Выбрать главу

–Կեցցե սովետական կարմիր բանակը,– հանկարծ լսվեց Եվգենի Մաշկովի ձայնը ։– Կեցցե մեր մեծ հայրենիքը։ Մա՛հ ֆաշիստներին։

–Ռուհե,– գոռաց Գեդեմանը՝ վազելով Մաշկովի կողմը։– Լռել, լռել․․․

Մաշկովին հրելով տարան դեպի հանքահորը։

–Դու կլինես ութսունմեկերորդը,– մռլտաց Գեդեմանը և լարերով կապկպված Մաշկովին կենդանի հրեց մութ հանքահորի մեջ։

–Հաջորդը,– ոստիկանների վրա գոռաց Զախարովը։

Սկսեցին խումբ-խումբ մոտեցնել։ Նրանց գնդակահարում կամ կենդանի հրում էին ներքև։

Քարշ տալով մոտեցրին Վիկտոր Տրետյակևիչին, սակայն նա հանքահորի մոտ ազատեց կապկպած ձեռքերը և անսպասելի բռնելով Զախարովին՝ քաշեց դեպի հորը։ Սոլիկովսկին ավտոմատի կոթով խփեց Տրետյակևիչի գլխին։ Վիկտորը միանգամից փլվեց գետնին։ Ոստիկանները նրան կենդանի հրեցին հանքահորի մեջ։

–Սրիկա ,– սարսափահար հևում էր Զախարովը ։– Քիչ մնաց տաներ հետը։ Շնորհակալություն, Սոլիկովսկի։ Լավությունդ չեմ մոռանա․․․

Հետո առաջ հրեցին Վանյա Զեմնուխովին, Տոլյա Պոպովին, Ուլյային, Ալեքսանդրա Եմելյանովնային․․․ Մայային ու Բորյային տարան միասին։ Բորյան վերջին պահին շրջվեց, Մայային սեղմեց կրծքին։ «Շնորհակալություն,– մարող շշուկով ասաց նա։– Շնորհակալություն, որ դու եղել ես, և որ դու․․․» Նրան չթողեցին ավարտել խոսքը, Սոլիկովսկին հրեց նրանց մութ հանքահորի մեջ․․․

Իսկ հետո դահիճները հանքահոր նետեցին երկաթի ծանր կտորներ, քարեր, մի քանի վագոնետներ։

Երիտասարդ գվարդիականների հառաչանքներից ու տնքոցներից երերում էր հողը։

Իսկ հետո եղավ լռություն։

Իսկ հետո ձյուն տեղաց․ երկինքը երկար արտասվեց ճերմակ փաթիլ-արցունքներով։

Հետո լուսինն անցավ ամպերի ետևը։ Երկինքը պատվեց խավարով։

Խավարի մեջ անընդհատ խշշում, օրորվում էին բարդիները։

Տխուր օրորվում էին բարդիները։

Վ Ե Ր Ջ Ա Բ Ա Ն Ի Փ Ո Խ Ա Ր Ե Ն

Իսկ հետո՞… Հետո՝ ոչինչ. գալիս են նորերը, սիրում են, գողունի համբուրվում են խշշուն բարդիների տակ:       Երևի հիշում կամ չեն հիշում նրանց, ովքեր չկան արդեն:       Եվ քեզ են հիշում, Մայա, կամ գուցե և չեն հիշում. չէ-որ երկար տարիներ են անցել…

Ես եկա հեռավոր Կրասնոդոն, Պերվոմայկայում գտա ձեր տունը:      Ես խոսել էի քո ուսուցիչների հետ, ովքեր անհուն կարոտով էին հիշում քեզ, հանդիպել էի ողջ մնացած ընկերներիդ, որոնց հետ խնդուն օրեր եք ապրել ոչ այնքան հեռու մանկութ տարիներին, միասին ծիծաղել ու վշտացել՝ տարված անհոգ խաղերով:

Ես ուզում էի տեսնել այն բոլոր իրերը, ինչին ձեռք ես տվել, ուզում էի տեսնել քո գրասեղանը, քո մահճակալը, քո գրքերը, այն ամենը, ինչ կապված էր քեզ հետ:

Ես այնպես կուզենայի, որ դու հիմա նստած լինեիր իմ դիմաց:

Ես ուզում էի տեսնել մորդ, նրա հետ զրուցել քո մասին, սակայն դա հնարավոր չէր:       Մայրդ հիվանդ էր, նրան չէր կարելի անհանգստացնել:      Մորդ բազում թախանձանքներին, որ իր դուստրը Կրասնոդոնի կոմերիտշրջկոմի անդամ է եղել, դպրոցի կոմերիտկազմակերպության քարտուղար, որ նա, հատկապես նա է կազմակերպել ու գլխավորել Պերվոմայկայի ընդհատակյա կազմակերպությունը, նա է արժանի հերոսի կոչման և ոչ բնավ իներորդ դասանանի աշակերտուհի Ուլյանա Գրոմովան, վերևներում լրբորեն պատասխանել էին, որ Գրոմովայի ռուսական ազգանունն ավելի հնչեղ է:      ,,Այդ օրվանից վեր չի կենում անկողնուց, տանջվում, Մայայի անունն է տալիս շարունակ, արտասվում է…-դառնակսկիծ ասաց մորաքույր,– մի երկու օրից եկեք, գուցե հաջողվի զրուցել հետը…,,:

Երկու օր հետո մայրդ չկար արդեն:      Վերջին վայրկյանին նա խնդրել էր քո նկարը , սեղմել էր կրծքին ու մարել:

Երկինքը մանր անձրև էր մաղում: Ես կանգնել էը ձեր տան մոտ, անձրևի տակ, երկար ժամանակ չէի կարողանում հեռանալ:       Հետո հեռվից նորից ետ նայեցի, իրիկնային աղջամուղջի մեջ, բլրի վրա միայնակ կանգնած էր ձեր տունը՝ լքյալ ու անտերունչ…

================

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԷՆ ԼՈՌՈՒ ՁՈՐՆ Է

ՓՈՐՁԱՐԿՈՒՄ

ԴԵՂՁԱՆԻԿԸ ԳԵՂ-ԳԵՂ ԵՐԳԵՑ ԳԵՏԻՑ ԱՅՍ ԿՈՂՄ

ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ

УТЕРЯННЫЕ ТОПОЛЯ

(Эссе. Две повести. Роман.)

На армянском языке