–Իսկ ինձ ո՞ր շարքում են դասել,—նորից ժպտաց երիտասարդը։
–Հիմա՛ր,—կախվեց քաշեց նրա ականջը։
Այդ ոտից գլուխ ջարդված երիտասրադի մեջ կար զարմանալի նմանություն իրեն, այո՛ իրեն։ Ինքն էլ մի ժամանակ նույնն էր։ Նույնիսկ ամենավատ ու անհուսալի պայմանններում գտնում էր հումորի տեղ, հաճախ՝ սև հումորի։
«Հիմարին» իրենց հետ տարավ Երևան, հետագա բուժումը շարունակվեց այնտեղ, իսկ մինչև ապաքինվեր պիտի մնար իրենց տանը։
Սակայն շատ բան փոխվեց, երբ եկավ Կամոյի մայրը։
Արմենը հիվանդանոց եկավ ինչպես միշտ նույն ժամին․ փոխանակ ճաշի գնա ընդմիջումին, եկավ երիտասարդի մոտ, որպեսզի միասին ճաշեն։ Չնայած հիվանդանոցում բավական ախորժելի ճաշեր կային, «լրացուցիչ կերից» Կամոն չէր հրաժարվում։
–Այսօր հինգերորդ օրն է ինչ այստեղ եմ։ Այսօր մայրիկս պիտի գա։
–Լավ է։ Ուրեմն դրա համար բարձր է տրամադրությունդ։
Քսանչորս տարեկան տղամարդը չորս տարեկանի նման ուրախանում էր մոր գալուն։ Քառասունն անց տղամարդու համար դա քթի տակ ժպտալու պատճառ էր։ Ինքը մորը չպատմեց ավտովթարի մասին․ խնայեց նրա ծնողական սիրտը։
Հեռախոսի զանգը հնչեց ու Արմենը դուրս եկավ պատասխանելու։ Աշխատանքից էր․ ինքը բանկում էր աշխատում։ Տարված խոսակցությամբ Արմենը չնկատեց ինչպես հիվանդասենյակ մտավ մի կին՝ Կամոյի մայրը։
–Վերջապե՛ս,—խոսակցությունը ավարտելուց հետո արտասանեց Արմենը։ Զգաց ինչպես մեջքի հետևում բացվեց դուռը ու լսեց Կամոյի ձայնը․ «Նա այդտեղ է մայրիկ»։
Արմենը շրջվեց դեպի դեպի դուռը ու տեսավ դիմացը կանգնած անծանոթին։
–Ուրեմն դու՞ք եք Կամոյի մայրը։
–Այո,—հազիվ պատասխանեց կինը։ Նա քարացած աչք չէր պոկում Արմենի դեմքից։ Զարմանքի ու սարասափի խառնուրդ էր արտահայտում նրա ողջ էությունը։ Բացուխուփ արեց բերանը, դողացող ձեռքերը սեղմեց կրծքին ու չռեց աչքերը այնպես, ասես հիմա հանկարծամահ ընկնելու է գետնին։
Արմենին իհարկե տարօրինակ թվաց նման պահվածքը։ Նա երկար սպասեց, որ կինը գոնե մի բառ արտասանի, սակայն հասկանալով, որ նա միայն շանթահարի նման ցցվել իրեն է նայում ու քթի տակ շշնջում անհասկանալի կցկտուր բառեր, առաջարկեց մտնել Կամոյի մոտ։ Որդու մոտ կինը արդեն հանդարտվեց, սակայն Արմենի աչքից չվրիպեց նրա հուզմունքը․ ինչպես նայում է մե՛կ իրեն, մե՛կ որդուն։ Երևի չափից ավելի մտատանջությունից է։ Արմենը գտավ հազար բացատրություն նրա պահվածքին։
–Դե՜ լա՜վ, ես գնամ, աշխատանքից եմ եկել։ Երեկոյան կգամ։ Իսկ ձեզ ինչպես հասկացա դժվար կլինի այստեղից հանել․․․ հիմա՜,—ժպտաց Արմենը,—երեկոյան ձեզ կտանեմ մեր տուն։
Ցտեսություն ասելուց հետո դուրս եկավ ու ողջ ճանապարհին մտածում էր այդ կնոջ մասին։ Կամոյի մայրը իրեն դուր չեկավ։ Դե՜, ինչու՞ նա իրեն պիտի դուր գար։ Սակայն չգիտես ինչու սպասում էր լրիվ ուրիշ մարդու։ Կամոյի նման արև-երիտասարդը պիտի ունենար իր նման արև մայր։ Իսկ այս անդուր անձնավորությունը Կամոյի հակապատկերն էր։ Ու սրտի խորքում դեմ էր նրա ներկայությունից իր տան մեջ։ Ավելի լավ է մերժի հրավերը ու մնա հյուրանոցում կամ բարեկամների մոտ։ Բայց ի՜նչ բարեկամ․․․ հինգ օրվա մեջ միայն երկու ընկեր է եկել Կամոյի մոտ, երկուսն էլ նրա խելքին։
Կնոջը զգուշացրեց Կամոյի մոր մասին ու աշխատանքից հետո եկավ ուղիղ հիվանդանոց։ Զարմանալի փոփոխություն էր տեղի ունեցել Նաիրայի մեջ՝ այդպես էր Կամոյի մոր անունը։ Արդեն ժպտում էր, չնայեց տարօրինակ հայացքով, նույնիսկ շնորհակալություն հայտնեց իր հոգատարության համար։
–Մենք երկար խոսեցինք Կամոյի հետ, ու նա պատմեց ինչքան լավություն եք արել։
Արմենը ուշադիր լսում էր նրան, զգում անկեղծ ջերմություն։ Մնալ իրենց տանը Նաիրան հրաժարվեց, ասաց ունի ընկերուհի, ում մոտ կմնա։ Սրտի խորքում Արմենը ուրախացավ, սակայն թեթև հակաճառեց․
–Ո՜չ-ո՜չ-ո՜չ, կմնա՛ք մեր տանը։
Նաիրան հոնքերի տակից նայեց նույն հայացքով ինչպես միջանցքում ակնապիշ մնացել էր, սակայն արագ հավաքեց իրեն ու կրկնեց․
–Կմնա՛մ ընկերուհուս տանը։
Ի՞նչ էր փնտրում կամ գտել էր իր մեջ՝ Արմենը այնպես էլ չհասկացավ։ Իր մոր տարիքին կինը, շեկ ներկված մազերով, խնամված դեմքով, մի քիչ գեր, սակայն համակրելի տեսք ուներ։ Բայց կար նրա մեջ վանող ու թշնամական հատկանիշ։ Երկուսն էլ զգում էին թաքուն հակակրանք իրար հանդեպ։
Անցավ երկու ամսից ավելի։ Կամոն արագ էր ապաքինվում։ Երիտասրդ օրգանիզմը բոլոր ուժերը գցել էր վերականգման վրա։ Ընթացքում Նաիրան վերադարձավ Ռուսաստան ու ետ եկավ։
–Սրա՞ համար էիք այնքա՜ն ճանապարհ անցել,—բացականչեց Արմենը, երբ տեսավ Կամոյին կիթառը ձեռքում։
Երիտասարդը ժպտաց։
–Առանց սրա ես կյանք չունեմ։
Մի քանի անգամ նույնիսկ միասին երգեցին։ Տեղավորվում էին հիվանդանոցի առջևի պուրակի նստարաններին ու երգում։ Նման դեպքերում Նաիրան քաշվում էր հեռու, ու նրա ներկայությունը լրիվ մոռացվում էր։
Երբ Կամոն նվագում էր կամ երգում, նա միաձուլվում էր մեղեդու հետ, դառնում իսկական արև։
Արմենը թև էր առնում նրա կողքին։ Ասես կյանքը տվել էր հնարավորություն պտտել ժամանակի անիվը ետ ու վայելել սիրելի արվեստը, առանց որի գոյություն չէր պատկերացնում։ Հաճելի էր սուզվել այդ աշխարհը նորից։ Եթե բուժքույրերը չգային Կամոյի հետևից, ապա կարող էին մոռանալով ամեն ինչ երգել։ Լինում էին վայրկյանններ երբ Արմենի մեջ արմատ էին առնում երգով զբաղվելու իղձերը։ Բայց դա միայն ակնթարթային թուլություններ էին։ Իրականությունը արագ էր սթափեցնում ու վերադարձնում սովորական կյանք։ Սրտի խորքում զգում էր ափսոսանք չիրականացած երազանքների վերաբերյալ։ Ավելի հաճախ էր ուզում տեսնել Կամոյին։ Նրա ձիրքը երաժշտական արվեստի նկատմամբ բարի նախանձ էր առաջ բերում։ Թող գոնե մեկը այս աշխարհում հասնի նպատակին։ Թող աշխարհը վայելի նրա սքանչելի ձայնը։ Կամոն ուներ այն ինչ ինքը չի ունեցել երբե՛ք՝ խիզախությու՛ն, նպատակասլացությու՛ն ու գլխավորը՝ ծնողների օգնությու՛ն։ Արև-տղան պիտի ունենա արև ապագա։