Выбрать главу

– Դատարանո՞ւմ,– փոքրոգաբար թոթովեց ընտանիքի հարգևոր հայրը և, գլուխը կախելով, ընկավ այն անախորժ հոգեկան դրության մեջ, երբ մարդ խղճի խայթ է զգում։

– Իսկ տանը գիտե՞ն, որ դուք ձերբակալված եք, թե՞ միայն թերթերից կիմանան,– հարցրեց Շվեյկը։

– Դուք կարծում եք, որ դրա մասին կգրե՞ն… թերթերում,– միամտաբար հարցրեց իր պետի անվանակոչության զոհը։

– Անկասկած,– հետևեց անկեղծ պատասխանը, քանզի Շվեյկը բնավ սովորություն չուներ խոսակցից բան թաքցնելու։

– Թերթի ընթերցողներին դա շատ դուր կգա։ Ես ինքս միշտ հաճույքով եմ կարդում հարբածների և նրանց անկարգությունների բաժինը։ Այ, հենց վերջերս «Թասի մոտ» պանդոկում մի հաճախորդ այսպիսի օյին խաղաց, ինքն իր գլուխը ջարդեց գարեջրի գավաթով։ Գավաթը վեր նետեց և գլուխը պահեց նրա տակ։ Նրան վերցրին-տարան. իսկ մենք արդեն առավոտյան թերթերում կարդացինք այդ մասին։ Կամ, օրինակ, ես մի անգամ Բենդելովկայում խփեցի թաղման բյուրոյի ջահակիրներից մեկի ռեխին, նա էլ իր հերթին պարտքի տակ չմնաց։ Մեզ հաշտեցնելու համար ստիպված եղան երկուսիս էլ մենախուց նստեցնել, և այդ մասին իսկույն գրեցին «Իրիկնաթերթ»-ում։ Կամ, ահա, մի ուրիշ դեպք․ «Ննջեցյալի մոտ» սրճարանում մի կոլեգիական խորհրդական ջարդեց երկու ափսե։ Կարծում եք նրան խնայեցի՞ն։ Հենց մյուս օրը թերթի մեջ ընկավ… Ձեզ մնում է միայն մի բան, բանտից թերթին հերքում ուղարկել, թե իբր տպագրված հոդվածը ձեզ չի վերաբերվում և որ այդ համազգանուն մարդու հետ ազդակցակսն կամ որևէ այլ կապ չունեք։ Իսկ տնեցիներին մի երկտող ուղարկեցեք, խնդրեցեք թերթից կտրել ու պահել այդ հերքումը, որպեսզի բանտից դուրս գալուց հետո կարողանաք կարդալ… Չե՞ք մրսում,– կարեկցաբար հարցրեց Շվեյկը, նկատելով, որ ինտելիգենտը սրթսրթում է։

– Այս տարի ամառվա վերջերին մի քիչ ցուրտ է անում։

– Կորա՜ծ եմ,– հեկեկաց Շվեյկի կալանակիցը։– Այլևս պաշտոնի բարձրացում չեմ տեսնի…

– Ի՜նչ խոսք,– ուրախությամբ հաստատեց Շվեյկը։– Թե որ նստելուց հետո ձեզ պաշտոնատեղում չընդունեն, ապա չգիտեմ շո՞ւտ կկարողանաք ուրիշ պաշտոն գտնել, քանի որ ամեն տեղ, եթե նույնիսկ ցանկանաք ծառայել անխիղճ մեկի մոտ, ձեզնից բարեբարո վարքի վկայական կպահանջեն։ Այո՛, այդ բավականությունը թանկ է նստելու ձեզ վրա… Իսկ ձեր տիկինն ու երեխաները մինչև ձեր ազատվելը ապրելու բան-ման ունե՞ն։ Թե՞ խեղճ կինը պետք է ողորմություն խնդրի ի սեր Քրիստոսի, երեխաներին էլ զանազան սրիկայություններ սովորեցնի։

Կալանավորն սկսեց հեծկլտալ։

– Իմ խե՜ղճ մանկիկներ, իմ խե՜ղճ կին։

Զղջացող մեղսագործը վեր կացավ և սկսեց խոսել իր երեխաների մասին։

– Ես հինգ երեխա ունեմ, ամենամեծը տասներկու տարեկան է։ Սկաուտ է։ Խմում է միայն ջուր և կարող էր լավ օրինակ լինել իր հոր համար, որի կյանքում, հավատացեք խոսքիս, նման դեպք առաջին անգամ է պատահում։

– Սկաո՞ւտ է,– բացականչեց Շվեյկը։– Սիրում եմ լսել սկաուտների մասին։ Մի անգամ Չեխական Բուդեյնովիցիի շրջանի, Գլուբոկոյե ենթաշրջանի Միլովար գյուղում, Շլիվոյի մոտ, հենց այն ժամանակ, երբ մեր Իննսունմեկերորդ գունդը այնտեղ զինավարժություն էր կատարում, շրջակա գյուղերի բնակիչները շուրջկալ էին սարքել սկաուտներին բռնելու համար, որոնք խիստ բազմացել էին համայնական անտառում։ Երեքին բռնեցին։ Եվ, պատկերացրեք, նրանցից ամենափոքրը բռնվելիս այնպես խղճալի էր ճվճվում ու լալիս, որ մենք, շատ բան տեսած զինվորներս, չկարողացանք առանց խղճահարության նայել, չդիմացանք… և մի կողմ քաշվեցինք։ Մինչև նրանց կկապեին, այդ երեք սկաուտները կծոտեցին ութ գյուղացու։ Հետո տանուտերի ճիպոտների տակ խոստովանեցին, թե ամբողջ շրջանում չկա մի մարգագետին, որ իրենք տրորած չլինեն՝ պառկելով ու արևկող անելով։ Եվ, ի միջի այլոց, այն էլ խոստովանեցին, թե հնձից քիչ առաջ, Ռաժիցիի մոտ, միանգամայն պատահաբար այրվել է հաճարի մի բոլորովին չհնձած արտ, երբ իրենք հաճարի մեջ շամփուրով խորովելիս են եղել անտառից բռնած մի այծյամ։ Հետո նրանց անտառային որջի մեջ գտան ամեն տեսակ ընտանի թռչունների և անտառաբնակ գազանների կրծոտած ոսկորներ, հիսուն կիլոյից ավելի, մեծ քանակությամբ բալի կորիզ, խնձորի անհամար կրծուկներ և շատ ուրիշ բարիքներ։

Բայց, այնուհանդերձ, սկաուտի տարաբախտ հայրը չէր կարողանում հանգստանալ։

– Այս ի՜նչ արի,– ողբում էր նա։– Խորտակեցի իմ ռեպուտացիան։

– Անտարակույս,– հաստատեց Շվեյկն իրեն հատուկ բացսրտությամբ։– Այդ դեպքից հետո ձեր ռեպուտացիան ընդմիշտ խորտակված է։ Ընդմիշտ։ Ախր, եթե այդ պատմությունը տպեն թերթերում, ձեր ծանոթները վրան դեռ մի բան էլ կավելացնեն։ Դա սովորական բան է, ավելի լավ է ուշադրություն չդարձնեք։ Աշխարհումս արատավորված ռեպուտացիայի տեր մարդկանց թիվը, թերևս, տասն անգամ ավելի է, քան անբասիր ռեպուտացիա ունեցողներինը։ Դատարկ բան է։

Միջանցքում ծանր ոտնաձայներ լսվեցին, բանալին չրխկաց կողպեքի մեջ, դուռը բացվեց, և ոստիկանը դուրս կանչեց Շվեյկին։

– Ներեցեք,– ասպետավարի հիշեցրեց Շվեյկը,– ես այստեղ եմ ընդամենը ցերեկվա ժամը տասներկուսից, իսկ այս պարոնը՝ դեռևս առավոտվա ժամը վեցից։ Ես այնքան էլ չեմ շտապում։