– Ես այդ քննություններից բոլորովին չեմ վախենում,– ասաց Շվեյկը։– Երբ ես զինվորական ծառայության մեջ էի, ինձ մի անասնաբույժ քննեց, և ամեն ինչ լավ վերջացավ։
– Դատական բժիշկները գարշելի արարածներ են,– արձագանքեց կուչ եկած մի մարդուկ։– Վերջերս իմ մարգագետնից պատահմամբ մի կմախք էին փորել-հանել, և դատական բժիշկները հայտարարեցին, թե այդ մարդը, ինչ֊որ բութ գործիքով գլխին հասցրած հարվածից, մեռել է սրանից քառասուն տարի առաջ։ Ես երեսունութ տարեկան եմ, սակայն ինձ նստեցրին, չնայած որ ունեմ մկրտության վկայական, չափաբերականից հանված քաղվածք ու գրանցման վկայական։
– Ես կարծում եմ,– ասաց Շվեյկը,– որ այդ ամենի վրա պետք է նայել անկանխակալ կերպով։ Ամեն մարդ կարող է սխալվել, իսկ եթե մի բանի մասին շատ մտածի՝ անպայման կսխալվի։ Ախր բժիշկներն էլ մարդ են, իսկ մարդս սխալական է։ Մի անգամ Նուսլիում, հենց Բոտիչի կամրջի մոտ, երբ ես գիշերով վերադառնում էի Բանզետից, մի պարոն մոտեցավ ինձ ու դագանակով շրմփացրեց գլխիս։ Ես, հասկանալի է, գետին գլորվեցի, իսկ նա լուսավորեց ինձ ու ասաց. «Սխալ էր, սա նա չի», և այդ սխալն այնքան բարկացրեց նրան, որ մեկ անգամ էլ մեջքս դաղեց։ Դե՛հ, ի՞նչ արած, մարդուս ճակատին գրված է՝ սխալվել մինչև մահ ու գերեզման։ Ահա մի անգամ այսպիսի դեպք է պատահել. մի մարդ գիշերը մի կիսասառած կատաղած շուն է գտել, վերցրել, տարել է տուն ու կոխել կնկա անկողինը։ Շունը տաքացել է, ուշքի եկել, կծոտել ամբողջ ընտանիքը, իսկ ամենափոքրին օրորոցի մեջ պատառոտել ու լափել։ Կամ բերեմ մի ուրիշ օրինակ, թե ինչպես է սխալվել մեր տանն ապրող խառատը։ Սա բանալիով բացել է Պոդոլի եկեղեցու դուռը, կարծելով, թե իր տունն է եկել, հանվել է խորանում, քանի որ կարծել է, թե իր խոհանոցումն է, պառկել է բեմի սուրբ սեղանի վրա, կարծելով, թե տանը անկողնու մեջ է, վրան քաշել է սուրբ գրություններով ծածկված վարշամակները, իսկ գլխի տակ դրել ավետարանը և ուրիշ սուրբ գրքեր էլ, որ ավելի բարձր լինի։ Առավոտյան նրան այնտեղ գտել է եկեղեցու պահակը, իսկ մեր խառատը ուշքի գալուց հետո բարեհոգաբար վերջինիս ասել է, թե ինքը սխալ է կատարել։ «Լա՜վ սխալ է,– ասում է եկեղեցու պահակը,– այդպիսի սխալի համար ստիպված պիտի լինենք եկեղեցին նորից օծել»։ Հետո այդ խառատը դատական բժիշկների առաջ կանգնեց, իսկ նրանք նրան ապացուցեցին, թե նա միանգամայն սթափ է եղել, թե իբր եթե հարբած լիներ՝ չէր կարողանա բանալին մտցնել կողպեքի անցքը։ Հետո այդ խառատը մեռավ Պանկրացում… Մի օրինակ էլ կբերեմ, թե ինչպես Կլադնոյում սխալվեց հռչակավոր ռոտմիստր Ռոտտերի ոստիկանական գամփռը։ Ռոտմիստր Ռոտտերը շներ էր վարժեցնում և նրանց այնքան էր մարզել շրջմոլիկների վրա քսի տալով, մինչև որ բոլոր շրջմոլիկներն սկսել էին Կլադնոյի ռայոնը շրջանցել։ Այն ժամանակ Ռոտտերը հրամայել էր, որ ժանդարմները, թեկուզ ճաքեն էլ, մի որևէ կասկածելի մարդ բռնեն ու բերեն։ Եվ ահա մի անգամ նրա մոտ բերում են բավական վայելուչ հագնված մի մարդ, որին գտել էին Լանի անտառում՝ մի կոճղի վրա նստած։ Ռոտտերն անմիջապես հրամայում է նրա պիջակի փեշից մի կտոր կտրել և այդ կտորը տալիս է հոտոտելու իր խուզարկու շներին։ Այնուհետև այդ մարդուն տանում են քաղաքից դուրս գտնվող աղյուսագործարանը և նրա հետքով բաց թողնում ասածս վարժեցրած շներին, որոնք նրան գտնում ու հետ են բերում։ Հետո նրան հրամայում են սանդուղքով բարձրանալ ձեղնահարկը, ցատկել քարաշեն ցանկապատի վրայով, նետվել լճակի մեջ, իսկ շներին բաց են թողնում իր հետևից։ Ի վերջո պարզվում է, որ այդ մարդը ռադիկալ դեպուտատ է, որը, պառլամենտում նստելուց զզված, գնացած է եղել Լամի անտառում զբոսնելու։ Դրա համար էլ ասում եմ, որ մարդս սխալական է, լինի ուսյալ թե անկիրթ տխմարի մեկը։ Մինիստրներն էլ են սխալվում։
Դատաբժշկական հանձնաժողովը, որը պիտի պարզեր, թե արդյոք Շվեյկը, նրա հոգեկան կացությունը նկատ ի ունենալով, ի վիճակի՞ է պատասխանատվություն կրելու այն բոլոր հանցագործությունների համար, որոնց մեջ մեղադրվում է, կազմված էր երեք չտեսնված լուրջ պարոններից, ըստ որում ամեն մեկի հայացքները միանգամայն տարբերվում էին մյուս երկուսի հայացքներից։ Այստեղ ներկայացված էին հոգեբուժության երեք տարբեր դպրոցներ։
Եվ եթե ի դեպս Շվեյկի գիտական երեք հակադիր դպրոցները լիովին համաձայնության եկան, ապա դա անհրաժեշտ է բացատրել միմիայն այն վիթխարի տպավորությամբ, որ Շվեյկը գործեց ամբողջ հանձնաժողովի վրա, երբ, մտնելով դահլիճ, ուր պիտի կայանար նրա հոգեկան վիճակի քննությունը, և պատի վրա նկատելով ավստրիական կայսեր դիմանկարը, բարձրաձայն գոչեց, «Պարոնայք, կեցցե՜ թագավոր կայսր Ֆրանց Իոսիֆ Առաջինը»։
Գործը միանգամայն պարզ էր։ Շնորհիվ այն հայտարարության, որ Շվեյկն արեց իր սեփական նախաձեռնությամբ, մի շարք հարցեր վերացան և մնացին միայն մի քանի կարևորագույն հարցեր։ Այդ հարցերին տրվելիք պատասխանները պետք է հաստատեին այն նախնական կարծիքը, որ կազմվել էր ըստ հոգեբուժության դոկտոր Կալերսոնի, դոկտոր Հեվերոխի և անգլիացի Վեյկինգի սիստեմների։
– Ռադիումը արճիճից ծա՞նր է։