Выбрать главу

Երկու բժիշկներն իրար նայեցին, և նրանցից մեկը Շվեյկին հարցրեց.

– Երբևէ քննե՞լ են ձեր հոգեկան վիճակը։

– Զինվորական ծառայությանս ժամանակ,– հանդիսավորապես և հպարտ-հպարտ պատասխանեց Շվեյկը։– Պարոն զինվորական բժիշկներն ինձ պաշտոնապես կատարյալ ապուշ համարեցին։

– Ինձ թվում է, դուք սիմուլյանտ եք,– գոռաց Շվեյկի վրա մյուս բժիշկը։

– Բոլորովին էլ սիմուլյանտ չեմ, պարոնայք,– սկսեց պաշտպանվել Շվեյկը։– Ես ամենաիսկական ապուշ եմ։ Կարող եք տեղեկանալ Չեշսկի Բուդեյնովիցիի 91-րդ գնդի գրասենյակից կամ Կառլինի Պահեստայինների վարչությունից։

Ավագ բժիշկը ձեռքն անհուսորեն թափ տվեց և, Շվեյկին մատնացույց անելով, սանիտարներին ասաց.

– Այս մարդուն վերադարձրեք իր հագուստը և իրեն հանձնեք առաջին միջանցքում գտնվող երրորդ բաժանմունքին։ Հետո ձեզնից մեկը թող վերադառնա ու բոլոր փաստաթղթերը տանի գրասենյակ։ Եվ այնտեղ ասացեք, որ չձգձգեն, որպեսզի սա մեր վզին երկար չնստի։

Բժիշկները մի անգամ էլ մի զայրալից հայացք նետեցին Շվեյկի վրա, որը քաղաքավարի հետ-հետ էր գնում դեպի դուռը։ Սանիտարներից մեկի այն դիտողությանը, թե նա այդ ի՞նչ հիմարություն է անում, Շվեյկը պատասխանեց.

– Ախր ես հագնված չեմ, բոլորովին մերկ եմ, դրա համար էլ չեմ ուզում պաներին ցույց տված լինել այն, որի պատճառով կարող են կարծել, թե ես անկիրթ կամ անպատկառ մարդ եմ։

Սանիտարները, որոնք Շվեյկի հագուստը վերադարձնելու հրամանը ստանալուց հետո նրա մասին այլևս հոգ չէին տանում, նրան հրամայեցին հագնվել, և նրանցից մեկը Շվեյկին տարավ երրորդ բաժանմունք։ Այնտեղ Շվեյկին պահեցին մի քանի օր, քանի դեռ գրասենյակը ձևակերպում էր նրան գժանոցից դուրս գրելը, և նա կատարելապես հնարավորություն ուներ այստեղ ևս կատարելու իր դիտումները։ Խաբված բժիշկները նրա մասին այսպիսի եզրակացություն կայացրին. «Տկարամիտ սիմուլյանտ»։

Քանի որ Շվեյկին բուժարանից դուրս գրեցին անմիջապես ճաշից առաջ, ապա բանն առանց մի փոքրիկ սկանդալի չվերջացավ։

Շվեյկն ասում էր, թե քանի որ իրեն գժանոցից դուրս են անում, ապա վռնդվածին ճաշ չտալը ուղղակի խոզություն է։

Աղմուկին վերջ տվեց բարապանի կանչած ոստիկանը, որը Շվեյկին տարավ Սալմովի փողոցի ոստիկանական կոմիսարիատը։

Շվեյկը Սալմովի փողոցի ոստիկանական կոմիսարիատում

Գժանոցում անցկացրած հիանալի, լուսաճաճանչ օրերից հետո Շվեյկի համար վրա հասան ձախորդություններով ու հալածանքներով լի ժամեր։ Ոստիկանական տեսուչ Բրաունը Շվեյկի հետ հանդիպելու տեսարանն կերպավորեց սիրելի Ներոն կայսեր ժամանակվա հռոմեական փոխարքաների ոգով։ Եվ ճիշտ այնպես վայրագաբար, ինչպես այն ժամանակ փոխարքաներն ասում էին․ «Այս սրիկա քրիստոնյային նետեցեք առյուծների առաջ», տեսուչ Բրաունն ասաց.

– Ծա՛կը կոխել դրան։

Եվ ոչ մի բառ ավելի կամ պակաս։ Միայն թե այդ միջոցին ոստիկանական տեսուչի աչքերում մի տեսակ հակաբնական բավականություն երևաց։ Շվեյկը գլուխ տվեց և արժանապատվորեն ասաց.

– Ես պատրաստ եմ, պարոնա՛յք: Որքան հասկանում եմ, «ձակը կոխել» նշանակում է մենախուց նստեցնել, իսկ դա այնքան էլ վատ չէ։

– Լավ կանես այստեղ շատ չերկարացնես,– ասաց մի ոստիկան, որին Շվեյկը պատասխանեց.

– Ես համեստ մարդ եմ և շնորհակալ կլինեմ այն ամենի համար, որ ինձ համար պիտի անեք։

Խցիկում, նարի վրա, մտախոհ նստած էր մի մարդ։ Նրա դեմքը հոգեկան անտարբերություն էր արտահայտում։ Հավանաբար նա չէր հավատացել, թե դուռը բացում են իրեն ազատելու համար։

– Հարգանացս հավաստիքը,– ասաց Շվեյկը, նստելով նարի վրա, նրա կողքին։– Արդյոք չգիտե՞ք ժամը քանիսն է։

– Իմ դարդն ու ցավը ժամերը չեն,— պատասխանեց մտախոհ պարոնը։

– Այստեղ վատ չէ,– փորձեց խոսք բացել Շվեյկը։– նարերը ռանդայած փայտից են։

Լրջադեմ պարոնը չպատասխանեց, վեր կացավ և սկսեց արագ-արագ գնալ ու գալ նարի ու դռան միջև եղած նեղլիկ տարածության մեջ, ասես շտապելով ինչ֊որ բան փրկել։

Այդ միջոցին Շվեյկը հետաքրքրությամբ դիտում էր պատերին խզբզված մակագրությունները։ Մակագրություններից մեկի մեջ մի կալանավոր մահու և կենաց կռիվ էր հայտարարում ոստիկանությանը։ «Դա ձեզ վրա էժան չի նստի»,– ասված էր տեքստում։ Մի այլ կալանավոր գրել էր․ «Գրողի ծոցը գնաք, աքլորնե՛ր»։ Երրորդը պարզապես փաստ էր արձանագրել․ «Ես այստեղ նստեցի 1913 թվի հունիսի 5֊ին, ինձ հետ լավ էին վարվում։ Խանութպան Յոզեֆ Մարեչեկ, Վրշովից քաղաքի բնակիչ»։ Կար և իր խորիմաստությամբ ցնցող մի այսպիսի մակագրություն, «Ողորմյա զիս, տեր»։

Իսկ դրա տակ, «Համբուրեցեք ո․․․ս»։

«Ո» տառը, այնուամենայնիվ, ջնջված էր և կողքին մեծ-մեծ տառերով գրված. «Քղանցքս»։ Դրա կողքին բանաստեղծական հոգու տեր մեկը գրել էր սույն տողերը.

Նստել եմ տրտում գետի եզերքին,

Արևն է դեպի մայրամուտ իջնում,

Նայում եմ ահա դեմի բլրակին,

Ուր իմ սիրածն է օրն ի բուն տանջվում։

Դռան ու նարի միջև վազվզող պարոնը, որ կարծես մարաֆոնյան մրցավազքի էր դուրս եկել, վերջապես, շնչակտուր կանգ առավ, նստեց իր առաջվա տեղը, գլուխն ափերի մեջ առավ ու հանկարծ բղավեց․