Выбрать главу

Երբ Շվեյկին ծանուցագիր բերին, թե մի շաբաթ հետո պետք է գնա Ստրշելեցկի կղզին՝ բժշկական քննության ներկայանալու, նա անկողնում պառկած էր, քանզի ռևմատիզմի նոպան բռնել էր։ Պանի Մյուլլերը խոհանոցում նրա համար սուրճ էր պատրաստում։

– Պա՛նի Մյուլլեր,– լսվեց հարևան սենյակից Շվեյկի մեղմ ձայնը,– պանի Մյուլլեր, մի րոպե այստեղ եկեք։

Երբ աղախինը մոտեցավ անկողնուն, Շվեյկը նույն մեղմ ձայնով ասաց․

– Նստեցեք, պանի Մյուլլեր։

Նրա ձայնը խորհրդավոր էր և հանդիսավոր։ Երբ պանի Մյուլլերը նստեց, Շվեյկը պառկած տեղից մի փոքր բարձրանալով ասաց․

– Ես գնում եմ պատերազմ։

– Մեղա՜ քեզ, տեր,– բացականչեց պանի Մյուլլերը,– դուք այնտեղ ի՞նչ պիտի անեք։

– Պիտի կռվեմ,– գերեզմանային ձայնով պատասխանեց Շվեյկը։– Ավստրիայի գործերը շատ վատ են։ Վերևից շարժվում են դեպի Կրակով, իսկ ներքևից՝ դեպի Հունգարիա։ Որ կողմը որ նայես, մեր քիթ ու մռութին տվել են։ Այդ ամենը նկատի ունենալով, ինձ պատերազմի են կանչում։ Հենց երեկ ձեզ համար թերթից կարդացի, որ «թանկագին հայրենիքը սև ամպերով է պատած»։

– Բայց, ախր, դուք շարժվել չեք կարող։

– Դա կարևոր չէ, պանի Մյուլլեր, ես պատերազմ կգնամ ձեռնասայլակով։ Դուք ճանաչո՞ւմ եք փողոցի անկյունում ապրող այն հրուշակագործին, նա մի այդպիսի ձեռնասայլակ ունի։ Մի քանի տարի առաջ դրանով իր քոպակ կաղ պապին տանում էր թարմ օդ շնչելու։ Ահա այդ ձեռնասայլակով, պանի Մ յուլլեր, դուք ինձ կտանեք զինվորական ծառայության։

Պանի Մյուլլերը սկսեց լաց լինել։

– Չվազե՞մ, պարոն, բժիշկ կանչեմ։

– Ոչ մի տեղ մի գնաք, պանի Մյուլլեր։ Ես միանգամայն պիտանի եմ թնդանոթի միս դառնալու, միայն թե ոտքերս․․․ Բայց, երբ Ավստրիայի բանը բուրդ է, յուրաքանչյուր հաշմանդամ պետք է իր դիրքում լինի։ Հանգիստ շարունակեցեք սուրճն եփել։

Եվ մինչ պանի Մյուլլերն արցունքն աչքերին և հուզված քամում էր սուրճը, քաջարի զինվոր Շվեյկը անկողնում պառկած երգում էր.

Վինդիշգրեցն ու այլ քաջեր իսկական

Առավոտը վաղ կռվի գուրս եկան։

Հո՛պ, հո՛պ, հո՛պ։

Կռիվն սկսեցին, դարձան գոչեցին.

«Օգնեք մեզ, Հիսուս և աստվածածին»։

Հո՛պ, հո՛պ, հո՛պ։

Վախեցած պանի Մյուլլերն այդ սահմռկիչ ռազմական երգի տպավորության տակ մոռացավ սուրճը և, ամբողջ մարմնով դողալով, սկսեց ականջ դնել, թե ինչպես քաջարի զինվոր Շվեյկն անկողնու մեջ երգում է.

Դե՛հ, դուրս եկ, Պիեմոնտ*։ Ահա չորս կամուրջ,

Ֆորպոստն ամրացրեք, եղեք աչալուրջ։

Հո՛պ, հո՛պ, հո՛պ։

Բորբոքվեց մարտը Սոլֆերինոյի,

Արյունը հոսեց, ինչպես ալ գինի։

Հո՛պ, հո՛պ, հո՛պ։

Արյունը առատ, միսը՝ սայլերով,

Ո՞նց, չպարծենանք ուսադիրներով։

Հո՛պ, հո՛պ, հո՛պ։

Չվախեք, տղե՛րք, ահա կրնկակոխ

Մի սայլ է շարժվում՝ մեջը լիքը փող․

Հո՛պ, հո՛պ, հո՛պ։

– Ի սեր աստծո, պարո՛ն, խնդրում եմ վերջ տաք,– լսվեց խոհանոցից մի աղիողորմ ձայն, բայց Շվեյկը մինչև վերջ երգեց այդ պանծալի մարտական երգը.

Փողը սայլի մեջ, շիլան կաթսայում,

Ո՞ր գունդն է մեզնից ուրախ կյանք վարում։

Հո՛պ, հո՛պ, հո՛պ։

Պանի Մյուլլերը վազեց բժիշկ կանչելու։ Նա վերադարձավ մի ժամ հետո, երբ Շվեյկն արդեն քնել էր։ Շվեյկին արթնացրեց մի չաղ պարոն, որը ձեռքը դրեց նրա ճակատին ու ասաց․

– Մի՛ վախենաք, ես բժիշկ Պավեկն եմ, Վինոգրադիից։ Տվեք ձեր ձեռքը։ Այս ջերմաչափը կոխեք ձեր թևի տակ։ Այդպե՛ս։ Ցույց տվեք ձեր լեզուն։ Մե՛կ էլ։ Հանեցեք լեզուն։ Ձեր ծնողներն ինչի՞ց են մեռել։

Եվ այդպես, մինչ Վիեննան պայքարում էր, որ Ավստրոհունգարիայի բոլոր ժողովուրդները առավելագույն հավատարմություն և նվիրվածություն ցուցաբերեն, բժիշկ Պավեկը Շվեյկի հայրենասիրական խանդավառության դեմ բրոմ նշանակեց և արիասիրտ ու ազնիվ զինվորին խորհուրդ տվեց պատերազմի մասին չմտածել։

– Հանգիստ պառկեցեք և խուսափեցեք հուզվելուց։ Վաղը մեկ էլ կանցնեմ։

Մյուս օրը բժիշկը նորից եկավ և խոհանոցում պանի Մյուլլերին հարցուփորձ արեց, թե հիվանդն իրեն ինչպես է զգում։

– Ավելի է վատացել, պան բժիշկ,– անկեղծ տխրությամբ պատասխանեց պանի Մյուլլերը։– Գիշերը, երբ ռևմատիզմից կուչ ու ձիգ էր գալիս, երգում էր, թող ներվի ասել, ավստրիական հիմնը։

Բժիշկ Պավեկն անհրաժեշտ համարեց հիվանդի լոյալության այդ նոր դրսևորման վրա հակազդել բրոմի ավելի մեծ դոզայով։ Հաջորդ օրը պանի Մյուլլերը բժշկին զեկուցեց, թե Շվեյկն ավելի է վատացել։

– Ճաշից Հետո, պան բժիշկ, ուղարկեց պատերազմական գործողությունների քարտեզը բերելու, իսկ գիշերը զառանցում էր, թե Ավստրիան կհաղթի։

– Իսկ դեղափոշին ընդունո՞ւմ է ըստ իմ ասածի։

– Դեռ չի էլ ուղարկել դեղը բերելու, պան բժիշկ։

Շվեյկի գլխին կշտամբանքների մի տարափ տեղալով, նրան հավաստիացնելով, որ այլևս չի գա բուժելու մի մարդու, որը մերժում է բրոմով բուժելու իր եղանակը, դոկտոր Պավեկը թողեց ու գնաց։