Քաջարի զինվոր Շվեյկի արկածները
Նախաբան
Մեծ դարաշրջանին հարկավոր են մեծ մարդիկ: Աշխարհում կան չճանաչված համեստ հերոսներ, որոնք իրենց համար Նապոլեոնի փառք չեն նվաճել: Պատմությունը նրանց մասին ոչինչ չի ասում: Սակայն ուշադիր վերլուծության դեպքում նրանք իրենց փառքով կմթագնեին նույնիսկ Ալեքսանդր Մակեդոնացու փառքը: Մեր օրերում դուք Պրագայի փողոցներում կարող եք հանդիպել անշուք հագնված մի մարդու, որն ինքն էլ չի կռահում, թե որքան մեծ է իր նշանակությունը նոր, մեծ դարաշրջանի պատմության մեջ: Նա համեստորեն քայլում է իր ճանապարհով, ոչ ոքի չի կպչում աներեսաբար, բայց ժուռնալիստներն էլ նրան չեն կպչում ինտերվյու ստանալու խնդրանքով։ Եթե դուք նրան հարցնելու լինեք իր ազգանունը, նա պարզասրտորեն ու համեստաբար կպատասխանի. «Շվեյկ»:
Եվ իսկապես, այդ հանգիստ, հնամաշ հագուստով համեստ մարդը ոչ այլ ոք է, եթե ոչ քաջարի հին զինվոր Շվեյկը, այն անվեհեր հերոսը, որի անունը դեռևս Ավստրո-Հունգարիայի օրոք չեխական թագավորության բոլոր քաղաքացիների շուրթերին էր և որի փառքը չի խամրելու նաև հանրապետությունում:
Ես սրտանց սիրում եմ քաջարի զինվոր Շվեյկին և, ընթերցողների ուշադրությանը ներկայացնելով համաշխարհային պատերազմի ժամանակվա նրա արկածները, համոզված եմ, որ նրանք բոլորը կհամակրեն այդ չճանաչված հերոսին: Նա չի այրել Եփեսոսի աստվածուհու տաճարը, ինչպես այդ բանն արել է հիմար Հերոստրատը՝ թերթերի ու դպրոցական քրեստոմատիաների մեջ ընկնելու համար:
Եվ դա իսկ բավական է:
Հեղինակ
Քաջարի զինվոր Շվեյկի արկածները, Մասն առաջին: Թիկունքում
Թե ինչպես Շվեյկը մտավ համաշխարհային պատերազմի մեջ
– Ուրեմն, մեր Ֆերդինանդին խփել են,– ասաց աղախինը պան Շվեյկին, որը մի քանի տարի առաջ, երբ բժշկական հանձնաժողովը նրան ապուշ էր համարել, թողել էր զինվորական ծառայությունը և այժմ զբաղվում էր շների անճոռնի խառնածիններ վաճառելով, որոնց համար ազնվածնական ցեղագրություններ էր հորինում։
Բացի դրանից, նա տառապում էր նաև ռևմատիզմով և ներկա պահին ծնկներին օպոդելդոկ էր քսում։
– Ո՞ր ֆերդինանդին, պանի Մյուլլեր,– հարցրեց Շվեյկը, չդադարելով ծնկները շփելուց։– Ես երկու Ֆերդինանդ եմ ճանաչում։ Մեկը ծառայում էր դեղագործ Պրուշիի մոտ և մի անգամ այնտեղ սխալմամբ մի շիշ մազ բսցնող հեղուկ էր խմել։ Մի Ֆերդինանդ Կոկոշկա էլ կա, որ շան կղկղանք է հավաքում։ Երկուսն էլ իսկի ափսոսալու բան չեն։
– Չէ՛, պարոն, էրցհերցոգ Ֆերդինանդին, Կոնոպիշչիում ապրող այն չաղ, աստվածավախ Ֆերդինանդին։
– Հիսո՜ւս Քրիստոս,– բացականչեց Շվեյկլւ։– Տես, է՜։ Իսկ այդ բանը պան էրցհերցոգին որտե՞ղ է պատահել։
– Նրան խփել են Սարաևոյում։ Ատրճանակով։ Այնտեղ իր էրցհերցոգուհու հետ ավտոմոբիլով անցնելիս է եղել։
– Ի՞նչ եք ասում, պանի Մյուլլեր, ավտոմոբիլո՜վ։ Իհարկե, նրա նման աղա մարդը կարող էր իրեն այդպիսի բան թույլ տալ, և երևի մտքովն էլ չի անցել, որ ավտոմոբիլով ման գալու վերջը կարող է վատ լինել։ Այն էլ Սարաևոյում։ Ախր այդ Սարաևոն Բոսնիայում է, պանի Մյուլլեր… Երևում է, թուրքերի սարքած բանն է։ Կարիք չկար, որ մեջ ընկնեինք ու նրանցից խլեինք Բոսնիան ու Հերցոգինան… Ուրեմն, այդպիսի բաներ, պանի Մյուլլեր։ Էրցհերցոգն, ուրեմն, հոգին ավանդեց։ Շա՞տ է տանջվել։
– Պան էրցհերցոգը տեղնուտեղը շունչը փչել է։ Դե՛հ, իհարկե, ատրճանակի հետ հանաք անել չի լինի։ Վերջերս այստեղ, Նուսլիում, մի պարոն ատրճանակի հետ խաղ է արել ու կոտորել իր ամբողջ ընտանիքը, սպանել դռնապանին էլ, որը գնացել է տեսնելու, թե չորրորդ հարկում կենողներից որն է կրակում։
– Ատրճանակ կա, պանի Մյուլլեր, որ մարդ ճաքի էլ՝ չի կարող կրակել։ Այդպիսի սիստեմներ շատ կան։ Բայց, երևի, պան էրցհերցոգի համար մի առանձին տեսակի բան են առած եղել։ Բացի դրանից, կարող եմ գրազ գալ, որ կրակողն այդ գործն անելու համար կարգին հագնված-զուգված է եղել։ Պարզ բան է, էրցհերցոգի վրա կրակելը հեշտ աշխատանք չի, դա հո նույնը չի, որ մի շրջմոլիկ վերցնի ու խփի անտառապահին։ Ամբողջ շնորհքն այն է, թե մարդ ինչպես կկարողանա մոտենալ նրան։ Նրա նման աղային քրջերով մոտենալ չեն կարող։ Անպայման պետք է ցիլինդր դնես, թե չէ մեկ էլ տեսար ոստիկանը չամփեց։
– Ասում են, պարո՛ն, այնտեղ շատ մարդ է եղել։
– Պարզ բան է, պանի Մյուլլեր,– հաստատեց Շվեյկը, վերջացնելով ծնկների մասսաժը։– Եթե դուք, օրինակ, ցանկանայիք էրցհերցոգին կամ թագավոր կայսրին սպանել, անպայման մեկնումեկի հետ կխորհրդակցեիք։ Մի խելքը լավ է, երկուսը՝ ավելի լավ։ Մեկը մի խորհուրդ կտա, մյուսը՝ մի ուրիշ, և «բաց է ուղին հաջողությանց», ինչպես երգվում է մեր հիմնի մեջ։ Գլխավորն այն է, որ իմանաս, թե այդ աղան մոտովդ երբ է անցնելու։ Հիշո՞ւմ եք պարոն Էյուկենիին, որ մեր հանգուցյալ Ելիզավետային խարտոցով ծակեց։ Այնինչ հետը զբոսնում էր։ Դե եկ ու դրանից հետո մեկն ու մեկին հավատա։ Այդ օրվանից ոչ մի կայսրուհի զբոսնելու չի գնում։ Այդ բանը դեռ շատերին կպատահի։ Ա՛յ, կտեսնեք, պանի Մյուլլեր, նրանք ռուսաց ցարին ու ցարուհուն էլ կհասնեն, և գուցե, աստված չանի, մեր թագավոր կայսրին էլ, քանի որ սկսել են նրա հորեղբորից։ Ծերուկը շատ թշնամիներ ունի, ավելի շատ, քան Ֆերդինանդը։ Օրերս պանդոկում մի պարոն ասում էր. «Կգա ժամանակ, այդ կայսրերը կթռչեն իրար հետևից, և նրանց չի կարող օգնել նույնիսկ պետական դատախազությունը»։ Հետո պարզվեց, որ այդ տիպը իր խմած գարեջրի համար վճարելու փող չունի, և պանդոկապետը ստիպված եղավ ոստիկան կանչել, իսկ նա պանդոկապետին հասցրեց մեկ, իսկ ոստիկանին՝ երկու ապտակ։ Հետո նրան ձեռնասայլակով տարան, որ ուշքի գա… Այո, պանի Մյուլլեր, համա՜ թե գործեր են կատարվում հիմա։ Ուրեմն, էլի մի կորուստ Ավստրիայի համար։ Երբ ես զինվորական ծառայության մեջ էի, եղավ, որ այնտեղ մի հետևակ զինվոր կապիտանին խփեց։ Լցրել էր հրացանը ու գնացել գրասենյակ։ Այնտեղ նրան ասել էին, թե գրասենյակում անելիք չունի, իսկ նա մի գլուխ, թե՝ պետք է կապիտանի հետ խոսեմ։ Կապիտանը դուրս է գալիս և նրան զրկում զորանոցից հեռանալու իրավունքից, իսկ նա վերցնում է հրացանը և, դրմփ, ուղիղ սրտին։ Գնդակը ծակում-անցնում է կապիտանի միջով և դեռ գրասենյակում էլ վնասներ տալիս, փշրում է թանաքի շիշը, և թանաքը թափվում, կեղտոտում է պաշտոնական գրությունները։