Выбрать главу

– Բա՛ց թողեք ինձ։

«Ո՛չ, նրանք ինձ բաց չեն թողնի,– ասաց քիչ հետո նա ինքն իրեն,– բաց չեն թողնի։ Ես արդեն առավոտվա ժամը վեցից այստեղ եմ»։

Հանկարծ առանց մի այլևայլության նա բռնվեց զրուցասիրության մոլուցքով և դիմեց Շվեյկին.

– Արդյոք պատահմամբ գոտի չե՞ք ունենա, որպեսզի վերջ տամ այս ամենին։

– Մեծ բավականությամբ կարող եմ ձեզ ծառայել,– պատասխանեց Շվեյկը, բացելով իր գոտին։– Ես դեռ ոչ մի անգամ չեմ տեսել, թե մենախցում գոտիով ինչպես են կախվում․․․ Միայն մի բան վատ է,– ասաց նա, աչք ածելով խուցը,– այստեղ ոչ մի կեռ չկա։ Լուսամուտի բռնակը ձեր ծանրությանը չի դիմանա։ Գուցե կարողանաք կախվել նարից՝ չոքած վիճակում, ինչպես արել է Էմաուզյան վանքի վանականներից մեկը, որը մի ջահել հրեուհու պատճառով կախվել էր խաչելությունից։ Ինքնասպաններն ինձ շատ են դուր գալիս։ Դե՛հ, բարեհաճեցեք․․․

Մռայլ պարոնը, որի ձեռքն էր խոթել Շվեյկն իր գոտին, նայեց գոտուն, շպրտեց մի կողմ և սկսեց լաց լինել, կեղտոտ ձեռքերով արցունքները քսմսելով դեմքին և բղավելով․

– Ես երեխանե՜ր ունեմ, իսկ այստեղ նստած եմ հարբեցողության և անբարոյական կյանք վարելու համար։ Աստվա՜ծ իմ։ Իմ խե՜ղճ կին։ Ի՞նչ կասեն ինձ իմ պաշտոնատեղում․ ես մանկիկնե՜ր ունեմ, իսկ այստեղ նստած եմ հարբեցողության և անբարոյական կյանք վարելու համար։– Եվ այդպես անվերջ։

Ի վերջո, նա կարծես հանգստացավ, մոտեցավ դռանը և սկսեց ձեռքերով ու ոտքերով թակել։ Դռան ետևից ոտնաձայներ լսվեցին և մի ձայն հարցրեց.

– Ի՞նչ եք ուզում։

– Բաց թողեք գնամ,– բարբառեց նա այնպիսի տոնով, որ ասես իր հոգևարքի վերջին խոսքերն էր ասում։

– Ո՞ւր,– լսվեց հարցը դռան մյուս կողմից։

– Պաշտոնատե՛ղս,– պատասխանեց դժբախտ հայրը, ամուսինը, աստիճանավորը, հարբեցողն ու անառակը։

Ծիծաղ, հոգեմաշ մի ծիծաղ հնչեց միջանցքի լռության մեջ․․․ Եվ ոտնաձայները նորից հեռացան։

– Երևում է, այդ պարոնը ձեզ շատ է ատում, որ այդպես ծիծաղում է ձեզ վրա,– ասաց Շվեյկը, երբ կալանակիցը ամեն հույս կորցրած, նորից նստեց նրա կողքին։– Բանտապահը, երբ զայրանա, ընդունակ է շատ բանի, իսկ երբ ավելի զայրանա՝ ամեն բանի։ Հանգիստ նստեցեք ձեզ համար, եթե այլևս կախվել չեք ուզում, և սպասեցեք դեպքերի հետագա զարգացմանը։ Եթե դուք աստիճանավոր, ամուսնացած մարդ եք և երեխաներ ունեք, ապա այս ամենն իսկապես սոսկալի է։ Դուք, եթե չեմ սխալվում, հավատացած եք, որ ձեզ պաշտոնից կվռնդեն, այնպես չէ՞։

– Դժվար է ասել,– հառաչեց աստիճանավորը։– Բանն այն է, որ ես ինքս էլ չեմ հիշում, թե ինչ եմ արել։ Միայն այն գիտեմ, որ ինձ ինչ-որ տեղից դուրս շպրտեցին, իսկ ես ուզում էի նորից ներս մտնել այնտեղ սիգարս վառելու։ Իսկ ամեն ինչ այնպես լավ էր սկսվել… Գիտե՞ք ինչ, մեր բաժնի պետը իր անվանակոչությանն տոնն էր կատարում և մեզ բոլորիս հրավիրեց գինետուն, հետո մենք մտանք երկրորդ գինետունը, երրորդը, չորորդը, հինգերորդը, վեցերորդը, յոթերորդը, ութերորդը, իններորդը․․․

– Արդյոք չե՞ք կամենում, որ ես ձեզ օգնեմ թվել,– պատրաստակամություն հայտնեց Շվեյկը։– Ես այդ բաներից գլուխ հանում եմ։ Մի անգամ ես մի գիշերվա մեջ քսանութ տեղ եմ եղել, բայց, գլուխս գովել չլինի, ոչ մի տեղ երեք գավաթից ավելի գարեջուր չեմ խմել։

– Մի խոսքով,– շարունակեց իր անվանակոչության տոնը այնպես շուքով կատարած պետի տարաբախտ ստորադրյալը,– երբ մի դյուժինի չափ զանազան գինետներ էինք մտել ու դուրս եկել, հանկարձ տեսանք, որ մեր պետը անհետացել է, թեև մենք առաջուց նրան կապել էինք թոկով ու շան պես քարշ էինք տալիս մեր հետևից։ Այնժամ գնացինք նրան որոնելու և, ի վերջո, իրար կորցրինք։ Վերջապես ես հայտնվեցի Վինոգրադիի գիշերային սրճարաններից մեկում, մի շատ կարգին հաստատությունում, որտեղ լիկյորը ուղղակի շշով էի խմում։ Թե ինչ եմ արել հետո, չեմ հիշում․․․ Գիտեմ միայն, որ արդեն այստեղ, կոմիսարիատում, երբ ինձ այստեղ բերին, երկու ոստիկաններ զեկուցեցին, թե իբր հարբել եմ, ինձ վատ պահել, ծեծել մի տիկնոջ, գրչահատով կտրատել ուրիշի պատկանող գլխարկը, որը վերցրած եմ եղել կախարանից, ցրել եմ կանանց երգչախումբը, ավագ մատուցողին հրապարակայնորեն մեղադրել եմ, թե քսան կրոն է գողացել, ջարդել եմ իմ զբաղեցրած սեղանի մարմարե սալը և դիտմամբ թքել հարևան սեղանի մոտ նստած պարոնի սուրճի մեջ։ Համենայն դեպս չեմ հիշում, որ ուրիշ բան էլ արած լինեմ։ Հավատացե՛ք, ես կարգին, ինտելիգենտ մարդ եմ և ընտանիքիցս բացի ուրիշ բանի մասին չեմ մտածում։ Ի՞նչ կասեք այս մասին։ Ես հո սկանդալիստի մեկը չեմ։

– Շա՞տ չարչարվեցիք այդ մարմարե սալը ջարդելիս, թե՞ մի խփելով ջարդուփշուր արիք,– պատասխանելու փոխարեն հետաքրքրվեց Շվեյկը։

– Մի խփելով,– պատասխանեց ինտելիգենտ մարդը։

– Որ այդպես է, կորած եք, մտախոհ ասաց Շվեյկը։– Ձեզ կապացուցեն, թե դուք այդ բանն անելուն նախապատրաստվել եք երկարատև վարժությունների միջոցով։ Իսկ այն անծանոթ պարոնի սուրճը, որի մեջ բարեհաճել եք թքել, ռոմո՞վ էր թե առանց ռոմի։

Եվ, առանց պատասխանին սպասելու, բացատրեց.

– Եթե ռոմով էր, ավելի վատ, որովհետև դա ավելի թանկ է։ Դատարանում ամեն ինչ հաշվում են և հանրագումարի բերում, որպեսզի գործին լուրջ հանցագործության բնույթ տան։