Выбрать главу

–Մենք այստեղ կսպասենք ,– ասաց Բորյան նայելով Անգելինային, իսկ դու գնա ընկերուհուդ կանչիր․․․

–Հիմա,– արագ վրա բերեց Անգելինան և անարգելք ձուլվեց մթությանը։

Մնում էր, որ Բորյան ևս կարողանար ազատվել այս պատմությունից։ Զինվորներին զվարճացնելով դատարկ պատմություններով, նա նրանց տարավ մոտակա տան մոտ, ասաց․

–Այն մոմենտ,– և բացելով բակ մտնող դռնակը, ներս մտավ։

Գերմանացիները, հավանորեն, մտածեցին, որ տղան գնաց աղջիկներին շտապեցնելու։ Իսկ Բորյան, ներս մտնելով բակ, արագ վազեց դեպի դիմացի ցանկապատը և անցնելով այն, կորավ տների արանքում։

Առավոտյան Անգելինան պատմում էր Մայային։

–Ահա այստեղ էր, Մայա, Բորային աստված ուղարկեց․․․ Մենք գալիս էինք Տոնյա Իվանիխինայի հետ, նրա գրպանում թռուցիկներ կային դեռ, ինձ մոտ էլ կային, բայց ինձ մոտ քիչ էր, և ահա, ասես գետնի տակից հայտնվեցին, առջևում երկու գերմանացի երևացին։ Մութ էր թեկուզ, բայց ես նրանց համազգեստից ճանաչեցի։ Նրանք մեզ հրամայեցին կանգնել, ես թռուցիկները տվեցի Տոնյային, «փախիր» ասացի, իսկ ինքս ընդառաջ գնացի գերմանացիներին ։– Անգելինան խոր շունչ քաշեց, շարունակեց։– Չգիտեմ ինչ կլիներ, եթե Բորյան հրաշքով չհայտնվեր, մինչև կյանքիս վերջը չեմ մոռանա նրան, Մայա, նրան կարող էին սպանել, պատկերացնո՞ւմ ես․․․

Արևոտ օր էր, ձյունը շողում էր կուրաչուցիչ փայլով։ Զրուցելով նրանք հասան հեղեղատ, իսկ քիչ անց նրանք արդեն թակում էին Ալեքսանդրա Եմելյանովնայի դուռը։

–Ներս մտեք,– բացելով դուռը ժպտադեմ ասաց Ալեքսանդրա Եմելյանովնայի մայրը՝ Աննա Եգորովնան։– Մտեք, մտեք․․․

–Տա՞նը չէ Ալեքսանդրա Եմելյանովնան,– հարցրեց Մայան՝ Անգլինայի հետ բարձրանալով պատշգամբ։

–Տանն է, անցեք․․․ Աղջիկներն էլ այնտեղ են․․․

Փոքրիկ սենյակում, աղջիկներին հավաքած գլխին, ինչ-որ բան էր կարդում Ալեքսանդրա Եմելյանովնան։

Տեսնելով Մայային ու Անգելինային, նա փակեց ձեռքի տետրը, մի կողմ դրեց և ընդոստ քայլերով գնաց նրանց ընդառաջ։

–Իմ անուշիկ Մայա,– գորովագին շշնջաց նա, ուժով զսպելով իրեն, որ չարտասվի։ Բայց դա նրան չհաջողվեց․ նրա աչքերը լցվեցին։

–Օյ, օյ, օյ,– ծիծաղեց Ուլյան և արտասանեց այն բանաստեղծությունը, որ Ալեքսանդրա Եմելյանովնան նվիրել էր Մայային և որը անգիր գիտեին բոլոր աղջիկները․

Մենք գիտենք, ճանաչում ենք նրան,

Համեստ ու խոհուն մեր ընկերուհուն,

Սիրուն աչքերով գեղեցիկ աղջկան,

Ուշիմ ու խելահաս կոմերիտուհուն․․․

-Օյ, ինչքան նախանձկոտն ես, Ուլյաշա,– ծիծաղկուն աչքերով ժպտաց Մայան։

Աղջիկերը նույնպես ծիծաղեցին, իսկ Ալեքսանդրա Եմելյանովնան, Մայային սեղմված եկավ, քնքշորեն նստեցրեց նրան թախտի ծայրին, իր կողքին։

–Այս ի՞նչ եք կարդում,– հետաքրքրվեց Մայան, շեղակի նայելով սեղանին ընկած տետրը։– Ալեքսանդրա Եմելյանովնայի օրագիրն է,– արտասանեց նա թեթև ժպիտով․․․– Ի միջի այլոց, օրագիրը ընդհանուր ընթերցանության համար չէ։

–Իսկ դա ոչ թե օրագիր է, այլ պատերազմական տարեգրություն,– նկատեց Ուլյան։

–Որ այդպես է,– հանդիսավորությամբ շեշտելով բառերը ասաց Մայան,– թող Ալեքսանդրա Եմելյանովնան օրագրում գրի նաև այն մասին, որ երեկ գիշեր մերոնք գրավել են Լիխայան․․․

–Ճի՞շտ․․․

–Որտեղի՞ց իմացար։

–Ինչպիսի ուրախություն, աստված իմ․․․

–Ֆաշիստները կորած են․․․

Իրար ընդհատելով խոսում էին աղջիկները, և նրանց աչքերը շողարձակում էին երջանկությունից, նրանց ձայնը դողում էր հուզմունքից։

–Սովինֆորմբյուրոյի հաղորդագրությունն է,– ասաց Մայան, նայելով աղջիկերին ։– Վիկտոր Տրետյակևիչը բերեց լուրը։ Նիկոլայ Չեռնյավսկին բերեց լուրը։ Նիկոլայ Չեռնյավսկին է հաղորդել նրան․․․ Տղաները նույնպես լսել են երևի․ նրանք ռադիոընդունիչ ունեն։

–Հարկավոր է թռուցիկներ գրել և շտապ տարածել ավանում,– ասաց Ուլյան ոգևորված։-Թող մարդիկ իմանան, որ մոտ է փրկությունը։

–Յուրաքանչյուրս քսան օրինակ,– ավելացրեց Մայան, թուղթ ու մատիտ վերցնելով։– Իսկ երեկոյան կգնանք վիրակապման նյութեր հավաքելու։

–Իսկ, գիտե՞ք, տղաներն ինչ են որոշել, իր հերթին ասաց Անգելինա Սամոշինան, գեղեցիկ աչքերը հառելով աղջիկներին։– Նրանք որոշել են Կրասնոդոնի կոմերիտականների հետ միասին հարձակվել գերմանական կայազորի վրա և Կրասնոդոնը վերցնել իրենց ձեռքը։

–Այ դա արդեն գործ է,– ոգևորված ասաց Սաշա Բոնդարևան։

Բոլորը, թուղթ ու մատիտ վերցնելով, սկսեցին թռուցիկներ գրել։

Տղաները լուռ պառկել էին սառած ձյան վրա և անթարթափ նայում էին առաջ, դեպի կամրջակը։ Քամին տափաստանի վրա պատում էր ձյունափոշին, ոռնում։ Առաջին անգամ չէին նրանք դուրս եկել առաջադրանք կատարելու, շատ անգամ էր պատահել, որ ահա այսպես պառկեն թփուտների ետևում և սպասեն մինչև բլրակի ետևից դուրս կգա ապրանքատար գնացքը, կամ էլ գերմանական մարդատար ավտոմեքենան՝ բարձրաստիճան սպաներով։ Շատ էր պատահել, տղաները սովոր էին դրան․ նրանց վրա ցուրտն ու սառնամանիքը չէր ազդում։ Բորյան ետ նայեց․ այստեղից, տափաստանի խորքից, չէր երևում Պերվոմայկան։ Առավոտյան պետք է հանդիպեր Մայային, չստացվեց։ «Ի՞նչ է անում տեսնես,– մտածեց նա Մայայի մասին։ Եվ ասես վաղուց, շատ վաղուց չէր տեսել նրան, կարոտից նվաղեց սիրտը։– Ոչինչ, վաղը կհանդիպենք ,– հուսադրեց նա ինքն իրեն։– Վաղը երեկոյան կհանդիպենք Ալեքսանդրա Եմելյանովնայի մոտ»։ Հեռվում խուլ հռնդյուն լսվեց։ Բորյան սեղմվեց գետնին։ «Մեքենա է»,– մտածեց նա ու սիրտը սկսեց արագ խփել։ Քիչ այն կողմ, նույնպես գետնին կպած, սպասում էին Տոլյա Պոպովը, Դեմյան Ֆոմինը, Վիկտոր Պոպովը, Վասյա Բոնդարևն ու մյուս տղաները։ Տոլյան կամացուկ սուլեց։ Ուրեմն ճիշտ էր ինքը․ մեքենա է գալիս։ «Սա այսօրվա մեր վերջին առաջադրանքն է»,– մտածեց Բորյան։ Երեկ երեկոյան նրանք հավաքվել էին Վիկտոր Պետրովի մոտ՝ խորհրդակցության։ Այնտեղ էին նաև Կրասնոդոնի «Երիտասարդ գվարդիա» կազմակերպության կոմիսար Օլեգ Կոշեվոյը, շտաբի անդամներ Իվան Զեմնուխովը ու Վիկտոր Տրետյակևիչը ։ Աղջիկներից ներկա էին Մայան և Ուլյան։ Որոշվեց առաջիկա երկու օրվա անելիքները․ առաջին՝ թռուցիկներ փակցնել Պերվոմայկայում, երկրորդ՝ արտագրել ընկեր Ստալինի ճառը՝ յուրաքանչյուրը քսան-երեսուն թռուցիկ, երրորդ ՝ կարմիր դրոշներ ամրացնել Պերվոմայկայի բարձր շենքերի կտուրներին և չորրորդ՝ նվերներ ուղարկել կարմիրբանակայինների այն ընտանիքներին, որոնք կարիքի մեջ են․․․