Ուլյան դեռ առավոտվանից հավաքեց սենյակը, լվաց հատակը։ Հետո դույլի մեջ ջուր դրեց կրակին։ «Մի քիչ լվացք կա, անեմ»,– ասաց նա։ Առաջ ու ետ էր քայլում սենյակում։ Նստում էր պատուհանի առջև, քիչ մնում էր այդպես, հետո նորից ելնում, անհանգիստ քայլում էր սենյակում։
Մայրը՝ Մատրյոնա Սավելևնան, նույնպես անհանգիստ էր։ Նա գիտեր աղջկա գործունեության մասին։ Գիտեր նաև, որ շատերին բանտարկել են արդեն։ Վախեցած նայում էր Ուլյային, և նրա աչքերից շարունակ հոսում էին արցունքները։
–Գնա, Ուլյաշա, հեռացիր տնից,– ասաց նա։– Ախր շատերին արդեն տարել են, քեզ էլ կբռնեն։
Ուլյան տխրությամբ նայեց մորը։
–Լաց մի լինի, մամա։ Մենք չենք վախենում։ Փրկության հույսը չի մարել դեռ,– ինքն անգամ չհավատալով իր խոսքերին, արտաբերեց Ուլյան։ Նա արագ հագավ վերարկուն, գցեց գլխաշորը, դուրս եկավ։
–Ես հիմա կգամ, մայրիկ,– ասաց նա։ Բայց եկավ ուշ։
–Դու այս ի՞նչ է, Ուլյաշա, ջուրը դրել ես կրակին, ինքդ գնացել,– ասաց մայրը, թեպետ բոլորովին ուրիշ բանի մասին էր մտածում։
–Ոչինչ, մամա,– պատասխանեց Ուլյան մտազբաղ։– Մի ուրիշ անգամ կլվանամ։
Եվ նա դեռ չէր ավարտել խոսքը, դուռը ծեծեցին։ Երկու հոգի՝ տեղական ոստիկաններից, մտան ներս՝ դուռը թողնելով բաց․
–Դո՞ւ ես Գրոմովան,– հարցրեց ոստիկաններից մեկը։
–Այո, ես եմ․․․
–Շուտ հագնվիր։ Գնում ենք ոստիկանություն։
–Ո՞ւր,– իբր չլսեց Ուլյան։
–Ոստիկանություն։
–Մի գոռացեք, հանգիստ ասաց Ուլյան՝ հագնելով վերարկուն։
Մատրյոնա Սավելևնայի ծնկերը թուլացան և նա, առանց մի բառ անգամ արտասանելու, անզգա ընկավ գետնին։
Այնտեղ, ուր այժմ Պերվոմայկայի ոստիկանական կետն էր, նախկինում ավանային սովետն էր տեղավորված։ Մայան առաջներում, մինչև պատերազմն էլ, եղել էր այնտեղ, բայց ոչ այսպես ուշ և ոչ էլ այնպիսի տրամադրությամբ, ինչպես հիմա։
Ոստիկաններից մեկը բաց արեց դուռը և նրան ներս հրեցին։ Սենյակում մի քանի մարդ կար՝ գերմանական համազգեստով ու առանց համազգեստի։ Կենտրոնում, սեղանի ետևը, նստած էր Կրասնոդոն քաղաքի պարետ Գեդեմանը, ոստիկանության պետ Սոլիկովսկին, քննիչ Ֆենբոնգը և ուրիշներ։ Մայան նրանցից դեմքով գիտեր միայն Սոլիկովսկուն ու Ֆենբոնգին։ Նա անվստահ ու վախեցած առաջ եկավ, կանգնեց։
Գեդեմանը բարձրացրեց աչքերը, նայեց։
–Առաջ եկ,– հրամայեց Սոլիկովսկին։
Մայան մի քայլ ևս առաջացավ, դարձյալ կանգնեց։ Նա իր վրա զգում էր այդ մարդկանց հայացքները, աշխատում էր հանգիստ երևալ, չմատնել իրեն։
–Ուրեմն այսպես,– խոսեց Սոլիկովսկին հանգիստ, խաղաղ ձայնով։– Քո մասին ամեն ինչ հայտնի է պարոն մայորին։ Բայց հիմա նրան, ինչպես և մեզ, ուրիշ բան է հետաքրքրում՝ ովքե՞ր էին ձեզ ղեկավարում, նրանց հասցեները։
–Ես չեմ հասկանում , թե ինչի մասին է խոսքը,– թոթվելով ուսերը, կամացուկ ասաց Մայան։– Ի՞նչ ղեկավարի մասին եք հարցնում։ Ես ոչինչ չեմ հասկանում։
Սոլիկովսկին նայեց դռների կողմը։ Մի պահ բոլորը լուռ էին։ Դուռը կիսաբացվեց, և մանրաքայլ ներս եկավ Զախարովը, իսկ նրա ետևից Գենադի Պոչեպցովը ։
–Ճանաչո՞ւմ ես սրան,– հարցրեց Գեդեմանը, նայելով Պոչեպցովին ու դանդաղ ելնելով տեղից։
–Այո,– քմծիծաղեց Գենյան ։– Ղեկավարներից է։
–Լսո՞ւմ ես,– ասաց Սոլիկովսկին նույնպես քմծիծաղելով։– Քո մասին է խոսում։
–Նա ստում է,– արագ ասաց Մայան, նայելով ոչ թե Սոլիկովսկուն , այլ մայոր Գեդեմանին, որը դանդաղ քայլում էր սենյակում։– Նա․․․ նա անտարբեր չէր իմ հանդեպ․․․ իսկ ես․․․ ես նրան չէի սիրում։ Ես նրան միշտ էլ արհամարհել եմ․ և ահա, նա վրեժ է լուծում։
–Խոսիր,– նետեց Սոլիկովսկին՝ դիմելով Պոչեպցովին։– Էլ ի՞նչ կարող ես ասել։
–Մի քանի անգամ թռուցիկներ է տվել, որ տարածեմ․․․– Հայացքը գետնին, ասաց Պոչեպցովը։
–Հակապետական թռուցիկներ է տվել, որ տարածես․․․ Հետո՞։
–Այո․․․ Իսկ ես չեմ տարածել, վառել եմ։
–Նա ստում է, պարոն մայոր,– ասաց Մայան ։– Նա զրպարտում է։ Ես նույնիսկ մի տարի է, չեմ տեսնում նրան։ Նա ստում է, նա վրեժ է լուծում։ Որովհետև արհամարհել եմ միշտ․․․
Սոլիկովսկին նայեց ոստիկանների կողմը։ Դուռը նորից կիսաբացվեց, Պոչեպցովը աննկատ դուրս եկավ։
–Դե հիմա պատմիր,– ասաց Սոլիկովսկին ։– Մեզ հետաքրքրում է, թե ովքե՞ր էին ղեկավարում ձեզ։ Նրանց հասցեները։ Միայն այդքանը։ Իսկ հետո մենք ձեզ, պարզ է, բաց կթողնենք։
–Ես ասացի, ախր։ Նա վրեժ է լուծում ։
–Լռիր, հանկարծ գոռաց Զախարովը ։– Ի՞նչ ես հիմարի տեղ դրել քեզ։ Պատմիր։ Շուտ։
–Ես ոչինչ չգիտեմ,– պատասխանեց Մայան սրտապնդվելով։ «Խիզախությունը ծնվում է պայքարի մեջ», -հիշեց Նիկոլայ Չեռնյավսկու խոսքերը։ «Դուք ինձնից ոչինչ չեք լսի», մտքում ասաց նա, նայեց բոլորին։– Ես ոչ ոքի չեմ ճանաչում։ Ես չգիտեմ նույնիսկ, թե ում մասին է խոսքը։ Նա ինձնից վրեժ է ուզում լուծել․․․
–Պարոն մայոր,– ասաց Սոլիկովսկին, նայելով Գեդեմանի կողմը։– Բարի եղեք, խնդրում եմ, մի քանի րոպեով մենակ թողեք մեզ։
–Իրոք, պարոն մայոր, ճիշտ է ասում,– խառնվեց Զախարովը։– Լավ կլիներ․ ինքներդ եք տեսնում, ոինչ չի ուզում հասկանալ․․․
Գեդեմանը ժպտաց, գնաց դեպի դռները։ Զախարովը մոտեցավ պատուհանին, վառարանի մոտից փայտի մի կտոր վերցրեց։