Выбрать главу

Անհանգիստ էր մոր սիրտը։

Այդ օրը Պերվոմայկայում մարդիկ թաքուն շնորհավորում էին իրար․ բոլորի խոսակցության նյութը պարտիզաններն էին։ Ասում էին, որ գիշերվա կեսին պարտիզանները եկել, կարմիր դրոշներ են ամրացրել բարձր շենքերի վրա, հեռացել։ Մարդկանց տրամադությունը արտակարգ բարձր էր։ Մինչև ուշ երեկո Գորկու անվան ակումբի վրա փողփողում էր դրոշը։ Վախենում էին հանել, դրոշի տակ Բորյան գրել էր․ «Զգույշ, ականապատված է»։

Աղջիկներն ու տղաները արդեն ոչինչ չէին թաքցնում Աննա Փեհլիվանովայից․ գիտեին, որ նա ամեն ինչ գիտի․ վստահում էին։

–Շուտով մեծ նորություն է լինելու,– ցրտաշունչ մի իրիկուն ասաց Ուլյա Գրոմովան, և աղջիկները ժպտադեմ նայեցին Աննա Փեհլիվանովային ։– Մեծ, վիթխարի նորություն ,– ավելացրեց Ուլյան ։– Հրդեհ այսինքն․․․

–Ի՞նչ հրդեհ,– ուսերը թոթվեց Աննան։

–Հազար հինգ հարյուր աղջիկ ու տղա, դա գիտե՞ք ինչ է նշանակում,– ասաց Ուլյան՝ սպասողական նայելով Աննա Փեհլիվանովային․ Աննան ոչինչ չէր հասկանում։

–Բոլորին բժշկական ստուգման էին ենթարկել,– բացատրեց Մայան, նայելով մորը։– Բոլոր փաստաթղթերը պատրաստել էին։ Պետք է քշեին Գերմանիա՝ տաժնակիր աշխատանքի։

–Դա սարսափելի է,– մտահոգ ասաց Աննան։– Սարսափելի է։

–Կքշեն ,– բազմախորհուրդ նետեց Ուլյան, հետո քմծիծաղով ավելացրեց,– որ կարողանան՝ կքշեն․․․

–Ինչպես կովերը քշեցին,– ասաց Շուրա Բոնդարևան։

–Ի՞նչ կովեր,– կրկին ոչինչ չհասկացավ Աննան։

–Գերմանացիները հինգ հարյուր կով էին հավաքել մոտակա գյուղերի բնակչությունից և տանում էին Գերմանիա ,– ասաց Մայան ։– Տղաները Դոլժանկա կայարանի մոտ սպանեցին գերմանացիների պահակներին և անասունները քշեցին գյուղերը։

–Իսկ ցորենի դեզե՞րը, որ այրեցինք, կամո՞ւրջը,– ոգևորված ավելացրեց Ուլյան։

–Կամուրջ էլ ենք պայթեցրել ,– հպարտությամբ նայելով մորը, ասաց Մայան։– Գերմանական օբեր լեյտենանտի հետ․․․ Գերմանացիները ուղղակի շշմել էին ․․․ Նրանք, իհարկե, չգիտեին, որ այդ բոլորը մենք ենք անում՝ «Երիտասարդ գվարդիա» ընդհատակյա կազմակերպության անդամները․․․ գերմանացիներին թվում է, թե պարտիզաններն են գիշերները գալիս․․․

–Իսկ գիտե՞ք, որ Մաշկովը մեր տղաների հետ այս գիշեր Վոլչանսկի խուտորի մոտ գտնվող ռազմագերիների ճամբարից յոթանասուն գերի է ազատել,– ուրախությունից փայլող աչքերը շողացնելով, ասաց Մայան։– Ուղղակի հրաշք տղա է այդ Մաշկովը։ Եվ քաջ, և խելոք։

–Դրա համար էլ կուսակցությունը նրան թողել է ընդհատակում։ Այլապես չէր թողնի,– արագ վրա բերեց Ուլյան և ավելացրեց ․– Իսկ դու որտեղի՞ց իմացար այդ գերիների մասին։

–Բորկան պատմեց,– երկչոտ ասաց Մայան և նայեց մորը։

–Ի՞նչ ես ծածկում, ժպտաց Ուլյան։– Ամբողջ աշխարհը գիտի քո և Բորկայի մասին։

Աննան ժպտաց։

Նրանք աշխույժ զրուցում էին, երբ լաց լինելով ներս մտավ Վերա Պոկրովինան։

–Ի՞նչ է պատահել,– համարյա միասին հարցրին աղջիկները ։

–Եղբայրս սպանվել է,– լացի միջից ասաց Վերան և ընկավ Մայայի գիրկը։– Վերջին նամակում քեզնից էր հարցնում, Մայա․․․ Եղբայրս, եղբայրս չկա, Մայա․․․

Մայայի աչքերը լցվեցին։ Բոլորը լուռ էին։ Մայան հազիվ էր զսպում իրեն, որ լաց չլինի։ Իսկ երբ աղջիկները գնացին, Մայան, այլևս անուժ իրեն զսպելու, նստեց թախտին և երկար ժամանակ նրա այտերն ի վար հոսում էին արցունքները։

Մայան անհանգիստ քայլում էր սեյակում, ստեպ-ստեպ նայում լուսամուտից։ Եվ հանկարծ այնտեղ, Կրասնոդոնի վրա, երկինքը միանգամից կարմրեց։ Հրդեհի ցոլքերից երկինքը մեկ մուգ գույն էր ստանում, մեկ՝ իջնում էր կրակը և երկինքը մի քանի վայրկյան մթնում էր։

Փողոցից ձայներ լսվեցին։

–Հրդեհ է։

–Ինչ-որ բան է վառվում այնտեղ։

–Երևի դա էլ պարտիզանների գործն է։

Մայան արագ ելավ փողոց։ Եվ այդ պահին էր հենց, կանացի մի ձայն ասաց ․

–Դոնէներգոյի շենքն է վառվում։

–Ոչ, բորսան է,– հաստատուն ասաց Մայան։

Մի քանիսը նայեցին Մայայի կողմը։

–Ինչո՞ւ ես կարծում, որ բորսան է, -հարցրեց հարևաններից մեկը։

Մայան իսկույն ճանաչեց Զինա Վերիկովայի մոր ձայնը։

–Ուրիշ ի՞նչ կարող է վառվել, եթե ոչ բորսան ,– խուսափողաբար ասաց նա։

Իսկ տանը, ուրախությունից փայլող աչքերով, մորն ասաց․

–Դե թող հիմա տղաներին ու աղջիկներին տանեն Գերմանիա։ Բոլոր փաստաթղթերը վառվեցին․․․

-Այդ ո՞ւր ես գնում, Մայա,– հանկարծակի հարցրեց մայրը։– Մութն ընկել է։

–Տեղ եմ գնում, մամ,– դռների մոտ շրջվելով, ասաց Մայան։

–Եվ ինձ չե՞ս ասում․․․ գլուխն օրորեց մայրը։

Մայան լուռ էր։

–Մեզ կարևոր առաջադրանք են տվել,– վերջապես ասաց նա։– Այդպիսի հանձնարարությունը բոլորին չէ, որ տալիս են, մամ։ Նշանակում է այնտեղ, վերևում մեզ հավատում են։ Եվ մենք պետք է արդարացնենք նրանց վստահությունը։ Այսօր ուշ կգամ տուն, չհանգստանաս։

–Լավ, գնա,– տխրությամբ ասաց Աննան, հայացքը գետնին։– Զգույշ եղեք․․․

Մինչև լույս դրսում աղմկում էր բքաշունչ քամին, խավարի մեջ շարունակ օրորվում էին ծառերը։ Ասես մարդիկ էին՝ ծածուկ մոտենում էին լուսամուտներին, ետ քաշվում։