Գրոմովը ծածկեց դուռը, քթի տակ ժպտալով եկավ, նստեց սեղանի մոտ, կրկին օղի լցրեց։
–Արի մի բաժակ խմիր ինձ հետ ,– ասաց նա ։– Ի՞նչ ես հոնքերդ կիտել։ Հո աշխարհի վե՞րջը չի։
«Չէ, հավանաբար մի բան կա, մտքում ասաց նա։– Գրոմովը երեկվա երեխան չի՝ հասկանում է։ Պատմիր, բալիկս, պատմիր»,– խնդմնդաց նա և, ժպիտը դեմքից հավաքելով, ասաց ․
–Արի, արի մի բաժակ խմիր։
Պոչեպցովը չէր պատասխանում։ Նա անթարթափ նայում էր հատակին, ինչ-որ կետի։
Քիչ առաջ, երբ Գրոմովը տուն եկավ և ասաց, որ Տրետյակևիչին բռնել են, Գենյան՝ սարսափից կլորացած աչքերով, հանկարծակի նայեց նրան ու ոչինչ չկարողացավ արտասանել։ Գրոմովը դա զգաց։ Բայց ձևացրեց, թե ոչինչ չնկատեց։ Նա մրգօղի դրեց սեղանին։ Աղ դրած վարունգ բերեց։ Եվ շարունակ մտածում էր․․․ «Այստեղ մի բան կա։ Ինչ որ բան կա՝ չեմ հասկանում»։ Որոշեց չխոսել, չմատնել իրեն։ Լուռ կտրտեց վարունգը, օղի լցրեց բաժակը, խմեց։
Գենյան անշարժ նստել էր բազմոցի ծայրին ու մտացրիվ նայում էր գետնին։
«Միևնույն է, պատմելու ես, պատմիր,– մտքում ասաց Գրոմովը ներքուստ ուրախանալով։– Թե մի բան չկա, ինչո՞ւ էնպես վախեցար»։ Նորից օղի լցրեց, խմեց և հենց այդ պահին էր, որ Բորյան ծեծեց դարպասը։ Նա Բորյային տեսավ լուսամուտից։ «Կասեմ տանը չես,– ասաց Գրոմովը և գնաց դուռը բացելու։– Գործ չունես դրանց հետ։ Նստիր տանը»։
«Տեսնես ի՞նչ էր ասում,– մտածեց Գենյան, տեղից ելնելով։– Էլ ո՞ւմ են բռնել տեսնես․․․ Ի՞նչ է լինելու, տեր աստված»։ Նա կրկին մոտեցավ լուսամուտին, դեմքը հպեց սառը ապակուն։ «Եթե ծեծեն, չեմ դիմանա,– դարձյալ մտածեց նա։– Ասում են մարդկանց եղունգների տակ ասեղներ են խրում․ մի՞թե ճիշտ է»։
Դրսում քամի էր բարձրացել։ Արևն անցել էր ամպերի ետևը։ Օրը միանգամից մթնեց։
–Իսկ հետաքրքիր է, շ՞ատ են ծեծում բանտում,– վերջապես խոսեց Պոչեպցովը՝ աշխատելով ինչքան կարելի է հանգիստ երևալ։ Նույնիսկ փորձ արեց ժպտալ։
«Չէ, պաչում են, դնում ճակատներին»,– մտքում ծիծաղեց Գրոմովը և, աչքերը դանդաղ կտրելով սեղանից, ասաց․
–Ե՛վ ծեծում էլ են, և՛ չեն էլ ծեծում՝ նայած։ Պատահում է՝ ծեծելով սպանում են։
Պոչեպցովը վախեցած նայեց նրան։
–Գլխիվայր կախում են ու խփում,– ավելացրեց Գրոմովը՝ ուշադիր նայելով նրան։– Շիկացած երկաթներով դաղում են։ Մի ծանոթ ոստիկան կա, նա էր պատմում։
Ոչ ոք՝ ոչ տանը, ոչ էլ հարևաններից, չգիտեին, որ Գրոմովը, (իսկական ազգանունը Նուժդին) դենիկինյան բանակի նախկին սպա է, քաղաքացիական կռիվների ժամանակ կռվել է սովետական իշխանության դեմ։ Ոչ ոք չգիտեր, որ մեր բանակի համար այնքան ծանր օրերին՝ նահանջի ժամանակ, նա թաքնվել է թիկունքում։ Եվ որ հիմա գաղտնի գործակալ է՝ կապված գեստապոյի հետ։
–Տրետյակևիչին նույնպես կծեծեն երևի,– ուզեց խոսք գցել Պոչեպցովը։
«Լակոտ»– մտքում ծիծաղեց Գրոմովը՝ հասկանալով նրան։ Դեն հրեց օղու շիշը։
–Եթե միայն ծեծելով վերջանար․․․ բազմախորհուրդ ասաց նա, մոտեցավ լուսամուտին։– Նրանք բոլորը գիտեն,– ավելացրեց Գրոմովը, առանց Գենյայի կողմը շրջվելու։
–Ի՞նչ գիտեն,– մարող շշուկով հարցրեց Պոչեպցովը։
–Ինչ կա՝ բոլորը գիտեն։ Մի՞թե կարծում ես, թե չգիտեն։
Գենյան չարձագանքեց։
–Դու մո՞տ էիր այդ Տրետյակևիչին ,– նորից խոսեց Գրոմովը, կանգնելով Գենյայի դիմաց։
–Ճանաչում էի,– կամացուկ արտասանեց Գենյան ։
Գրոմովը լուռ էր։
–Այսինքն մոտ էինք,– դարձյալ կամացուկ ավելացրեց Պոչեպցովը՝ նայելով խորթ հորը։
–Դու գիտես, որ ես հարազատ որդու պես սիրում եմ քեզ,– վերջապես ասաց Գրոմովը ։– Սիրում եմ, դրա համար էլ իմ պարտքն եմ համարում հայտնել քեզ, որ այդ Տրետյակևիչը ամեն ինչ մատնել է։ Քիչ առաջ տուն գալիս պատահեց իմ ծանոթ ոստիկանը․ գնում էին Գորկու անվան ակումբ՝ Եվգենի Մաշկովի ետևից։
–Չի կարող պատահել,– տեղից ընդոստ ելնելով, ասաց Պոչեպցովը ։
–Նստիր, նստիր,– ձեռքը Գենյայի ուսին դնելով հանգիստ ասաց Գրոմովը՝ ներքուստ ուրախանալով։– Հանգամանորեն պատմիր տեսնենք ինչ կարելի է անել։ Գերմանացիների հետ կատակել չի կարելի․ ես դրանց էն կռվից գիտեմ դեռ։ Հանգիստ պատմիր ։
Պոչեպցովը ծանր շնչում էր։ «Պարզ է, մատնել են»։ Օդը չէր հերիքում։ «Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Ես չեմ դիմանա, ես դա գիտեմ» ։ Կրկին բարձրացավ տեղից, նստեց նորից։ «Ավելի լավ է չընկնել նրանց ձեռքը։ Խոստովանել ու վերջ։ Թե չէ խելագարվել կարելի է»։
–Ես նրանց հետ ոչ մի կապ չունեի, ոչ մի բանի չէի խառնվում,– միանգամից ասաց Պոչեպցովը ։– Ես ուշ եմ մտել կազմակերպության մեջ և ինչ էլ արել եմ՝ նրանց հանձնարարությամբ։ Ես մեղավոր չեմ,– հանկարծ լաց եղավ նա՝ արտասվաթոր աչքերով նայելով Գրոմովին։
–Դե, դե, երեխա չես,– ծիծաղեց Գրոմովը։ Մի վախենա։ Մի բան կմտածենք։ Ուրեմն ուշ ես մտել կազմակերպության մեջ։ Իսկ կազմակերպությունը վաղո՞ւց էր գործում։
–Այո։ Ընդհատակյա կազմակերպություն էր՝ կոմերիտականներից։
–Եվ քանի՞ հոգի էին։ Շա՞տ էին։
–Հարյուրից ավելի։ Այսինքն՝ սկզբում քիչ էին․․․
–Հետաքրքիր է,– հանգիստ արտասանեց Գրոմովը։ – Մեր քթի տակ ինչեր են կատարվում, իսկ մենք, ինչպես ասում են՝ ուղտի ականջում քնած։