Выбрать главу

– Դա հունարի բան է,– ասաց Շվեյկը։– Այդ պաստառագործը սարսա՞ղ էր։

– Դե՛հ, ոնց որ իմ մարդը,– լալով պատասխանեց պանդոկի տիրուհին,– Բրետշնայդերը նրան հարցրեց, թե նա սերբերի վրա կկրակե՞ր։ Պաստառագործն էլ պատասխանեց, թե կրակել չի իմանում, թե միայն մի անգամ է եղել տիրում, որտեղ կրակել ու ծակել է թագը։ Այդ ժամանակ մենք բոլորս լսեցինք, որ Բրետշնայդերը, ծոցատետրը հանելով ասաց․ «Ըհը՜, ևս մի ուշագրավ պետական դավաճանություն»– և դուրս գնաց՝ Պոպերեչնայա փողոցում ապրող պաստառագործի հետ, որը էլ հետ չեկավ։

– Նրանցից շատերը հետ չեն գալիս,– ասաց Շվեյկը։– Խնդրեմ, ինձ ռոմ տվեք։

Հենց այն պահին, երբ Շվեչկն երկրորդ անգամն էր իր համար մի գավաթ ռոմ պատվիրում, պանդոկ մտավ գաղտնի գործակալ Բրետշնայդերը։ Մի թռուցիկ հայացք նետելով դատարկ պանդոկի վրա և իր համար գարեջուր պատվիրելով, նա նստեց Շվեյկի կողքին և սկսեց, սպասել, թե նա ի՞նչ կասի։

Շվեյկը կախիչի վրայից հանեց թերթերից մեկը և, վերջին էջի հայտարարություններն աչքի անցկացնելով, ասաց․

– Տե՜ս է, ոմն Չիմպերա, գյուղ Ստրաշկովո, տուն, համար երեք, Ռաչինևեսի փոստային բաժանմունք, վաճառում է իր կալվածքը և յոթ դեսյատին վարելահող։ Տեղումս կա դպրոց և երկաթուղի։

Բրետշնայդերը մատներով ջղայնորեն թխթխկացրեց սեղանը և դիմեց Շվեյկին.

– Զարմանում եմ, թե ձեզ ինչո՞ւ է հետաքրքրում այդ կալվածքը, պան Շվեյկ։

– Ա՜խ, այդ դո՞ւք եք,– բացականչեց Շվեյկը, սեղմելով նրա ձեռքը։– Միանգամից չճանաչեցի։ Շատ վատ հիշողություն ունեմ։ Վերջին անգամ մենք բաժանվեցինք, եթե չեմ սխալվում, ոստիկանական վարչության գրասենյակի ընդունարանում։ Ի՞նչ եք անում այն օրվանից։ Հաճա՞խ եք այստեղ գալիս։

– Այսօր եկել եմ ձեզ տեսնելու,– ասաց Բրետշնայդերը։– Ոստիկանական վարչությունում ինձ ասացին, որ դուք շան առևտրով եք զբաղվում։ Ինձ հարկավոր է մի լավ պինչեր, կամ, ասենք, շպից, կամ առհասարակ նման մի բան…

– Մենք կարող ենք ձեզ այդ բոլորը տրամադրել,– պատասխանեց Շվեյկը։– Զտարյո՞ւն շուն եք ուզում թե… փողոցի։

– Մտադիր եմ կանգ առնել զտարյունի վրա,– պատասխանեց Բրետշնայդերը։

– Իսկ ինչո՞ւ ոստիկանական շուն չեք ուզում,– հարցրեց Շվեյկը։– Նա ամեն ինչ կհետախուզեր և ձեզ ցույց կտար հանցագործի հետքը։ Վրշովիցիում մի մսագործ մի այդպիսի շուն ունի, որը քաշում է նրա սայլակը։ Այդ շունը, կարելի է ասել, դեռ չի արժանացել իր իսկական կոչմանը։

– Ես շպից կցանկանայի,– զուսպ կրկնեց Բրետշնայդերը,—չկծող շպից։

– Անատա՞մ շպից եք ցանկանում,– հետաքրքրվեց Շվեյկը։– Մի այդպիսի շպից աչքի առաջ ունեմ… Դեյվիցում, մի պանդոկապետի մոտ։

– Թերևս, ավելի լավ կլինի պինչեր…– անվճռականորեն ասաց Բրետշնայդերը, որի շնաբանական գիտելիքները գտնվում էին սաղմնային վիճակում։

Եթե չլիներ ոստիկանական վարչության հրամանը, նա երբեք էլ շնաբանական ոչ մի գիտելիք ձեռք չէր բերի։ Բայց հրամանը ճշգրիտ էր, պարզ և որոշակի․ ինչ գնով էլ լինի, Շվեյկի հետ մտերմանալ շնավաճառության հողի վրա։ Այդ նպատակով Բրետշնայդերն իրավունք ուներ օգնականներ գտնել և իր տրամադրության տակ որոշ գումար ունենալ շներ գնելու համար։

– Պինչերները լինում են մեծ ու փոքր,– ասաց Շվեյկը։– Ես աչքի առաջ ունեմ երկու փոքր և երեք մեծ պինչեր։ Հինգն էլ ձեռնասուն են։ Անկեղծորեն կարող եմ հանձնարարել։

– Դա ինձ ձեռք կտա,– ասաց Բրետշնայդերը։– Իսկ այդ շան հատն ի՞նչ արժի։

– Նայած մեծությանը,– պատասխանեց Շվեյկը,– կախված է մեծությունից։ Պինչերը հորթ չի, պինչերի բանը ճիշտ հակառակն է․ ինչքան փոքր է, այնքան՝ թանկ։

– Ես մեծ պինչեր կառնեի, որ տունս պահպաներ,– ասաց Բրետշնայդերը, վախենալով սպառել ոստիկանության գաղտնի ֆոնդը։

– Շատ լավ,– վրա բերեց Շվեյկը։– Մեծերը կարող եմ ձեզ ծախել հատը հիսուն կրոնով, ամենամեծերը՝ քառասունհինգ։ Բայց մի բան մոռացանք, լակոտնե՞ր եք ուզում թե ավելի հասուն շներ և, հետո, ո՞րձ թե էգ։

– Ինձ համար մեկ է,– պատասխանեց Բրետշնայդերը, որին ձանձրացրել էին այդ անլուծելի պրոբլեմները։– Ուրեմն, ձեռք բերեք այդ շները, իսկ ես վաղն երեկոյան ժամը յոթին կգամ ձեզ մոտ։ Եղա՞վ։

– Եղա՛վ, եկեք,– դժկամորեն համաձայնեց Շվեյկը։– Այդ դեպքում ես ձեզնից կխնդրեի երեսուն կրոն կանխավճար։

– Ի՞նչ խոսք կարող է լինել,– ասաց Բրետշնայդերը, համրելով փողը։– Դե՛հ, իսկ հիմա մի-մի քառորդ լիտր գինի խմենք իմ հաշվին։

Երբ նրանք խմեցին։ Շվեյկն էլ իր հաշվին մի քառորդ լիտր պատվիրեց։ Բրետշնայդերը սկսեց Շվեյկին համոզել, որ նա իրենից չվախենա, ասելով, թե ինքն այսօր ծառայության մեջ չէ, ուստի և նա կարող է նրա հետ ազատ խոսել քաղաքականությունից։

Շվեյկն ասաց, թե ինքը պանդոկում երբեք քաղաքականությունից չի խոսում և թե առհասարակ այդ քաղաքականության կոչվածը փոքրահասակ երեխաներին վայել զբաղմունք է։

Բրետշնայդերն, ընդհակառակը, շատ հեղափոխական համոզմունքներ ուներ։ Նա հայտարարեց, թե ամեն մի թույլ պետության դատապարտված է կործանման, և Շվեյկին հարցրեց, թե նա ի՞նչ հայացք ունի այդ հարցերի նկատմամբ։