Выбрать главу

Պատին դեմ արված սևադեղին գիշատիչը չդիմացավ Շվեյկի գառային անմեղ հայացքին, աչքերը խոնարհեց իր թղթերի վրա և ասաց.

– Ձեր ոգևորությունը ինձ համար միանգամայն հասկանալի կլիներ, եթե արտահայտված լիներ այլ հանգամանքներում։ Ինքներդ էլ լավ գիտեք, որ ձեզ տանում էր ոստիկանը, այնպես որ, ձեր հայրենասիրությունը ավելի շուտ պետք է ծիծաղ պատճառեր հասարակությանը, քան նրա վրա լուրջ տպավորություն գործեր։

– Ոստիկանի հսկողությամբ գնալը ծանր պահ է յուրաքանչյուր մարդու կյանքում։ Բայց եթե նույնիսկ այդ ծանր պահին մարդ չի մոռանում, թե ինչ է պարտավոր անել պատերազմ հայտարարվելիս, ապա, կարծում եմ, նա այնքան էլ վատ մարդ չի։

Սևադեղին գիշատիչը քրթմնջաց և մի անգամ էլ նայեց ուղիղ Շվեյկի աչքերին։ Շվեյկը պատասխանեց իր անմեղ, մեղմ, համեստ, բարեհամբույր ու ջերմ հայացքով։

Մի րոպե նրանք ակնդետ իրար էին նայում։

– Գրողի ծո՛ցը գնացեք,– մրթմրթաց, վերջապես, չինովնիկական ռեխը։– Բայց եթե մեկ էլ ընկնեք այստեղ, այլևս ոչ մի բան չեմ հարցնի, այլ կուղարկեմ ուղղակի Գրադչանիի զինվորական դատարանը։ Հասկացա՞ք։

Մինչ գիշատիչը կկարողանար որևէ բան ավելացնել, Շվեյկը վազելով մոտեցավ նրան, ձեռքն համբուրեց ու ասաց.

– Թող աստված ձեզ վարձատրի դրա համար։ Եթե երբևէ զտարյուն շնիկի կարիք ունենաք, բարեհաճեցեք դիմել ինձ։ Ես շան առևտրով եմ զբաղվում։

Այդ կերպ Շվեյկը նորից ազատ արձակվեց։

Տուն գնալիս նա միտք էր անում, թե արդյոք նախ չմտնի՞ «Թասի մոտ» գարեջրատունը, և ի վերջո բացեց նույն այն դուռը, որտեղից վերջերս դուրս էր եկել գործակալ Բրետշնայդերի ուղեկցությամբ։

Գարեջրատանը մեռելային լռություն էր տիրում։ Այնտեղ կային մի քանի հաճախորդներ, որոնց մեջ էր սուրբ Ապոլինարի եկեղեցու պահակը։ Բոլորի դեմքերը մռայլ էին։ Վաճառասեղանի հետևում նստած էր պանդոկապետուհին, Պալիվեցի կինը, և բութ, հայացքով նայում էր գարեջրի ծորակներին։

– Ահա և ես վերադարձա,– ուրախ-ուրախ ասաց Շվեյկը։– Տվեք ինձ, խնդրեմ, մի գավաթ գարեջուր։ Իսկ ո՞ւր է մեր պան Պալիվեցը։ Երևի արդեն տա՞նն է։

Պատասխանելու փոխարեն պանդոկի տիրուհին սկսեց հոնգուր-հոնգար լալ և, ամեն մի խոսքի վրա հեծկլտալով, մղկտաց.

– Տա՜սը տարի․․․ տվին նրան․․․ մի շաբաթ առաջ։

– Ա՛յ, տեսնո՞ւմ եք,– ասաց Շվեյկը,– ուրեմն մի շաբաթն արդեն գլորել է։

– Նա այնքան… զգույշ էր,– հեկեկում էր տիրուհին։– Նա ինքն էր միշտ իր մասին այդ բանն ասում…

Գարեջրատան հաճախորդները համառորեն լուռ էին, ասես Պալիվեցի հոգին ցայժմ շրջում էր այդտեղ և նրանց կոչ անում՝ լինել է՛լ ավելի զգույշ։

– Զգուշությունը մայրն է իմաստության,– ասաց Շվեյկը,– նստելով սեղանի մոտ և իր կողմը քաշելով գարեջուրը, որի փրփուրի մեջ մի քանի ծակոտիկներ էին գոյացել, քանզի այնտեղ կաթկթել էին Պալիվեցի կնոջ արցունքները, երբ նա գարեջուրը բերել էր սեղանին դնելու։– Հիմա այնպիսի ժամանակ է, որ մարդ ստիպված է զգույշ լինել։

– Երեկ մեզ մոտ երկու թաղում կար,– խոսակցության նյութը փոխեց սուրբ Ապոլլինարիի պահակը։

– Երևի մեկն ու մեկը մեռել էր,– ասաց մի ուրիշ հաճախորդ։

Երրորդը հարցրեց.

– Դիակառքո՞վ էին տանում հանգուցյալին։

– Հետաքրքիր, է իմանալ,– ասաց Շվեյկը,– պատերազմի ժամանակ ինչպե՞ս կկատարվեն զինվորական թաղումները։

Հաճախորդները վեր կացան, վճարեցին ու անխոս դուրս եկան։ Շվեյկը պանդոկապետուհու հետ միասին մնաց։

– Չեմ կարող պատկերացնել,– ասաց Շվեյկը,– որ անմեղ մարդուն տասը տարի տան։ Ճիշտ է, մի անգամ մի անմեղի հինգ տարի էին տվել, այդպիսի բան լսել եմ, բայց տասը տարին, իսկապես, շատ շատ է։

– Ճարներս ի՞նչ, ախր մարդս խոստովանել է,– լալիս էր Պալիվեցի կինը։– Ինչ որ այստեղ ասել էր էն ճանճերի ու նկարի մասին, նույնը դատարանի վարչությունումն էլ կրկնեց։ Ինձ վկա կանչեցին, բայց ես ի՞նչ կարող էի ասել նրանց, երբ ինձ ասացին, թե ցուցմունքներ տալուց իրավունք ունեմ հրաժարվելու, որովհետև ամուսնուս հետ ազգակցական հարաբերություն ունեմ։ Էդ ազգակցական հարաբերություններից այնպես վախեցա, որ հրաժարվեցի ցուցմունքներ տախ վախենալով, որ չլինի թե դրանից էլ մի վատ բան դուրս գա։ Խեղճ հալիվորս այնպես նայեց ինձ, որ մինչև մեռնելս չեմ մոռանա։ Իսկ վճիռը կարդալուց հետո, երբ նրան տանում էին, սանդուղքի վրա ասես խելքը բոլորովին թռցրեց, վերցրեց ու բղավեց․ «Կեցցե՜ ազատ միտքը»։

– Իսկ պան Բրետշնայդերն էլ չի՞ գալիս այստեղ։

– Այստեղ մի քանի անգամ եղել է,– պատասխանեց պանդոկապետի կինը։– Խմում է մի երկու-երեք գավաթ, հետն էլ ինձ հարցուփորձ անում, թե ո՛վ է լինում այստեղ, ականջ է դնում, թե հաճախորդներն ինչ են խոսում ֆուտբոլից։ Նրանք պան Բրետշնայդերին տեսնելիս միայն ֆուտբոլից են խոսում, իսկ նա կապտում, կարմրատակում է, ասես ուր որ է կուչ ու ձիգ կգա ու կդևոտի։ Այսքան ժամանակ միայն մեկին է չանթել, Պոպերեչնայա փողոցում ապրող պաստառագործին։