Выбрать главу

– Իսկ այդ զինվորի վերջն ի՞նչ եղավ,– հարցրեց պանի Մյուլլերը մի րոպե անց, երբ Շվեյկն արդեն հագնվում էր։

– Շալվարակալով կախվեց,– պատասխանեց Շվեյկը, մաքրելով իր կատելոկը։– Իսկ շալվարակալն էլ իրենը չէր, փոխ էր առել բանտապահից, թե իբր շալվարն ընկնում է։ Հո չէ՞ր սպասելու, մինչև որ գնդակահարեին։ Դե՛հ իհարկե, հասկանալի է, պանի Մյուլլեր, այդ վիճակում ո՞վ գլուխը չի կորցնի։ Բանտապահին պաշտոնից վտարեցին ու վեց ամիս տվին, բայց նա չնստեց, ճղեց Շվեյցարիա և հիմա այնտեղ ինչ-որ եկեղեցում քարոզ է կարդում… հիմա ազնիվ մարդ քիչ կա, պանի Մյուլլեր։ Ես կարծում եմ, որ էրցհերցոգ Ֆերդինանդը Սարաևոյում սխալ կարծիք է կազմել այն մարդու մասին, որ նրան խփել է։ Վայ թե տեսել է այդ պարոնին ու մտածել, «Երևի կարգին մարդ է, քանի որ ինձ ողջունում է»։ Իսկ նա վերցրել է ու թխկացրել։ Մի՞ գնդակ է մխել, թե մի քանի։

– Թերթերը գրում են, պարո՛ն, թե էրցհերցոգը ծակծկվել, մաղ է դարձել։ Այն հոգավորը բոլոր փամփուշտները կրակել է նրա վրա։

– Դա շատ արագ է կատարվում, պանի Մյուլլեր։ Չափազանց արագ։ Այդպիսի գործի համար ես բրաունինգ կառնեի։ Որ նայես, խաղալիքի պես բան է, սակայն նրանով կարելի է երկու րոպեում քսան էրցհերցոգ խփել, թե՛ նիհար, թե՛ չաղ։ Թեև, խոսքը մեր մեջ, պանի Մյուլլեր, չաղ էրցհերցոգին ավելի հեշտ է դիպցնել, քան նիհարին։ Երևի հիշում եք, թե Պորտուգալիայում ինչպես խփեցին նրանց թագավորին։ Իսկ նա չաղ էր, հա՜։ Ասենք, ինքներդ էլ գիտեք, թագավորը նիհար չի լինի… Դե՛հ, ես գնացի «Թասի մոտ» պանդոկը։ Եթե գան այն տերյերը տանելու, որի համար կանխավճար եմ վերցրել, ասացեք, թե նրան պահում եմ իմ քաղաքամերձ շնանոցում, թե վերջերս ականջները կտրել եմ և մինչև որ կտրած տեղերը չլավանան լակոտին տեղափոխել չի կարելի, թե չէ ականջատեղերը կարող են մրսել։ Բանալին կթողնեք դռնապանուհու մոտ։

«Թասի մոտ» պանդոկում նստած էր միայն մի այցելու։ Դա գաղտնի ոստիկանության գործակալ Բրետշնայդերն էր։ Պանդոկապետ Պոլիվեցը լվանում էր ամանները, և Բրետշնայդերն ապարդյուն ջանում էր նրա հետ լուրջ խոսակցություն սկսել։

Պալիվեցը երևելի գռեհկախոս էր։ Նրա յուրաքանչյուր երկրորդ բառը կամ «հետույք»-ն էր կամ «կղկղանք»-ը ։ Բայց և այնպես, կարդացած մարդ էր և բոլորին խորհուրդ էր տալիս կարդալ, թե վերջին առարկայի մասին ինչ է գրել Վիկտոր Հյուգոն, պատմելով, թե Նապոլեոնի հին գվարդիան ինչպես է պատասխանել անգլիացիներին Վաթերլոյի ճակատամարտի ժամանակ։

– Լա՜վ ամառ է,– լուրջ խոսակցություն սկսեց Բրետշնայդերը։

– Այդ ամենը կղկղանքի արժեք չունի,– պատասխանեց Պալիվեցը, ամանները դասավորելով պահարանի մեջ։

– Լա՜վ օյին են խաղացել մեր գլխին Սարաևոյում,– մի նվազ հույսով ասաց Բրետշնայդերը։

– Ո՞ր Սարաևոյում,– հարցրեց Պալիվեցը։– Չլինի՞ թե Նուսլիի պանդոկում։ Այնտեղ ամեն օր տուրուդմփոց է։ Դրան Նուսլի կասեն։

– Բոսնիայի Սարաևոյում, պան պանդոկապետ։ Այնտեղ խփել են էրցհերցոգ Ֆերդինանդին։ Ի՞նչ կասեք այդ մասին։

– Ես այդպիսի գործերի չեմ խառնվում։ Թող հետույքս մտնեն նրանք բոլորն իրենց այդ գործերով,– քաղաքավարի պատասխանեց Պալիվեցը, վառելով ծխամորճը։– Հիմա, թե որ այդպիսի գործերի խառնվես, մեկ էլ տեսար վիզդ ջարդեցիր։ Ես պանդոկապետ մարդ եմ։ Ով գալիս է մոտս, գարեջուր պահանջում, նրա համար էլ լցնում եմ ու տալիս։ Իսկ ինչ-որ Սարաևո, քաղաքականություն և կամ թե հանգուցյալ էրցհերցոգ՝ մեզ չեն վերաբերվում։ Դա մեր խելքի բանը չի։ Դրանից Պանկրացի հոտ է փչում։

Բրետշնայդերը լռեց և հիասթափված աչք ածեց դատարկ պանդոկը։

– Առաջ այստեղ կախված էր թագավոր կայսեր պատկերը,– մի րոպե անց նորից խոսք բացեց Բրետշնայդերը։– Հենց այն տեղում, ուր հիմա հայելին է։

– Այո, հրամանքդ ճիշտ է ասում,– պատասխանեց Պալիվեցը,– կախված էր։ Միայն թե ճանճերը ծրտել էին վրան, դրա համար էլ վերցրել տարել եմ ձեղնահարկ։ Գիտեք էլի, հանկարծ մեկն ու մեկը իրեն թույլ կտա այդ մասին որևէ դիտողություն անել, կարող է անհամություն առաջանալ։ Իսկ ո՞ր հորս ցավի համար։

– Սարաևոյում, երևի, շատ վատ եղանակ է եղել, պան պանդոկապետ։