Выбрать главу

– Կներեք, չեմ կշռել,– պատասխանեց Շվեյկն իր անուշիկ ժպիտով։

– Աշխարհի վերջին հավատո՞ւմ եք։

– Նախ և առաջ ես պետք է տեսնեմ այդ վերջը։ Բայց համենայն դեպս, դա դեռ վաղը չի լինի,– անփույթ պատասխանեց Շվեյկը։

– Իսկ կկարողանայի՞ք հաշվարկել երկրագնդի տրամագիծը։

– Կներեք, չէի կարողանա,– ասաց Շվեյկը։– Սակայն, պարոնայք, ես էլ եմ ուզում ձեզ մի հանելուկ առաջարկել։– Կանգնած է չորսհարկանի մի տուն, յուրաքանչյուր հարկում ութ լուսամուտ, կտուրին երկու ձեղնալուսամուտ և երկու ծխնելույզ, յուրաքանչյուր հարկում երկու կենվոր։ Իսկ հիմա ասացեք, պարոնայք, ո՞ր թվին է մեռել դռնապանի տատը։

Դատական բժիշկները բազմանշանակալից իրար նայեցին։ Այնուամենայնիվ նրանցից մեկը մի այսպիսի հարց էլ տվեց.

– Արդյոք չգիտե՞ք, թե ինչքան է Խաղաղ օվկիանոսի ամենամեծ խորությունը։

– Այդ մեկը, կներեք, չգիտեմ,– լսվեց պատասխանը,– բայց կարծում եմ, որ դա ավելի կլինի, քան Վլտավայի խորությունը Վիշեգրադի ժայռի տակ։

– Բավակա՞ն է,– լակոնիկ կերպով հարցրեց հանձնաժողովի նախագահը։

Սակայն անդամներից մեկը թույլտվություն խնդրեց տալու նաև հետևյալ հարցը.

– Ի՞նչ կստացվի, եթե 12807-ը բազմապատկենք 13863-ով։

– 729,– պատասխանեց Շվեյկը առանց աչքը ճպելու։

– Կարծում եմ, միանգամայն բավական է,– ասաց հանձնաժողովի նախագահը։– Մեղադրյալին կարող եք տանել իր առաջվա տեղը։

– Շնորհակալություն, պարոնայք,– քաղաքավարի ասաց Շվեյկը։– Իմ կարծիքով էլ միանգամայն բավական է։

Շվեյկի գնալուց հետո երեքի կոլեգիան հանգեց հետևյալ միահամուռ եզրակացության. Շվեյկը կատարյալ հիմար և ապուշ է ըստ բնության այն բոլոր օրենքների, որ հայտնագործել են հռչակավոր հոգեբույժ գիտնականները։ Դատաքննիչին տրված եզրակացության մեջ, ի միջի այլոց, գրված էր.

«Ներքոստորագրյալ դատական բժիշկները համակարծիք են վերոհիշյալ հանձնաժողովին ներկայացած Շվեյկ Յոզեֆի կատարյալ հոգեկան բթության և բնատուր կրետինիզմի բնորոշման մեջ, որի կրետինիզմը երևում է «Կեցցե Ֆրանց Իոսիֆ Առաջին կայսրը» հայտարարությունից, որը միանգամայն բավական է, որպեսզի Յոզեֆ Շվեյկի հոգեկան վիճակը բնորոշվի, որպես բացահայտ ապուշ։ Ելնելով դրանից, ներքոստորագրյալ հանձնաժողովը առաջարկում է.

Յոզեֆ Շվեյկի գործի դատական հետաքննությունը կարճել և

Յոզեֆ Շվեյկին քննության ուղարկել հոգեբուժական կլինիկա՝ պարզելու համար, թե նրա հոգեկան վիճակը ի՛նչ չափով է վտանգավոր շրջապատում գտնվողների համար»։

Այն Ժամանակ, երբ կայացնում էին այդ եզրակացությունը, Շվեյկն իր բանտընկերներին պատմում էր.

– Ֆերդինանդի վրա թքեցին, իսկ ինձ հետ շաղակրատում էին զանազան դատարկ-մատարկ բաների մասին։ Ի վերջո մենք իրար ասացինք, թե արդեն բավական զրուցեցինք, ու բաժանվեցինք։

– Ես ոչ ոքի չեմ հավատում,– վրա բերեց կուչ եկած մարդուկը, որի մարգագետնից պատահմամբ կմախք էին հանել,– այդ ամենը պարզապես ժուլիկություն է։

– Առանց ժուլիկության էլ յոլա գնալ չի լինի,– առարկեց Շվեյկը, տեղավորվելով ծղոտե ներքնակի վրա։– Եթե բոլոր մարդիկ միայն ուրիշների բարեկեցության մասին մտածեին, ապա էլ ավելի շուտ իրար միս կկրծեին։

Շվեյկին գժանոցից վռնդում են

Հետագայում նկարագրելով իր գժանոցում լինելը, Շվեյկը բացառիկ գովեստով էր խոսում այդ հաստատության մասին։

– Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե այդ գժերն ինչո՞ւ են զայրանում, որ իրենց պահում են այնտեղ։ Այնտեղ մարդ կարող է հատակին տկլոր սողալ, չախկալի պես կաղկանձել, դիվոտել ու կծել։ Եթե մեկնումեկը նույնն աներ փողոցում, անցորդները զարմացած կմնային, իսկ այնտեղ դա սովորական բան է։ Այնտեղ այնպիսի ազատություն է, որ սոցիալիստներն իսկ չեն երազել։ Այնտեղ մարդ կարող է իրեն համարել և՛ աստված, և՛ Մարիամ աստվածածին, և՛ հռոմի պապ, և՛ Անգլիայի թագավոր, և՛ թագավոր կայսր, և՛ սբ. Վացլավ, ըստ որում վերջինս շարունակ կապկպված պառկած էր մեկուսարանում։ Այնտեղ կար այնպիսի մեկը, որ գոռում էր, թե ինքը արքեպիսկոպոս է, և ոչինչ չէր անում, միայն խժռում էր, և, կներեք, մի այնպիսի բան անում, որ հանգավորվում է «խժռել» բառի հետ, քանզի այնտեղ ոչ ոք չէր ամաչում այդ բանն անելուց։ Իսկ մի ուրիշն իրեն միանգամից համարում էր սուրբ Կիրիլ և Մեֆոդի, որպեսզի երկու ճաշաբաժին ստանար։ Այնտեղ նույնիսկ մի հղի պարոն կար, որը յուրաքանչյուրին կնունքի էր հրավիրում։ Այնտեղ կային շատ շախմատիստներ ու քաղաքագետներ, ձկնորսներ ու սկաուտներ, նամականիշներ հավաքողներ ու սիրող լուսանկարիչներ: Մեկն այնտեղ ընկել էր ինչ-որ հին պուտուկների պատճառով, որոնց նա աճյունասափոր էր անվանում։ Մի ուրիշին շարունակ պահում էին զսպաշապկի մեջ, որպեսզի չկարողանար հաշվել, թե աշխարհի վերջն երբ է գալու։ Այնտեղ ես մտերմացել էի մի քանի պրոֆեսորների հետ։ Նրանցից մեկը շարունակ կրնկակոխ քայլում էր իմ հետևից ու բացատրում, թե գնչուների օրրանը գտնվելիս է եղել Կրկոնիշիում, իսկ մի ուրիշն ապացուցում էր, թե երկրագնդի ներսում մի ուրիշ գունդ կա, որը զգալիորեն մեծ է դրսի գնդից:

Այնտեղ յուրաքանչյուրը կարող էր դուրս տալ ինչ խելքին փչեր, ինչպես պառլամենտում։ Մի անգամ այնտեղ սկսեցին հեքիաթ պատմել, հետո իրար մի լավ դնքստեցին, երբ մի ոմն իշխանուհու բանը վատ վերջացավ։ Ամենից կատաղին այն պարոնն էր, որն իրեն համարում էր Օտտոյի գիտական բառարանի 16֊րդ հատոր և յուրաքանչյուրին խնդրում էր, որ իրեն բացի ու գտնի «Կազմարարական բիզ» բառը, թե չէ ինքը կորած է։ Նա չէր հանգստանում, մինչև որ զսպաշապիկ չհագցրին։ Այն ժամանակ էլ սկսեց պարծենալ, թե կազմ է ձեռք բերել, և խնդրում էր, որ եզրերը մոդայիկ ձևով հատեն։ Մի խոսքով, մարդ այնտեղ ապրում էր ինչպես դրախտում։ Դուք այնտեղ կարող եք ձեր քեֆին գոռալ, մռնչալ, երգել, լաց լինել, մկկալ, ծղրտալ, թռչկոտալ, աղոթել, գլխկոնձի տալ, չորեքթաթ անել, մի ոտքով ոստոստել, շրջանց վազել, պարել, քառատրոփ սուրալ, պպզել, կամ մագլցել պատն ի վեր, և ոչ ոք ձեզ չի մոտենա և չի ասի. «Լսեցե՛ք, այդպիսի բան չի կարելի անել, դա անվայել է, ամոթ է, չէ՞ որ դուք կուլտուրական մարդ եք»։ Բայց, ճիշտն ասած, այնտեղ միայն խաղաղ գժեր կային։ Օրինակ, այնտեղ նստած էր մի գյուտարար գիտնական, որը շարունակ քիթը քչփորում էր և միայն օրը մի անգամ բացականչում. «Ես հենց նոր հայտնագործեցի էլեկտրականությունը»։ Կրկնում եմ, այնտեղ շատ լավ էր, և այն մի քանի օրը, որ անցկացրի գժանոցում, կյանքիս ամենալավ օրերն էին։