–Վրեժը ու սիրո մասին կատակները հասկացանք,– ասաց Զախարովը, երբ մայորի ետևից ծածկվեց դուռը։– Բայց սերը մի կողմ, սիրո մասին հետո։ Պատասխանիր իմ հարցին․ Կոմունիստներից ո՞վ էր ղեկավարում, ո՞ւմ ես ճանաչում։ Անունը և հասցեն, միայն արագ։
–Ես ոչ ոքի չգիտեմ։ Ես ոչինչ չգիտեմ։
Զախարովը թափով խփեց Մայայի գոտկատեղին։ Ուժեղ ու սուր ցավից Մայան չկարողացավ անգամ հառաչել, նա կծկվեց, ծնկները ծալվեցին և որպեսզի չընկնի, ձեռքերով հենվեց հատակին։
–Անունը և հասցեն․․․
Դա նույն Զախարովի կատաղի ձայնն էր։ Մայան հասկացավ դա։ Փայտի հարվածը իջավ մեջքին։ Ակամա շրջվեց։ Սոլիկովսկու բռունցքը իջավ դեմքին։
–Ո՞վ էր ղեկավարում, հասցեն։
Հարվածները իջնում էին դեմքին, մեջքին։ «Դուք ոչինչ չեք լսի ինձնից, սողուններ» ,– ընկնելով գետնին, Մայան ծնկների վրա ձգեց, ուղղեց շրջազգեստը։
–Հասցեն։
–Անունը։
–Հասցեն։
–Անունը։
–Հասցեն։
Մի դույլ սառը ջուր լցրին վրան։ Մայան բացեց աչքերը։
–Անունը,– նրա ականջի տակ գոռաց Սոլիկովսկին ։– Ինչպե՞ս էր անունը։ Ո՞վ էր ղեկավարում ։
Մայան լուռ էր։
–Բավական է,– ասաց Զախարովը ։– Նա հևում էր։– Ոչինչ, քիչ հետո կխոսես, ասաց Զախարովը, ձեռքի փայտը նետելով վառարանի մոտ ։– Խուզարկել տունը,– հրամայեց նա և, հագնելով վերարկուն, երկու ոստիկանի ուղեկցությամբ դուրս եկավ փողոց։
–Տանել սրան ,– հրամայեց Սոլիկովսկին։
Մայային տարան բանտախուց։
Ալեքսանդրա Եմելյանովնան նախատում էր ինքն իրեն։ Ինչո՞ւ լսեց Աննա Վասիլևնային, ինչո՞ւ լսեց, ախր․․․ Հարկավոր էր գնալ Մայայի հետ։ Բայց ոչ, ավելի լավ է ուտելու որևէ բան տանել նրա համար։ Ալեքսանդրա Եմելյանովնան, դեռևս չհասած իրենց տանը, հետ դառավ։ Լուսնյակ, ցուրտ գիշեր էր։ Նա քայլում էր արագ, ուշադրություն չդարձնելով ցրտին ու քամուն։
–Աննա Վասիլևնա,– բակից կանչեց նա և, առանց պատասխանի սպասելու, արագ բարձրացավ տուն։ Աննան նստած էր պատշգամբում, սեղանի մոտ, քարացած հայացքով նայում էր փողոցին․ նա հեռվից էր տեսել Ալեքսանդրա Եմելյանովային ։
–Ես նորից եկա,– ասաց Ալեքսանդրա Եմելյանովնան, նստելով աթոռակին։– Որտեղ Մայան՝ այնտեղ էլ ես։
–Դու զուր ես եկել,– հոգնած ձայնով խոսեց Աննա Փեհլիվանովան, առանց հայացքը փողոցից կտրելու։– Հարկավոր է թաքնվել, նրանք կարող են այս րոպեին գալ քո ետևից։
–Ես ոչ մի տեղ չեմ գնա,– գլխի թեթև շարժումով կրծքի վրայից մազերը նետելով ուսերին, կամացուկ ասաց Ալեքսանդրա Եմելյանովնան ։-Առանց նրան մի օր անգամ չեմ ապրի։ Գնում եմ բանտ, Մայայի մոտ, ուտելիք տվեք, տանեմ․
Աննան դանդաղ ելավ տեղից, գնաց խոհանոց՝ կարտոֆիլ բերելու։
Բակում դարձյալ ձայներ լսվեցին։ Եվ մինչև Աննա Փեհլիվանովան խոհանոցից կվերադառնար, երկու ոստիկանի ուղեկցությամբ սենյակ մտավ Զախարովը։
–Խուզարկել,– առանց Ալեքսանդրա Եմելյանովնայի վրա ուշադրություն դարձնելու, հրամայեց նա։
Խոհանոցից ներս մտավ Աննա Փեհլիվանովան և, տեսնելով Զախարովին ու երկու ոստիկաններին, մնաց սառած։
–Արի, արի,– չարախինդ ծիծաղով ասաց Զախարովը ։– Կոմերիտուհի ես մեծացրել, հա՞․․․
–Չէ՞ որ ինքդ էլ կուսակցական էիր, անամոթ,– չհամբերեց Աննա Փեհլիվանովան։
–Ահա թե ինչ,– ծոր տվեց Զախարովը։– Ես քեզ ցույց կտամ, ստալինյան ստոր արարած․․․ Գնացինք,– ասաց նա ոստիկաններին։– Սրան նույնպես վերցրեք․․․
Ոստիկաններից մեկը, Աննայի ձեռքից վերցնելով կարտոֆիլները, դրեց սեղանին, նրան հրեց դեպի դուռը։
–Գնա։
․․․Լուսանում էր արդեն, երբ նրանք հասան ավանային ոստիկանություն։ Այնտեղ էին Սոլիկովսկին ու մի քանի ոստիկաններ։
–Հը, սրան ինչի՞ եք բերել,– հարցրեց Սոլիկովսկին խիտ հոնքերի տակից նայելով Զախարովին։
–Նոր կարգերը դուր չեն գալիս սրան,– չարախինդ ծիծաղով ասաց Զախարովը։ – Շուտ հանիր շորերդ,– անսպասելի գոռաց նա, մոտենալով Աննային։– Օգնեցեք սրան,– հրամայեց նա ոստիկաններին։
Ոստիկանները մոտեցան Աննա Փահլիվանովային և, մինչև նա կհասկանար, թե ինչ է կատարվում, վայրկենապես պոկեցին նրանից շալը, շրջազգեստը և նրան նետեցին նստարանին։ Ինչ-որ մեկը սեղմեց նրա ոտքերը, ինչ-որ մեկը շորով ծածկեց գլուխը և տեղացին հարվածները։ Զախարովը խփում էր մատնաչափ հաստություն ունեցող մտրակով։
–Դե հիմա կեր, ստալինյան ստոր արարած ,– յուրաքանչյուր հարվածի հետ ասում էր Զախարովը ։– Դե հիմա կեր։
–Բավական է,– մտրակը նետելով նստարանին ասաց Զախարովը գոհունակությամբ ժպտալով ։– Թող մի քիչ խելքի գա։
Աննա Փեհլիվանովան ընկած էր անշարժ։ Ձեռքերը թույլ կախվել էին նստարանից։ Ոստիկանները նայում էին նրան, ինչ-որ բաներ էին պատմում, քրքջում։
–Պարոն Գեդեմանն է գալիս,– ներս վազելով ասաց ոստիկաններից մեկը, և բոլորն իսկույն զգաստացան։ Ներս մտավ Գեդեմանը, թռուցիկ հայացք ձգելով Աննա Փեհլիվանովայի վրա։
–Մայա Փեհլիվանովայի մայրն է,– բացատրեց Զախարովը ։
–Բերեք աղջկան ,– կարճ հրամայեց Գեդեմանը։
Ներս բերեցին Մայային։ Նա լիովին փոխված էր, բերանի անկյուններում չորացած արյան հետքեր կային, հագուստը պատառոտված էր։ Նա հազիվ էր ոտքի վրա կանգնում։