Выбрать главу

Առավոտյան դեմ հանդարտեց բուքը․ խաղաղ, ցրտաշունչ առավոտ էր։ Արեգակի ցածր ու ճերմակ սկավառակը ծանր կախվել էր Պերվոմայկայի վրա, և ամենուր՝ փողոցներում, ծառերի, տների տանիքների ու հեռու, կոնաձև տերրիկոնների վրա կուրացնելու աստիճան սուր շողարձակում էր ձյունը։

Բորյան քայլում էր ձյան միջով․ գնում էր Մաշկովի մոտ՝ ակումբ։ Մտքերը հանգիստ չէին տալիս նրան։ Գերմանական դիրեկցիոնը պայթեցնելու առաջադրանքը չէր կատարվել։ Չեր կատարվել ոչ թե իրենց մեղքով, այլ որովհետև հրաման եկավ շտաբից՝ պայթեցումը հետաձգելու մասին։

Ամեն ինչ պատրաստ էր, բոլորը ուրախ էին, որ այդպիսի կարևոր գործը իրենց՝ պերվոմայցիներին են հանձնարարել, և հանկարծ՝ պայթեցումը հետաձգվում է։ Ինչո՞ւ։ Ի՞նչ է պատահել։ Ոչ ոք ոչինչ չգիտի։

Բորյան հասավ դեպի Գորկու անվան ակումբ գնացող լայն, արդեն տոփանված ճանապարհին, սակայն այդ ճանապարհով չգնաց, եկեղեցու մոտ թեքվելով ձախ՝ նա գնաց բլրակի վրայով։ Այդպես ճանապարհը կարճ էր։ Բորյան գնում էր արագ, երբեմնակի վազելով։ Սիրտը, չգիտես ինչու, անհանգիստ էր, տագնապալից խփում էր։

Եվ այստեղից , բլրի վրայից նա հանկարծ տեսվ Դեմյան Ֆոմինին։ Դեմյանը կանգնել էր ներքևում, հանքահորի մոտ, ձեռքերը գրպաններում, և իբր անտարբեր՝ նայում էր ճանապարհի երկարությամբ։

–Դիմա,– կամացուկ ձայնեց Բորյան։

Դեմյանը արագ ետ շրջվեց և, տեսնելով Բորյային, ձեռքով շտապ մոտ կանչեց, միաժամանակ հասկացնելով՝ չգնալ դեպի ակումբ։

Բորյան արագ, գայթելով իջավ բլրալանջով։ Դեմյանը ընդառաջ գնաց։

–Ի՞նչ է պատահել,– հարցրեց Բորյան՝ ձյան այրող փայլից կկոցելով աչքերը։

–Վիկտոր Տրետյակևիչին բռնել են,– արտասանեց Դեմյանը հազիվ լսելի։

–Ինչպե՞ս,– դեռևս չըմբռնելով լսածը, հարցրեց Բորյան, շնչահատվելով սառը օդից։– Ո՞վ է բռնել։

–Ո՞վ պետք է բռնի, պարզ է, թե ով,– ջղագրգիռ վրա բերեց Դիման՝ սև ու թավ հոնքերի տակից նայելով նրան։ Ակումբ գնալ չի կարելի։ Հարկավոր է բոլորին զգուշացնել։

–Էլ ո՞վ գիտի։

–Վասյա Բոնդարևին ու Վիկտոր Պետրովին նույնպես հաղորդվել է արդեն ։ Իսկ ինձ կանգնեցրին այստեղ․ որպեսզի մերոնցից ոչ ոքի չթողնեմ մոտենա ակումբին, այնտեղ գերմանացիներ կան։

–Դե լավ,– ասաց Բորյան արագ շնչելով։ Դու կանգնիր այստեղ։ Գենկա Պոչեպցովը՝ իմ հնգյակից, այստեղ մոտ է ապրում․ ես վազելով գնամ նրա մոտ։ Մենք նրա հետ բոլորին կհայտնենք։ Հարկավոր է կրասնոդոնցիներին նույնպես զգուշացնել։ Դե ես գնամ,– արտասանեց Բորյան և վազեց ձյունածածկ փողոցով։

«Գուցե մատնե՞լ են,– մտածում էր նա։– Եթե մատնել են, ուրեմն վերջ։ Ուրեմն փրկություն չկա։ Իսկ ո՞վ կարող էր մատնել։ Ո՞վ էր մատնել»։

Բորյան արագընթաց կտրեց անցավ Բազարնայա հրապարակը, ուզում էր թեքվել աջ՝ դեպի նեղ ու անանուն մի փողոց, ուր ապրում էր Գենադի Պոչեպցովը, բայց ակամա կանգ առավ․ դիմացից, փողոցի մյուս կողմից, ձիերի ոտնաձայներ լսվեցին տոփանված ճանապարհի վրա, հետո դուրս եկավ սահնակով տրոյկան՝ մեջը Եվգենի Մաշկովը , մի գեստապոյական ու մի ոստիկան։ Բորյան Մաշկովին ճանաչեց դեռ հեռվից ու սիրտը սկսեց արագ խփել։ «Մատնել են,– շշնջաց նա։– Դա արդեն հաստատ է․ մատնել են»։ Սահնակը արագընթաց մոտենում էր։ Եվգենին՝ աներևակայելիորեն գունաթափ՝ նստել էր սահնակի մեջ, առանց գլխարկի, ձեռքերը ետևից կապկպած։ Նա տեսավ Բորյային, սակայն ձևացրեց, թե չի տեսնում։ Եվ իբր անտարբեր՝ նայում էր առջևը, ճանապարհին։

Բորյան կծում էր շուրթերը աշխատելով չնայել Մաշկովին։ Նա դանդաղ քայլեց նեղլիկ փողոցն ի վար՝ ինքն էլ չիմանալով դեպի ուր։ Ձիերի ոտնաձայներն արդեն չէին հասնում նրան․ տրոյկան անցել էր, սակայն նա դեռևս չէր համարձակվում ետ նայել․ թվում էր ետևից նայում են իրեն։ «Մի՞թե մատնել են, ինքն իրեն մտծում էր Բորյան։ Ո՞վ կարող էր մատնել։ Իսկ եթե արդեն գիտե՞ն կազմակերպության մասին․․․ Հարկավոր է հեռանալ։ Հենց այսօր պետք է թողնել Կրասնոդոնն ու Պերվոմայկան ու գնալ պարտիզանների մոտ։ Հարկավոր է շտապ զգուշացնել բոլորին․․․»։

Բորյան բարձրացրեց աչքերը , շվարուն նայեց շուրջը․ հասել էր Պոչեպցովենց դարպասին․ «Տա՞նն է, տեսնես»,– մտածեց նա, ծեծեց դարպասը։

Բորյան նորից ծեծեց դարպասը։

Ծխնելույզից կապույտ ծուխ էր ելնում, օրորվում ձյունածածկ տանիքի վրա։ «Տանը մարդ կա, ուրեմն»,– մտածեց Բորյան՝ սպասելով պատասխանի։

Սպասման րոպեները անցան ծանր, վերջապես ետ գնաց պատշգամբի դուռը և այնտեղ, դռների մեջ երևաց Վասիլի Միխայլովիչ Գրոմովը՝ Գենայի խորթ հայրը՝ տաքից ու գինարբուքից կարմրած դեմքով։

–Բարև ձեզ,– անհամարձակ ասաց Բորյան։ Տա՞նն է Գենադին։

–Ոչ,– ասաց Գրոմովը։-Տանը չէ։ Իսկ ինչ էիր ուզում ասել։

Բորյան անթարթ նայեց նրան։

–Շտապ պետք է,– հանգիստ ասաց նա։

– Տանը չէ,– կրկնեց Գրոմովը ։– Ի՞նչ հաղորդեմ, որ գա։

–Ոչինչ։ Ես հետո կանցնեմ,-արագ ասաց Բորյան և շրջվելով , ձյուների միջով քայլեց ետ։

Պոչեպցովը տանն էր։ Նա ներսից, վարագույրների ետևից գողունի նայում էր Բորյային։ Սպասեց մինչև Բորյան գնաց, ծածկվեց տների ետևում և նոր միայն կրկին նստեց բազմոցի ծայրին, նախկին դիրքում․ «Եթե ծեծեն, ես չեմ դիմանա,– մտածում էր նա։– Ես չեմ կարող։ Իսկ այնտեղ, երևի, խոշտանգում են․․․»։