Մայա։
19 դեկտեմբերի 42 թ․։ Շաբաթ։ Մայրիկը գնացել է շուկա, իսկ ես նստել եմ օրագիր գրելու։ Ինչպես Կրասնոդոնում, այնպես էլ մեզ մոտ՝ Պերվոմայկայում, նահանջող ռումինացի զինվորականները տնից-տուն անցնելով ՝ ուտելիք են խնդրում։ Նրանք այնպես խեղճ տեսք ունեն հիմա։ Սպաները նրանց շատ են ծեծում։
Գնացինք Գորկու անվան ակումբը։ Այստեղ էին Վիկտոր Տ-ն ու Վանյա Զ-ը։ Երկար խոսում էինք։ Ետ դարձի ճանապարհին հիվանդանոցից դեղորայք վերցրինք։ Պետք է գալու։
Մայա ։
Դեկտեմբերի 20-ին, գիշերվա ժամը 11-ին մայրիկը եկավ աշխատանքից և ասաց, որպեսզի ես դուրս գամ պատշգամբ և լսեմ հրանոթների կրակոցները։ Հինգ րոպեի ընթացքում՝ երկու կրակոց։ Ուրախալի է ու միաժամանակ սոսկալի
Մայա։
22 դեկտեմբերի 42 թ․։ Երեքշաբթի։ Ինչ լավ է։ Այսօր մեր Պերվոմայկայով նահանջում էին ռումինացի զինվորները։ 84 ձիասայլ անցավ, 6 մեքենա և 1 մոտոցիկլետ։ Դա մեզ մոտ։ Իսկ մյուս խուտորներով ու ստանիցաներով գիշեր ու ցերեկ գնում են հա գնում ․․․ Հիվանդանոցում վիրավորներ կան արդեն ․․․
Մայա։
23, 24 դեկտեմբերի։ Չորեքշաբթի, հինգշաբթի։ Նահանջում են ռումինացիները։ Կան նաև գերմանացիներ։ Դժվար է հաշվել։ Երկու ռումինացի եկան մեր տուն և ուտելու ինչ կար՝ տարան․․․ Ազատարարներիս նայեք․․․ Երեկոյան նրանք բոլորը թողեցին մեր Պերվոմայկան։ Գիշերը ռմբակոծում էին, թռուցիկներ գցեցին․․․ Մերոնք գալիս են, մերոնք գալիս են, մերոնք գալիս են․․․» – Աննա Փեհլիվանովան, ասես ինչ-որ մեկը թաքուն նայում էր նրան, վախեցած փակեց օրագիրը՝ հայացքով փնտրելով, թե որտեղ թաքցնի այն։ «Չէ, զգույշ չես, աղջիկս, ասաց նա ինքն իրեն,– ուզած րոպեին կարող են գալ խուզարկելու․․․»
Դրսում ձայներ լսվեցին։ Աննան մոտեցավ պատուհանին, կամացուկ ետ տարավ պատուհանը ծածկող շալի ծայրը։
Դրսում ոչ ոք չէր երևում, և հանկարծ Աննան լսեց, թե ինչպես մեկն այնտեղ, ցախանոցում ասաց․ «Դե գնա։ Ես կսպասեմ մինչև դու գաս»։ «Իսկ եթե չե՞մ ուզում գնալ»,– ասաց աղջկական ձայնը։ Մայայի ձայնն էր, տղան Բորյան էր։ Բորյա Գլավանը։ Իսկ հետո երևացին նրանք՝ ձեռք – ձեռքի։ Աննն չէր ուզում նայել նրանց կողմը, չէր ուզում, բայց, չգիտես ինչու, նայում էր։
Բորյան ձեռքը բարձրացրեց, քսեց Մայայի դեմքին։ Մատները սահեցին դեմքի վրայով, քսվեցին աղջկա կամակոր, այրող շուրթերին։
–Մայա ,– շշուկով ասաց Բորյան՝ աշխարհի ամենաքնքուշ խոսքերը փնտրելով նրա համար։
Մայան նայում էր նրան իր խոշոր, սև աչքերով։
–Մայա, սիրելիս,– նորից շշուկով ասաց Բորյան, և նա ինքն էլ չհասկացավ, թե ինչպես շուրթերը հպվեցին Մայայի շուրթերին։ Մայան հանկարծակի ետ քաշվեց, նայեց Բորյային։ Թվաց շուրթերը այրվեցին նրա ամուր համբույրից։
–Պետք չէ,– արտաբերեց Մայան, դողդոջուն շշուկով։– Հետո, ամեն ինչ հետո ․․․ Իսկ հիմա բարի գիշեր ,– նա առանց ետ նայելու գնաց բակի միջով, վազելով բարձրացավ տան փայտե աստիճաններով։
Քիչ անց, երբ Աննան անցավ պատշգամբ, Մայան կանգնած էր հայելու առաջ․ նրա դեմքը շառագունել, վառվում էր։ Նա ետ շրջվեց և, տեսնելով մորը, շփոթված ասաց․
–Դու այդ որտե՞ղ էիր, մամ,– հարցրեց նա։
–Քնած էի,– ինչքան կարելի է հանգիստ ձայնով պատասխանեց մայրը։– Նոր էի քնել,– իբր անտարբեր՝ ավելացրեց նա։
–Վաղը ինձ շուտ վերկկացնես, լա՞վ, մամա,– ամբողջ իրանով շրջվելով մոր կողմը, ասաց Մայան։
–Ի՞նչ է պատահել։
–Վերկկացնես՝ կասեմ,– խորհրդավոր ժպիտով ասաց Մայան և, մի թեթև ընթրելով, գնաց քնելու։
Եվ, իրոք, մայրը նրան շուտ արթնացրեց։ Արևը նոր-նոր ելնում էր Դոնեցի այն կողմից։
–Կախե՞լ են,– տեղից արագ ելնելով հարցրեց Մայան։
–Ի՞նչը,– չհասկացավ մայրը։
–Դրոշները։ Կարմիր դրոշները կախե՞լ են։
–Ոչ,– ուշացումով, կամացուկ արտասանեց Աննան ուշադիր նայելով աղջկան։
–Չի կարող պատահել,– ներքնաշորով վազելով դեպի լուսամուտը, վճռական ասաց Մայան։– Չի կարող պատահել,– արդեն զրնգուն ձայնով ասաց Մայան, գրկելով մոր ուսերն ու նրան մոտեցնելով լուսամուտին․ Գորկու անվան ակումբի վրա բարձր փողփողում էր սովետական դրոշը։
Մայայի աչքերը վառվում էին ուրախությունից։
–Բորյան ու Տոլիկն են կախել,– հպարտությամբ շշնջաց նա, կրկին սեղմվելով մորը։– Դե թող ֆաշիստները պայթեն։ Կրասնոդոնում էլ հիմա փողփողում են մեր դրոշները։ Ամենաբարձր շենքերի վրա։ Իսկ Դիմկա Ֆոմինի խումբը, գիտե՞ս, մամ, որտեղ է որոշել ամրացնել դրոշը․ ոստիկանության շենքի վրա։ Ուխ, մամ, չես կարող պատկերացնել, պայթելու են ֆրիցները։
Աննան լուռ էր։ Հպարտությունից ուռչում էր նրա կուրծքը, սակայն, մտածելով այն մասին, որ Մայան ու իր ընկերները կարող են ընկել գերմանացիների ձեռքը, նա ասես քարանում էր։ Ուզում էր հեռու վանել իրենից տխուր մտքերը, չէր ստացվում։ Նա ինքն իրեն շշնջում էր․ «Միայն շուտ գային մերոնք․․․ Շուտ գային, քանի փորձանք չի եկել նրանց գլխին․․․»