–Ովքե՞ր էին ղեկավարում ,– վերցնելով մտրակն ու առաջ գալով, ասաց Սոլիկովսկին ։– Ղեկավարի անունն ու հասցեն։
Մայան չլսեց Սոլիկովսկու խոսքերը։ Այն պահից , երբ նկատեց մորը, նա անզգայացավ ասես, և հիմա, լայնացած աչքերով նայում էր մորը․ և նրա բերանից ոչ մի շշուկ չէր լսվում․ միայն զգում էր, որ օդը չի հերիքում։
Եվ մտրակի հարվածի՞ց էր, թե անհուն վշտից, Մայան ճչաց աղեկտուր։
Աննա Փեհլիվանովան ուշքի եկավ դստեր ձայնից։
–Աղջիկս, աղջիկս, Մայա ,– փորձելով ելնել տեղից, կամացուկ, անօգնկան արտասանեց նա։
–Ո՞վ էր գալիս աղջկադ մոտ,– բղավեց Զախարովը, մոտենալով Աննա Փեհլիվանովային ։– Ասա, ո՞վ էր գալիս։
–Ես ոչինչ չգիտեմ,– դարձյալ կամացուկ արտասանեց Աննա Փեհլիվանովան։
–Ախ, չգիտես,– քրքջաց Զախարովը ։– Հիմա կիմանաս։– Նա արագ մոտեցավ Մայային և նրան քարշ տվեց դռան մոտ։– Միացրեք պատեֆոնը։
Հնչեց երաժշտությունը։ Զախարովի օգնությամբ, ոստիկանները Մայայի մատները դրեցին դռան արանքում, Զաարովը ամուր խփեց դուռը։
Լսվեց մի ճիչ, և Մայան կախվեց դռան մոտ․ նրա մատներից հոսեց արյունը։
–Աղջիկս, աղջիկս ,– շշնջաց Աննա Փեհլիվանովան և կորցրեց գիտակցությունը։
Նա ուշքի եկավ բանտախցում։ Մի պահ չգիտեր, թե որտեղ է գտնվում։
–Լաց մի լինեք, Աննա Վասիլևնա ,– շշնջաց Ուլյան։– Լսո՞ւմ եք հրետանային որոտները, այդ մերոնք են գալիս։ Շուտով նրանք կգան։ Նրանք մեր վրեժը կառնեն արյունարբու ֆաշիստներից։
–Իսկ ո՞ւր է Մայան,– հազիվ շարժելով շուրթերը, շշուկով ասաց Աննա Փեհլիվանովան ։
–Նրան տարան Կրասնոդոն ․․․ Այստեղ տեղ չկա արդեն ․․․ Քիչ հետո կգան նաև մեր ետևից։ Իսկ ձեզ բաց կթողնեն,– ասաց Ուլյան և նրա արցունքները հոսեցին այտերով։– Հաղորդեցեք մայրիկիս, որ ես հոգով առույգ էի․․․ Եվ թող լաց չլինի ինձ համար․․․
Նրանք բոլորն էլ նստած էին Կրասնոդոնի բանտում՝ «Երիտասարդ գվարդիա» կազմակերպության մյուս անդամների հետ։ Պերվոմայկայի բոլոր տղաներն ու աղջիկներն այնտեղ էին, բացի Ալեքսանդրա Եմելյանովնայից։ Աղջիկները զրուցում էին, երբ բանտախցի դուռը բացվեց և Ալեքսանդրա Եմելյանովնային հրեցին ներս։
–Սաշենկա ,– Մայան, չկարողանալով տեղից ելնել, առաջ մղվեց։
Ալեքսանդրա Եմելյանովնան չոքեց նրա մոտ, գրկեց նրան, լաց եղավ։
–Քեզ համար ուտելիք եմ բերել ,– մի բան ասած լինելու համար ասաց Ալեքսանդրան, ձեռքի ցանցազամբյուղը դնելով գետնին։– Ինձ թողել դրսում, դուք եկել, նստել եք այստեղ։ Մի՞թե դա արդարություն է։
Աղջիկները ժպտացին, տեղ արեցին նրա համար։
Մյուս բանտախցից կամացուկ ծեծեցին պատը։
–Ո՞ւմ են բերել,– հարցրին այն կողմից։
–Ալեքսանդրա Եմելյանովնային,– պատասխանեց Ուլյան։– Դուբրովինային։
–Որ մեռնեմ էլ՝ ոչինչ չեմ ասի,– խոսեց Տոնյան ։– Բայց վախենում եմ տանջելուց։ Ես դրանց լավ գիտեմ, այդ հրեշներին, գիտեմ, թե ինչպես են տանջում։
–Ոչինչ, մի վախենա,– ժպտաց Լյուբա Շևցովան։– Պատեֆոնի նվագի տակ են ծեծում, բոլորովին չի ազդում։
–Որտե՞ղ են տղաները,– ցածր հարցրեց Ալեքսանդրա Եմելյանովնան։
–Կողքի խցում։ Մեր բոլոր տղաները այնտեղ են՝ Բորյան, Անատոլին, Վիկտոր Պոպովը, Դիմկան, Վասյան, Գենա Լուկաշևը, Ռագոզինը , Նիկոլայ Ժուկովը , Տոլյա Նիկոլաևը, բոլորին բերել են։
Միջանցքում ոտնաձայներ լսվեցին , հետո կողքի բանտախցի դուռը բացվեց։ Ինչ-որ մեկին կանչեցին։ Ուլյան ծեծեց պատը, հետո մի դատարկ բանկա վերցնելով, դրեց պատին։
–Բորյային տարան,– ասացին պատի մյուս կողմից։
–Ո՞ւմ,– իբր չլսեց Ուլյան ։
–Ո՞ւմ տարան ,– հարցրեց Մայան՝ կիսաբարձրանալով տեղից։
–Չհասկացա,– ստեց Ուլյան և, ուժով պահելով իրեն, որ չփղցկա, ասաց ,– Ուզո՞ւմ եք բանաստեղծություն լսել․
Ալեքսանդրա Եմելյանովնան իսկույն հասկացավ, թե Ուլյան ինչու է ուզում բանաստեղծություն արտասանել, ասաց․
–Արտասանիր, Ուլյաշա։ Արտասանիր «Դևը»։
Ուլյան պառկած էր դեմքը դեպի առաստաղը։ Բոլորը լռեցին։ Եվ լռության մեջ հնչեց Ուլյայի բարձր ձայնը։
Արտաքսման ոգին, վշտալի Դևը,
Թռչում էր մեղսոտ երկրի վրա,
Եվ նրա մտքից խուռն անցնում էին
Հրեշտակները անուշ օրերի․․․
Ոստիկանապետ Սոլիկովսկու սենյակում նվագեցին պատեֆոնը։ Եվ հենց այդ պահին աղեկտուր մի ձայն եկավ այնտեղից։
–Սկսվեց ,– ասաց Ուլյան։ Նրա մատները ակամայից սահեցին Մայայի դեմքի վրայով։ Մայան աչքերը փակ լաց էր լինում։ Ուլյան մատների երեսով սրբեց նրա արցունքները։
–Դե, Մայա ,– լացակումաց ասաց Ալեքսանդրա Եմելյանովնան, ինքն էլ չկարողանալով պահել արցունքները։
Սլավոնների որդիք,
Որդիք ձյուների,
Ինչո՞ւ շարքերը ձեր երեր են։
-Պետք չէ խաբել, զսպված լացի միջից շշնջաց Մայան ։– Բորյային են ծեծում․ ես դա գիտեմ։
Հայրիկ իմ, հայրիկ, թող սպառնալիքները,
Քո Թամարային դու մի նախատիր,
Ես լալիս եմ, տեսնո՞ւմ ես իմ արցունքներս,
Առաջին արցունքները չեն սրանք,-
շարունակեց Ուլյան, և բոլորը զգացին, որ մթան մեջ լաց է լինում նա։
Ձեր բռնակալ արքան կլինի,
Ինչպես բոլոր դաժան տերերը․․․