–Էյ, սպասեք,– հանկարծ, ասես գետնի տակից, լսվեց մեկի ձայնը։
Տղաները միանգամից կանգ առան՝ չհասկանալով, թե որտեղից եկավ այդ տարօրինակ ձայնը։
–Իսկ ո՞ւր է Դիմկան,– մի տեսակ վախեցած, հարցրեց Վասյա Բոնդարևը։
Տղաները կրկին վազեցին բեռնատարի կողմը, լսվեց մի խուլ կրակոց և մեքենայի թափքից ներքև ցատկեց Դեմյան Ֆոմինը։
–Այնտեղ գերմանացի կար,– շտապելուց շնչահեղձվելով ասաց նա՝ վազելով տղաներին ընդառաջ,– ես նրան վերջին րոպեին նկատեցի․․․ թաքնվել էր․․․
Անատոլին բարեհոգի ժպտաց և արագ մոտեցավ Դեմյան Ֆոմինին, գրկեց նրան։
Գիշերվա կեսն էր։ Սարսափահար ճիչով Մայան նստեց անկողնում՝ դեռևս չհասկանալով՝ երազո՞ւմ է, թե՞ արթմնի։
–Ի՞նչ պատահեց, ի՞նչ պատահեց,– վախեցած տեղից շպրտվեց Աննան և, խփվելով ինչ-որ առարկաների, հասավ աղջկան,– ի՞նչ պատահեց, Մայա,– հևասպառ շշնջաց նա,– ի՞նչ պատահեց քեզ, ասա․․․
–Երազ տեսա, մամ,– դեռևս սարսափահար դողալով ասաց Մայան, սեղմվելով մորը,– շատ վատ երազ տեսա․․․ Իբր ինձ գցել են մի խոր փոսի մեջ․․․ Ինչքան նայում եմ՝ երկինքը չի երևում, և օդ էլ չկա․․․ Եվ հանկարծ տեսա, թե ինչպես երկու օձ սողալով մոտենում են ինձ․․․ Եվ այդտեղ էլ վեր թռա վախից․․․
–Ես էլ ասեմ ինչ է պատահել ,– կեղծ ծիծաղով ասաց Աննան և լուսամուտի գոգից վերցնելով լամպը, դողացող մատներով վառեց։– Դու, պարզվում է, վախկոտ ես․․․
–Ախր, շատ էր սարսափելի, մամ,– փորձեց ժպտալ Մայան։
–Հանգստացիր․․․ Ես էլ ասեմ ինչ է պատահել,– մայրը նույնպես փորձեց ժպտալ, փորձեց անտարբեր երևալ, – Մենք միասին կքնենք, որպեսզի դու այլևս ոչ մի վատ երազ չտեսնես, լա՞վ։
–Լավ,– շշնջաց Մայան, գլուխը դնելով մոր ուսին։
Դա մի քանի օր առաջ էր, բայց Աննա Փեհլիվանովան մոռանալ չէր կարողանում․ նա այդ օրը նույնպես, չգիտես ինչու, անտրամադիր էր, տխուր։ Նա շարունակ մտածում էր դստեր մասին, այն մասին, որ նա գիշերները ուշ է գալիս տուն, իսկ երբեմն էլ մինչև լույս թռուցիկներ է գրում։ Նա վախենում էր, որ Մայան, ինպես և նրա դպրոցական ընկերները կարող են իրենց վրա գրավել գերմանացիների ուշադրությունը։ «Դու զգույշ չես, աղջիկս,– մտովի ասաց Աննա Փեհլիվանովան, գրասեղանի վրայից վերցնելով օրագիրը։– Եթե գերմանացիները կամ էլ նրանց գործակալները հանկարծ գային խուզարկության ու սեղանի վրա գտնեին օրագիրդ, ի՞նչ կանեիր այն ժամանակ ․․․» Մայրը թերթեց աղջկա վերջին գրառումները․ «25 նոյեմբերի 1942 թ․։ Չորեքշաբթի։ Ժամանակ չկա երկար օրագիր գրելու։ Հինգերորդ ամիսն է օկուպացման ենք ենթարկված անիծյալ գերմանացիների կողմից։ Ծանր ժամանակներ են։ Եվ եթե կա մի բան, որ մեզ պահում է այս օրերին, դա պայքարն է՝ ընդդեմ թշնամու, և բարեկամությունը։ Առանց բարեկամության անհնարին է․․․ Անհնարին է առանց Ալեքսանդրա Եմելյանովնայի, առանց Ուլյայի, առանց Բորյայի ․․․ Մեզ՝ կոմերիտականներիս, ստիպում են ամեն օր ներկայանալ ոստիկանություն։ Ասում են, որ շուտով բոլորիս կքշեն Գերմանիա ․․․ Բայց ոչ, չի լինի դա, չի լինի․․․ Կարդացի «Քաղաք և տափաստան» գիրքը։ Տխուր է։ Իսկ աշխատանքի գնալ պետք է․․․ եթե չես ուզում, որ քեզ քշեն Գերմանիա ․․․ Երեկոյան եկավ Բորյան։ Աղջիկերը գնացել էին ոստիկանություն։ Այնտեղից ուղիղ եկան ինձ մոտ։ Բորյան շուտ գնաց (գործով) ․․․
26 նոյեմբերի 42 թ․։ Հինգշաբթի։ Եղա հիվանդանոցում։ Սերգեյ Նիկոլաևիչը հիվանդության թուղթ տվեց մինչև 30-ը։ Ախ, ի՜նչ դանդաղ է անցնում գերմանական ժամանակը։
Մ․
27 նոյեմբերի 42 թ․։ Ուրբաթ։ Ճաշից հետո եկավ Բորկան։ Ինչ լավ է երկուսով․․․ Բայց ավա՜ղ, նա շուտ գնաց այսօր․․․ Նա պետք է շտապ գնար Նիկոլայ Չեռնյավսկու մոտ․․․
Այսօր մեր տուն եկավ հարևանուհին և ասաց, որ Սորոկինայում շատ գերմանացիներ կան, նրանք նահանջում են դեպի Վորոշիլովգրադ ․․․ Ինչպիսի երջանկություն, աստված իմ․․․ նրանք ամենուր նահանջում են։ Կործանիչները հազվադեպ են երևում, իսկ նրանք ստից հաչում են ինչպես շներ․․․
Մ․
29 նոյեմբերի 42 թ․։ Կիրակի։ Հանկարծակի մեր տուն եկավ հարևանուհին՝ Օլգա Դմիտրիևնան, և ուրախ լուր հաղորդեց․ «Խճուղով նահանջում են գերմանացիները »։ Մայրիկը գլխաշորը գցեց ուսերին, արագ դուրս եկավ։
Ես էլ վազեցի դուրս։ Իրոք, նրանք գնում էին դեպի արևմուտք, դեպի իրենց ձմեռային տաքուկ տները։
Մ․
30 նոյեմբերի 42 թ․։ Երկուշաբթի։ Ուլյայի հետ գնացինք հիվանդանոց։ Վաղը աշխատանքի եմ։ Այնպես չեմ ուզում գնալ աշխատանքի․․․ Երկար սպասեցի Բորյային, իսկ նա չկար ու չկար․․․ Ես արդեն սկսել էի անհանգստալ՝ վախենալով, որ բռնել են նրան, բայց նա շուտով եկավ։ Եվ իսկույն էլ գնաց ․․․ Հետո եկան աղջիկները՝ Լիլիան, Տոնյան, Նինա Գերասիմովան, Նինա Մինաևան, Անգելինան ու, իհարկե, Ալեքսանդրա Եմելյանովնան ․․․ ռումինացի զինվորներն ու իտալացիները չեն ուզում կռվել, նրանց ստիպում են։
Մայա։
8-ին դեկտեմբերի 42 թ․։ Երեքշաբթի։ Երեկոյան եկան Տոլյան, Ուլյան և Բորյան։ Մենք երկար զրուցեցինք։ Լուսնյակ երեկո էր։ Ձյունը, ինչպես արևից, շողում էր լուսնալույսից․․․ Մերոնք գրոհում են, մոտ է հաղթանակը․․․