Պատասխանի փոխարեն մի ուժեղ ձեռք նրան քաշեց-հանեց միջանցք, և օրապահը Շվեյկին սանդուղքով լռելյայն տարավ երկրորդ հարկը։
Սենյակում սեղանի հետևը նստած էր ոստիկանական հաստլիկ կոմիսարը, առույգ դեմքով մի մարդ։ Նա դիմեց Շվեյկին.
– Ուրեմն դո՞ւք եք Շվեյկը։ Ինչպե՞ս ընկաք այստեղ։
– Շատ հասարակ ձևով,– պատասխանեց Շվեյկը։– Ես այստեղ եկա ոստիկանի ուղեկցությամբ, եկա, որովհետև չէի կարող թույլ տալ, որ ինձ գժանոցից վռնդեն առանց ճաշ տալու։ Ես նրանց համար փողոցային քած չեմ։
– Գիտեք ի՞նչ, Շվեյկ,– սիրալիր ասաց կոմիսարը,– ի՞նչ կարիք կա, որ մենք այնտեղ, Սալմովի փողոցում, իրար հետ գժտվենք։ Ավելի լավ չի՞ լինի ձեզ ուղարկենք ոստիկանական վարչություն։
– Դուք եք, ինչպես ասում են, դրության տերը,– գոհունակությամբ պատասխանեց Շվեյկը։– Իսկ երեկոյան ոստիկանական վարչություն գնալը ինձ համար մի փոքրիկ, բայց հաճելի զբոսանք կլինի։
– Շատ ուրախ եմ, որ երկուսս էլ համակարծիք ենք,– ուրախ եզրափակեց ոստիկանական կոմիսարը։– Ամենից լավ բանը իրար հետ լեզու գտնելն է։ Ճիշտ է, չէ՞, Շվեյկ:
– Ես էլ միշտ սիրով խորհրդակցում եմ ուրիշների հետ,– պատասխանեց Շվեյկը։– Հավատացած եղեք, պարոն կոմիսար, ես ձեր լավությունը երբեք չեմ մոռանա։
Քաղաքավարի գլուխ տալով, Շվեյկը ոստիկանի հետ իջավ պահակատուն, և արդեն քառորդ ժամ անց նրան կարելի էր տեսնել Եչնայա փողոցի և Կառլի հրապարակի անկյունում։ Նա գնում էր մի այլ ոստիկանի ուղեկցությամբ, որի կռնատակին կար մի ստվարածավալ մատյան՝ վրան գերմաներեն դրված, «Arestantenbuch»[3]։
Սպալենայա փողոցի անկյունում Շվեյկն ու նրա ուղեկցորդը դեմ առան մարդկային մի բազմության, որ խռնվել էր պատին փակցված մի հայտարարության առաջ։
– Թագավոր կայսրի մանիֆեստն է պատերազմ հայտարարելու մասին,– ասաց Շվեյկին ուղեկցորդը։
– Ես դա գուշակում էի,– ասաց Շվեյկը։– Իսկ գժանոցում այդ մասին դեռ ոչինչ չգիտեին, թեև, ճիշտն ասած, դա նրանց հայտնի պիտի լինի սկզբնաղբյուրից։
– Դրանով ի՞նչ եք ուզում ասել,– հարցրեք ոստիկանը։
– Չէ՞ որ այնտեղ շատ պարոն սպաներ կան նստած,– բացատրեց Շվեյկը։
Երբ նրանք մոտեցան մի այլ բազմության, որը նույնպես խռնված էր մանիֆեստի առաջ, Շվեյկը բացականչեց.
– Կեցցե՛ կայսր Ֆրանց Իոսիֆը։ Մենք կհաղթե՛նք։
Խանդավառված բազմության միջից ինչ-որ մեկը ձեռքի մի հարվածով նրա կոտելոկը քաշեց-իջեցրեց մինչև ականջները, և այդպիսի կերպարանքով, վազեվազ հավաքվող ամբոխի աչքի առաջ, քաջարի զինվոր Շվեյկը կրկին դիմեց դեպի ոստիկանական վարչության դարպասը։
– Այս պատերազմը, մենք անպայման կշահենք, նորից եմ ասում, պարոնա՛յք։– Այդ խոսքերով Շվեյկը բաժանվեց իրեն ուղեկցող բազմությունից։
Հեռու֊հեռավոր անցյալում Եվրոպա է թռել-անցել այն ճշմարիտ խոսքը, թե վաղվա լինելիքը այսօր չի իմացվի։
Ճեղքելով կախարդական շրջանը, Շվեյկը նորից տուն է ընկնում
Ոստիկանական վարչության պատերից փչում էր ժողովրդին օտար իշխանության գարշ հոտը։ Այդ իշխանությունը հետամուտ էր իմանալու, թե պատերազմի առթիվ բնակիչներն ինչպիսի տրամադրություններ էին արտահայտում։ Բացի մի քանի մարդկանցից, որոնք չէին ուրացել իրենց ժողովրդին, որը պետք է արյունաքամ լիներ իրեն միանգամայն օտար շահերի համար,– բացի այդ մի քանի մարդկանցից, ոստիկանական վարչությունն իրենից ներկայացնում էր գիշատիչ-բյուրոկրատների մի փառահեղ հավաքարան։ Վերջիններս կարծում էին, թե միայն բանտի ու կախաղանի ամենակերպ օգտագործումն է ընդունակ փրկելու խրթնիմաստ պարագրաֆների գոյությունը։
Ընդ որում, նրանք իրենց զոհերին վերաբերվում էին թունալից սիրալիրությամբ, նախապես կշռադատելով իրենց ամեն մի խոսքը։
– Ցավում եմ, շա՜տ եմ ցավում,– ասաց այդ սևադեղին գիշատիչներից մեկը, երբ Շվեյկին բերին նրա մոտ,– որ դուք նորից ընկել եք մեր ձեռքը։ Կարծում էինք, թե կուղղվեք, բայց, ավա՜ղ, սխալվել ենք։
Շվեյկն ի նշան համաձայնության անխոս գլխով արեց, միաժամանակ դեմքին տալով մի այնպիսի անմեղ արտահայտություն, որ սևադեղին գիշատիչը նրան նայեց հարցական հայացքով և կտրուկ ասաց.
– Հիմար մի ձևանաք։
Բայց իսկույն էլ դիմեց սիրալիր տոնի։
– Մեզ համար, իրոք, շատ անհաճելի է ձեզ կալանքի տակ պահել։ Ըստ իս, կարող եմ ձեզ հավատացնել, ձեր մեղքն այնքան էլ մեծ չէ, որովհետև ձեր մտավոր ցածր մակարդակը նկատի ունենալով պետք է ենթադրել, որ ձեզ, անկասկած, դրդել են։ Ասացեք ինձ, պան Շվեյկ, ո՞վ էր ձեզ դրդում այդպիսի հիմարություններ անել։
Շվեյկը հազաց։
– Ես, կներեք, չգիտեմ, թե խոսքն ի՛նչ հիմարության մասին է։
– Իսկ մի՞թե հիմարություն չէ, պան Շվեյկ,– համոզում էր գիշատիչը կեղծ-հայրական տոնով,– որ դուք, ձեզ այստեղ բերող ոստիկանի վկայությամբ, փողոցի անկյունում փակցված մանիֆեստի առաջ մի բազմություն հավաքելով՝ նրան գրգռել եք «Կեցցե՛ Ֆրանց Իոսիֆ կայսրը», «Մենք կհաղթենք» բացականչություններով։
– Ես չէի կարող ոչինչ չանել,– բացատրեց Շվեյկը, իր բարի աչքերը հառելով ինկվիզիտորի վրա։– Ես հուզվեցի, երբ տեսա, որ բոլորը կարդում են պատերազմի այդ մանիֆեստը և չեն դրսևորում ուրախության ոչ մի նշան. ո՛չ հաղթական բացականչություններ, ո՛չ «ուռռա»․․․ առհասարակ ոչինչ, պարոն խորհրդական։ Կարծես դա բոլորովին նրանց չի վերաբերվում։ Եվ ահա այդ ժամանակ ես, Իննսունմեկերորդ գնդի հին զինվորս, չհամբերեցի և գոչեցի այդ խոսքերը։ Եթե իմ տեղը դուք լինեիք, երևի ճիշտ նույնը կանեիք։ Քանի որ պատերազմ է, ի՞նչ արած, մենք պետք է այն հասցնենք հաղթական վախճանի և պարտավոր ենք շարունակ փառաբանել թագավոր կայսրին։ Եվ այդ բանում ոչ ոք չի կարող իմ կարծիքը փոխել տալ։