Շվեյկը պատասխանեց, թե ինքը պետության հետ ոչ մի գործ չի ունեցել, բայց մի անգամ իր մոտ դաստիարակվում էր սենբերնարի մի վտիտ լակոտ, որին նա կերակրում էր զինվորի սուխարիներով, և այդ միջոցին լակոտը սատկեց։
Հինգերորդ գավաթը խմելուց հետո Բրետշնայդերն իրեն անարխիստ հայտարարեց և սկսեց Շվեյկից խորհուրդ հարցնել, թե արդյոք ո՞ր կազմակերպության մեջ մտնի։
Շվեյկը պատմեց, թե ժամանակով մի անարխիստ իրենից հարյուր կրոնով մի լեոնբերգ է գնել, արժեքը մաս-մաս վճարելու պայմանով, բայց մինչև հիմա վերջին վճարումը դեռ չի կատարել։
Վեցերորդ քառորդ լիտրը դատարկելուց հետո Բրետշնայդերն արտահայտվեց հօգուտ հեղափոխության և ընդդեմ զորահավաքի։ Շվեյկը թեքվեց ու նրա ականջին փսփսաց․
– Հենց նոր մի հաճախորդ ներս մտավ։ Վայ թե ձեզ լսի, գլխացավանքի մեջ ընկնեք։ Տեսնո՞ւմ եք, պանդոկապետի կինն արդեն լալիս է։
Պալիվեցի կինն իսկապես լալիս էր վաճառասեղանի հետևում նստած։
– Ինչո՞ւ եք լալիս, տիրուհի,– հարցրեց Բրետշնայդերը։– Երեք ամսից մենք կհաղթենք, ամնիստիա կլինի, և ձեր ամուսինը կվերադառնա։ Այն ժամանակ քե՜ֆ կանենք ձեզ մոտ։ Թե՞ դուք չեք կարծում, որ մենք կհաղթենք,– դարձավ նա Շվեյկին։
– Ի՞նչ կարիք կա շարունակ նույն բանը ծամծմելու,– ասաց Շվեյկը։– Պետք է հաղթենք, և վե՛րջ։ Դե՛հ, իմ տուն գնալու ժամանակն է։
Շվեյկը վճարեց ու վերադարձավ իր պառավ աղախին պանի Մյուլլերի մոտ, որը շատ վախեցավ, տեսնելով, որ բանալիով մուտքի դուռը բացող տղամարդը ոչ այլ ոք է, եթե ոչ ինքը՝ Շվեյկը։
– Իսկ ես, պարոն, կարծում էի, թե դուք կվերադառնաք միայն մի քանի տարուց հետո,– ասաց նա իրեն հատուկ անմեղությամբ,– և ես այստեղ… մեղքանալով… ժամանակավորապես ապրելու տեղ եմ տվել գիշերային սրճարանի մի շվեյցարի, որովհետև… այստեղ երեք անգամ խուզարկություն կատարեցին, և, երբ ոչինչ չգտան, ասացին, թե իբր ձեր բանը բուրդ է, թե ամեն բանից երևում է, որ դուք փորձված հանցագործ եք։
Շվեյկն արագ համոզվեց, որ անծանոթը տեղավորվել է ամենայն հարմարությամբ. նա քնել էր Շվեյկի անկողնու վրա և նույնիսկ այնքան ջենտլմեն էր գտնվել, որ բավականացել էր դրա միայն մի կեսով, իսկ մյուս կեսը տրամադրել ոմն երկարամազ էակի, որն երախտագիտաբար գրկել էր նրա վիզն ու քնել։ Հատակին, անկողնու շուրջը, խառնիխուռն թափված էին տղամարդու և կանացի արդուզարդի պարագաներ։ Այդ քաոսից երևում էր, որ «գիշերային սրճարանի» շվեյցարը երեկ իր դամայի հետ տուն էր եկել քեֆը տեղը։
– Պարո՛ն,– ասաց Շվեյկը, ցնցելով ներխուժած կենվորին,– պարո՛ն, չլինի թե հանկարծ ճաշից ուշանաք։ Ինձ համար շատ անհաճո կլինի, եթե դուք սկսեք բոլորին պատմել, թե ես ձեզ դուրս եմ արել այն ժամին, երբ ոչ մի տեղ չի կարելի ճաշ գտնել։
Քիչ ժամանակ չանցավ, մինչև որ «գիշերային սրճարանի» քնաթաթախ շվեյցարը գլխի ընկավ, որ անկողնու տերը տուն է վերադարձել և իր իրավունքներն է ներկայացնում։
«Գիշերային սրճարանների» բոլոր շվեյցարներին հատուկ սովորությամբ այդ պարոնն արտահայտվեց այն ոգով, թե կջարդի այն մարդու կողերը, որը կհամարձակվի իրեն արթնացնել։
Այդ միջոցին Շվեյկը հավաքեց նրա արդուզարդի մասերը, բերեց֊դրեց անկողնու մոտ և, եռանդագին ցնցելով նրան, ասաց․
– Եթե չհագնվեք, ստիպված պիտի լինեմ ձեզ փողոց նետել այսպես տկլոր։ Ձեզ համար շատ ավելի ձեռնտու կլինի այստեղից դուրս թռչել հագնված վիճակում։
– Ես ուզում էի քնել մինչև իրիկվա ժամը ութը,– ասաց շվարած շվեյցարը, վեր քաշելով վարտիքը։– Ես անկողնու համար տանտիրուհուն օրը երկու կրոն եմ վճարում և կարող եմ սրճարանից այստեղ օրիորդներ բերել… Մարժենկա, վեր կաց։
Օձիքն ու փողկապը կապելուց հետո նա արդեն այնքան էր ուշքի եկել, որ սկսեց Շվեյկին համոզել, թե «Միմոզա» գիշերային սրճարանն ամենավայելուչ հաստատություններից մեկն է, ուր մուտք ունեն միայն այն դամաները, որոնց դեղին տոմսերը միանգամայն կարգին են, և սիրալիր կերպով Շվեյկին հրավիրեց այցելել այդ սրճարանը։
Սակայն նրա գործակցուհին խիստ դժգոհ մնաց Շվեյկից և թույլ տվեց մի քանի բարձրաշխարհիկ ծանրակշիռ արտահայտություններ, որոնցից ամենավայելուչն «աստծու դմբլո»-ն էր։
Անկոչ կենվորների հեռանալուց հետո Շվեյկը գնաց խոհանոցից պանի Մյուլլերին կանչելու, որպեսզի նրա հետ սենյակը կարգի բերի, սակայն այնտեղ նրանից ոչ մի հետք չգտավ, բացի մի թղթի կտորից, որի վրա մատիտով ինչ-որ բան էր խզբզած։ Պանի Մյուլլերը պարզապես արտահայտել էր իր մտքերը Շվեյկի անկողինը գիշերային սրճարանի շվեյցարին վարձով տալու դժբախտ դեպքի առթիվ։ Թղթի վրա գրված էր.
«Ներեցե՛ք, պարոն, ես ձեզ այլևս չեմ տեսնի, որովհետև լուսամուտից ցած եմ նետվում»։
– Սո՛ւտ է ասում,– ասաց Շվեյկը և սկսեց սպասել։
Կես ժամ անց խոհանոց սողոսկեց տարաբախտ պանի Մյուլլերը, որի դեմքի ընկճված արտահայտությունից երևում էր, որ նա Շվեյկից մխիթարանքի խոսք է սպասում։
– Եթե ուզում եք լուսամուտից ցած նետվել,– ասաց Շվեյկը,– գնացեք իմ սենյակը, լուսամուտը բացել եմ։ Ես ձեզ խորհուրդ չէի տա խոհանոցի լուսամուտից նետվել, որովհետև կընկնեք պարտեզի վարդերի վրա, կջարդեք բոլոր թփերը և ստիպված կլինեք դրա համար վճարել։ Իսկ սենյակիս լուսամատից դուք մեծ հաջողությամբ կշրմփաք մայթի վրա և, եթե բախտներդ բանի, կջարդեք ձեր վիզը։ Իսկ եթե բախտներդ չբանի, կջարդեք միայն ձեր կողոսկրերը, ձեռքերն ու ոտքերը, և ստիպված կլինեք վճարել հիվանդանոցում բուժվելու վարձը։