմտնի գերիների մոտ,– շարունակեց Վիկտորն արդեն աշխույժ տոնով։
Մայան զարմանքով նայեց Դեմյանին։
–Այո, այո, գերիների մոտ, գլխով արեց Վիկտորը։– Նա գիտի նրանց մոտ մտնելու հնարը․․․ Նա նրանց արդեն նախազգուշացրել է՝ պատրաստ լինել։
–Մի՞թե,– բացականչեց Մայան՝ երջանիկ աչքերով դիտելով Դեմյանին։
–Չէ՞ որ իմ մայրն այնտեղ, հիվանդանոցում էր աշխատում, տնտեսվար էր,– կարմրելով ասաց Ֆոմինը ։– Ես այնտեղ շատ եմ եղել․․․ Այնտեղ հիվանդանոցի ետևի կողմից դուռ կա, բանալին ինձ մոտ է․․․– Դեմյանը գրպանից հանեց, հպարտությամբ ցույց տվեց բանալին, կրկին դրեց գրպանը։– Մենք գերիներին կազատենք, իսկ պահակների՞ն ․․․
–Նույնպես կազատենք,– ասաց Անատոլին։
–Այսինքն կվերցնենք նրանց,– գլխի թեթև շարժումով ասաց Ֆոմինը, և տղաներն ու աղջիկները, նայելով նրան, ակամա ծիծաղեցին։
Միայն Բորյան էր, որ չժպտաց անգամ։
Նա, հայացքը գետնին, խստաձայն ասաց․
–Այսօրվա դեպքը մենք մինչև մահ չպետք է մոռանանք։
–Դե լավ, գնացինք, խոսակցության նյութը փոխելու համար առաջարկեց Վիկտոր Տրետյակևիչը ։– Աղջիկները կգնան առանձին։ Գնացինք։ Հաջողություն եմ մաղթում։ Ես գնում եմ Կրասնոդոն՝ շտաբին զեկուցելու մեր զրույցի մասին։
Փողոցի ծայրին տղաներին սպասում էր Վիկտոր Պետրովը։
Մայան ու Ուլյան ժամապահներին նկատեցին հեռվից։ «Համարձակ գնա»,– շշնջաց Մայան։ «Իսկ եթե վախենո՞ւմ եմ»,– նույնպես շշուկով ասաց Ուլյան՝ աչքը չկտրելով հիվանդանոցի մուտքից, որտեղ առաջ ու ետ էին քայլում ժամապահները։ Նրանք երկուսով էին։ «Իսկ դու մի վախենա»,– նորից շշնջաց Մայան։ «Դա այնքան էլ հեշտ չէ»,– կրկին շշուկով ասաց Ուլյան։
Ժամապահներից մեկը, առանց հրացանն իջեցնելու, կանգ առավ, նայեց աղջիկների կողմը։
–Մի տես ինչ փերիներ են գալիս մեզ մոտ,– ասաց ժամապահներից մեկը՝ իջեցնելով հրացանը։
–Բարև ձեզ,– հասնելով նրանց, զրնգուն ձայնով ասաց Մայան։– Ճի՞շտ է, որ ձեզ մոտ գերիներ կան։
–Ճիշտ է,– աշխուժացան պահակները, և նրանց առոգանությունից աղջիկները հասկացան, որ ժամապահները գերմանացիներ չեն։
–Իսկ մեր Պերվոմայկայից մարդ չկա՞ այնտեղ ,– քնքշաձայն ասաց Ուլյան, ժպտլով ժամապահներին։
–Ասենք թե կա,– նույնպես ժպտալով ասաց ժամապահներից մեկը՝ մեջքով հենվելով հիվանդանոցի պատին։
–Իսկ երկա՞ր եք պահելու նրանց այստեղ։
–Մինչև վաղը։
–Իսկ վա՞ղը։
–Վաղը գուցե տանեն Վորոշիլովգրադ։ Իսկ այնտեղից ,– ձեռքով անորոշ շարժումներ արեց, որից դժվար էր կռահել՝ նրանց այնտեղից կտանեն Գերմանիա՞, թե պարզապես կգնդակահարեն։
–Իսկ եթե գերիներից որևէ մեկը դուր գա մեզ, բա՞ց չեք թողնի տանենք մեզ մոտ,– աչքերը խորամանկ խաղով ժպտաց Ուլյան։
– Եթե գերիներից մեկը դուր գա ձեզ, մենք նրան կուղարկենք այն աշխարհը ,– ասաց ժամապահներից մեկը՝ նայելով Ուլյային։ – Որովհետև մենք՝ ռումիններս, խանդոտ ժողովուրդ ենք։
–Թե գերմանացիների՞ց եք վախենում։
–Մենք նրանցից վախենում էինք․․․– ժամապահը նայեց շուրջը, կամացուկ ձայնով ավելացրեց։– Մինչև Ստալինգրադի մոտ եղած մարտերը վախենում էինք, իսկ հիմա ․․․ պարզապես դաշնակից տերության մարտիկներ ենք, ուրիշ ոչինչ․․․