Выбрать главу

Սոլիկովսկու սենյակում շարունակում էր նվագը, այնտեղ դեռ ծեծում, խոշտանգում էին ինչ-որ մեկին։

–Ես հիմա իմ եղբոր համար կերգեմ նրա սիրած երգը՝ «Սուլիկոն»,– խոսակցությունը փորձեց փոխել Շուրա Բոնդարևան։ Նա մոտեցավ, այտը սեղմեց ցուրտ պատին։– Վասյա,– կամացուկ կանչեց նա։– Վասենկա,– հետո տխրությամբ ասաց աղջիկներին ․– Գուցե եղբայրս վերջին անգամ է լսում ինձ։

–Դե, լավ, ինչե՞ր ես ասում,– այս ու այն կողմից ասացին աղջիկները։

Շուրան սկսեց երգել։ Նրա բառերը կորչում էին զսպված փղձկոցների մեջ, և պարզորոշ ոչինչ չէր լսվում։ Նա վերջացրեց երգը և սրբելով աչքերը, ասաց․

–Մերոնք այստեղ կլինեն շուտով․ լսում եք ինչպե՞ս են որոտում հրանոթները։

Բանտախցի դուռը կրնկի վրա բացվեց։ Միջանցքից կանչեցին ․

–Փեհլիվանովա Մայա․․․

Մի պաղ սարսուռ անցավ Մայայի մարմնով։ Ալքսանդրա Եմելյանովնան սեղմվեց նրան, լաց եղավ։

Մայան դանդաղ ելավ տեղից, գնաց դեպի միջանցք և այնտեղ, միջանցքում, տեսավ Բորյա Գլավանին․ նրան տանում էին արյան մեջ կորած, առանց շապիկի, ձեռքերը մինչև գետին կախ։ Մայան քիչ մնաց ճչար, բայց նրան առաջ հրեցին բաց դռնից։

Առաջինը նա տեսավ Սոլիկովսկուն՝ հաղթանդամ, երկար ձեռքերը դրած սեղանի վրա։ Նրա կողքին նստել էր Զախարովը։ Ուրիշներ էլ կային՝ տեղական ոստիկաններ ու տարբերանշաններով գերմանացիներ։ Ու Մայան նոր միայն նկատեց Վիկտոր Տրետյակևիչին։ Վիկտորը կանգնած էր առանձնասենյակի մի անկյունում, բազմոցի մոտ։ Հատակին ընկած էր նրա վերարկուն։ Իսկ դեմքը ամբողջովին կորած էր արյան մեջ։

–Պատմիր,– իր նեղ աչքերը հառելով Մայայի վրա, հրամայեց Սոլիկովսկին։

–Ես ոչինչ չգիտեմ։

–Կոմերիտկազմակերպության քարտուղար է եղել, կոմերիտշրջկոմի անդամ, Պերվոմայկայում հակապետական խումբ է կազմել ու ոչինչ չգիտի։ Պատմիր,– բղավեց նա։– Պատմիր, թե ինչպես ես ուսուցչուհուդ ներգրավել հակապետական կազմակերպության մեջ։ Երկուսիդ էլ միևնույն սյունից ենք կախելու կամ նետելու ենք միևնույն հանքահորի մեջ․․․ Պարզ է, որ ողջ-ողջ, պատմիր․․․

–Ես ոչինչ չգիտեմ ,– հանգիստ ասաց Մայան ։– Ես ոչինչ չեմ պատմի։

–Իսկ սրան ճանաչո՞ւմ ես,– ցույց տալով Վիկտորին, զայրալից ասաց նա։

–Ոչ։

–Իսկ դո՞ւ,– մոտենալով Տրետյակևիչին, գոռաց Զախարովը ։– Ո՞ւր են նռնակները։ Եվ մենք ուզում էինք սրանց արձակել․․․

–Չգիտեմ ինչ նռնակների մասին է խոսքը,– հոգնած, հազիվ լսելի ասաց Տրետյակևիչը։

Սոլիկովսկին ուժեղ հարվածեց Վիկտորի քունքին։ Վիկտորը երերաց, ընկավ։ -Տարեք։

Սոլիկովսկին մոտեցավ Մայային։

–Տեսնում եմ՝ դու խելքի եկողը չես,– հատ-հատ ասաց նա։– Բայց կարծում եմ, որոշ բան հասկացել ես։ Այո, ուզում էինք արձակել։ Պիտի ծիծաղեիք, չէ՞, մեզ վրա։ Բայց չազատվեցիք, ինչպես տեսնում եմ։ Լավ է, որ ձեր մեջ գտնվեցին ազնիվ մարդիկ և խոստովանեցին ամեն ինչ։ Թե չէ պիտի ծիծաղեիք մեզ վրա։ Պատմիր,– գոռաց Սոլիկովսկին ։– Որտե՞ղ է գտնվում շտաբը։ Ովքե՞ր էին ղեկավարում այն։ Պատմիր։

–Ես ասել եմ արդեն, ես ոչինչ չգիտեմ ։

–Ի՞նչ ես գլուխ ցավեցնում դրա հետ,– տեղից արագ ելնելով ասաց Զախարովը։– Հանեք սրա շորերը։

Մի կիսավայրկյանում ոստիկանները սովոր շարժումներով պոկեցին նրանից շորերը, և Զախարովը, անթիվ մտրակներից ընտրելով մեկը, փորձեց օդում (մտրակը օձի պես սուլեց) և սկսեց խփել Մայային։ Նա խփում էր աղջկա ձեռքերին, գլխին, դեմքին։

–Միևնույն է, ոչինչ չեմ ասի, խփեք ինչքան ուզում եք,– արյունած շուրթերը կծելով ասում էր Մայան ։– Միևնույն է, դուք ինձնով չեք ծածկի արևի դեմքը։ Ազատության արևը կշողա դեռ Դոնբասի վրա։

–Ջուր լցրեք,– հոգնած ասաց Զախարովը՝ մտրակը ձգելով մի կողմ։– Հիմա խելքի կգա։

Մի դույլ սառը ջուր լցրին Մայայի վրա։ Նա ուշքի եկավ։ Ոստիկանները օգնեցին նրան նստել։ Մայան մեջքով զգում էր ցուրտ պատը։

–Փեհլիվանովա, պատմիր,– ցածր ու սառը ասաց Սոլիկովսկին ։– Պատմիր ,– հանկարծ գոռաց նա, խոնարհվելով աղջկա վրա։– Պատմիր, թե չէ ոսկորներդ կջարդեմ․․․

–Ես ոչինչ չգիտեմ,– դողացող ձայնով ասաց Մայան, և դեռ չէր ավարտել խոսքը, Սոլիկովսկին բռունցքով խփեց նրա երեսին։

Ամեն կողմից սկսեցին կրկին խփել Մայային։ Զախարովը հրացանից հանած փոկով սկսեց խփել Մայային։ Մայան սկզբում ձեռքերով պաշտպանում էր իրեն, բայց դա երկար չտևեց։ Արյունը ցայտեց նրա դեմքից։

–Սպանիր,– գոռում էր Սոլիկովսկին ։– Սպանիր, թող խելքի գա։

Երբ Մայային նորից բանտախուց բերեցին, նա դարձյալ ուշքը կորցրել էր։ Նրան ներս հրեցին ցուրտ խցիկ և կանչեցին․

–Ուլյանա Գրոմովա․․․

Ուլյան ելավ տեղից, ետ-ետ նայելով գնաց դռների կողմը։

Անցավ երկու օր։ Երկու ծանր, տանջալից օր։ Մայան աչքերը չէր բացում, ծանր տնքում էր, զառանցանքի մեջ կանչում էր մորը, Ալեքսանդրա Եմելյանովնային, Ուլյային, Բորյային, զառանցանքի մեջ ծիծաղում էր։

Չորրորդ օրը ուշքի եկավ, աղջիկների օգնությամբ մի կերպ նստեց։

–Ոնց որ երազի մեջ լինեմ,– ընկճված ձայնով ասաց նա, հետո քիչ լռեց, ասաց ․– Ինչպե՞ս եք։

–Լավ ենք,– ասաց Ալեքսանդրա Եմելյանովնան։ Նրան նույնպես ծեծել էին։ Երեսը ամբողջովին կապտած էր, աչքատակերին ուռուցքներ կային, իսկ Ուլյայի մատները շիկացած երկաթով դաղել էին։ Անշարժ պառկած էր Լյուբա Շևցովան։ Նրան մերկացրել, մեջքի վրա գցել էին վառարանի վրա և ահա երրորդ օրն էր, չէր կարողանում շարժվել։