Երբ Տոնյան հաղորդեց սարսափելի լուրը, Մայային մի պահ թվաց, թե գետինը գնում է ոտքի տակ և հիշեց իր երազը՝ կապված մութ հանքահորի հետ, և սառնաշունչ մի դող վազեց մարմնով :
–Ե՞րբ, – թուլացող սրտով հարցրեց նա՝ հուզմունքից կծելով շութրերը: – Քեզ ո՞վ հաղորդեց:
–Բորյան հաղորդեց: Նա գալիս էր այս կողմը, քեզ մոտ էր գալիս, երևի, բայց ես նրան ասացի ինքս կգամ: Նա գնաց մյուսներին հաղորդելու: Իսկ ես իսկույն չեկա, – ասաց Տոնյան արագ ու խորը շնչելով: – Ես ետ դառա ճանապարհից, վազելով գնացի Կրասնոդոն: Գտա Օլեգ Կոշևոյին ու Վանյաա Տուրկենիչին…
–Եվ որտե՞ղ են նրանք հիմա,– ընդհատեց Մայան :
–Նրանք շուտով կգան,– արագ ասաց Տոնյան ,– հարկավոր է Ուլյային նույնպես հաղորդել: Կհավաքվենք Տոլյա Պոպովի մոտ: Նրանց տունը ավանի ծայրին է: Նրանց մոտ հարմար է…
–Այո , իհարկե,– գլխով արեց Մայան դեռևս այլայլված ու սարսափահար:
Նրանք կանգնել էին տեղացող ձյան տակ: Ձյունը նստում էր նրանց թարթիչներին ու մազերին:
–Գնանք Ուլայի մոտ, – ասաց Տոնյան:
Մայան ասես չլսեց նրան:
–Տղաներից ոչ ոք չի մատնի, ես համոզված եմ ,– ասաց նա դանդաղ : – Ոչինչ չեն ասի՝ ինչ էլ ուզում են անեն: Բայց և այնպես հաչկավոր է որոշել, թե ինչ անենք այսուհետև: Գուցե հարձակվենք բանտի վրա, ազատենք նրանց: Մի խոսքով, ճիշտ ես արել, որ գնացել ես Կրասնոդոն՝ տղաների ետևից:
–Նրանք շուտով կգան,– կրկնեց Տոնյան,– գնանք Ուլյայի ետևից, Ալեքսանդրա Եմելյանովնային էլ պետք է ասել:
–Մայրիկին ասեմ՝ գնանք:
Նրանք վազեվազ անցան բակի միջով և պատշգամբի դռների մոտ ուղակի աստիճանների վրա, դեմ առ դեմ հանդիպեցին Աննա Փեհլիվանովային: Նա արդել հանգնված ինչ-որ տեղ էր գնում:
–Ի՞նչ է պատահել,– նայելով աղջիկներին ու ինչ-որ վատ բան կռահելով , հարցրեց նա:
–Ոչինչ,– խուսափողաբար ասաց Մայան, – Իսկ դու այդ ու՞ր ես գնում:
–Շուկա,– պատասխանեց Աննան, շարունակելով ակնդետ նայել նրանց: -Ախր, տեսնում եմ՝ ինչ-որ բան է պատահել, ինձնից ինչո՞ւ եք թաքցնում :
–Մայրիկ, – ասաց Մայան և նրա ձայնը թրթռաց, – Մեր տղաներից երեք հոգու բռնել են:
–Ինչպե՞ս, – թուլացող սրտով արտաբերեց Աննա Փեհլիվանովան հազիվ լսելի:
– Հեռացեք, հեռացեք, Մայա,– արագ ու սարսափահար ասաց նա: – Հենց այսօր հեռացեք… Նրանք ամեն րոպե կարող են գալ ձեր ետևից:
–Ու՞ր գնանք … բանակը հեռու է դեռ…
–Չգիտեմ, գնացեք՝ հիմա ի՞նչ պիտի լինի,– վախեցած հարցրեց Աննան:
–Մենք էլ չգիտենք,– ուսերը թոթվեց Մայան,– գնա շուկա տես ինչ են խոսում մարդիկ… Գուցե և կարողանանք օգնել նրանց, – արտասանեց Մայան մտախոհ,– մի՞թե ամեն ինչ կորած է… չի կարող պատահել…
Զինա Վիրիկովան հայելու առջև նստած սանրում էր մազերը, երբ հանկարծ, ասես հետապնդումից՝ սարսափահար ներս ընկավ մայրը՝ Ռաիսա Վիրիկովան՝ մեջքով ամուր ծածկելով դուռը:
–Ի՞նչ է պատահել,– Զինան, առանց տեղից ելնելու շրջվեց մեր կողմը՝ շարունակելով սանրել մազերը: – Որևէ բա՞ն է պատահել:
–Ջահելներին բռնում են, -սասց Ռաիսան և նրա շուրթերը դողացին:
–Հետո ի՞նչ, -հանգիստ ասաց աղջիկը, – թող բռնեն:
–Դու, ինչ է, ջահե՞լ չես:
–Ասենք թե:
–Դու նրանց հետ կապված էիր, Զինա,– աղերսագին ասաց մայրը: -Ես վախենում եմ քեզ համար:
–Մի վախենա, – ասաց Զինան՝ գլխի շարժումով մազերը ճակատից ետ գցելով: – Ինձ ոչինչ էլ չի լինի: Որովհետև ես ոչինչ չեմ արել: Իսկ ով արել է ՝ թող պատասխան տա: Ես ոչինչ չեմ արել:
–Մենք մինչև պատերազմն էլ լավ ենք ապրել, – սկսեց Ռաիսան՝ ձայնը հանկարծակի ցածրացնելով: -Հիմա էլ վատ չենք ապրում:
–Ինձ համար մի անհանգստանա, մայրիկ, – ասաց Զինան, պատուհանից նայելով դուրս: -Ես գիտեմ ինչպես պետք է ապրել: Ոստիկանությունից կանչեցին թե չէ՝ կգնամ ու բոլորը կպատմեմ:
–Իսկ դու մի էլ սպասիր, որ կանչեն: Ինքդ գնա, – խորհուրդ տվեց մայրը: – Ինքդ էիր պատմում, թե ինչպես էին կոմերիտական ժողովումտոմսիդ համար թափվել վրադ. հիշու՞մ ես:
–Հիշում եմ, – ասաց Զինան քմծիծաղելով: – Մի՞թե կմոռանամ:
Ռաիսան նայեց աղջկան, հանգիստ շունչ քաշեց:
Մայան ու Տոնյա Իվանիխինան Պոպովների մոտ եկան ժամանակին. բոլորն արդեն հավաքվել էին, բայց նիստը չէր սկսվել դեռ: Սերգեյ Տյուլենինը, Դեմյան Ֆոմինն ու Վասյա Բոնդարևը հսկում էին դրսում:
Հիմնականում հավաքվել էին «Երիտասարդ գվարդիայի» շտաբի անդամներն ու նրանք, ովքեր առավել մոտ էին շտաբին:
Օլեգ Կոշեվոյը դանդաղ ելավ տեղից՝ ձեռքերով հենվելով սեղանին, մի պահ նայեց բոլորին:
–Ընկերներ,– վերջապես ասաց նա՝ հայացքը սեղանին, ինչ-որ կետի: -Գուցե սա մեր վերջին նիստն է: գուցե այլևս չհավաքվենք… Մենք պայքարեցինք անարգ թշնամու դեմ, պայքարեցինք ազնվաբար, արեցինք ինչ կարողացանք, ինչ հնարավոր էր… Իսկ հիմա եկել է ժամը բաժանվելու: – Նրա ձայնը դողաց: – Մենք պետք է բաժանվենք: Մեր լավագույն ընկերներից երեքը հիմա բանտում են… Ամենայն հավանականությամբ, նրանց վերցրել են ընծաների համար: Այն ընծաների, որ տղաները հափշտակեցին գերմանական ավտոմեքենայից… Այդ ընծաները գտնվել են ակումբի նկուղում… Դ-դրա համար էլ բանտարկել են ակումբի ղեկավարությանը, – Օլեգը լռեց, խորը շնչեց և շարունակեց: – Դ-դա դեռևս կազմակերպության խորտակում չէ, ես այդպես եմ կարծում, բայց, ով գիտի… Մեր լավագույն ընկերներից երեքը բանտում են, – կրկնեց նա, կծելով շուրթերը, – այդ նույնը սպասում է նաև մյուսներին: – Դ-դր համար էլ պետք է հեռանալ: Սա է շտաբի որոշումը: