Выбрать главу

Դեռ երկու օր էլ կար մինչև այն պահը, երբ Շվեյկը պետք է կանգներ զորակոչային հանձնաժողովի առաջ։

Այդ ժամանակամիջոցում նա անհրաժեշտ պատրաստություններ տեսավ․ պանի Մյուլլերին ուղարկեց, նախ, համազգեստային գլխարկ գնելու և, երկրորդ, փողոցի անկյունում ապրող հրուշակագործից խնդրելու այն ձեռնասայլակը, որով նա մի ժամանակ իր կաղ ու քոպակ պապին դուրս էր բերել թարմ օդ շնչելու։ Հետո Շվեյկը հիշեց, որ իրեն հենակներ են հարկավոր։ Բարեբախտաբար, հրուշակագործը, ընտանեկան սրբության պես պահել էր նաև հենակները։

Պակասում էր միայն մի փոքրիկ ծաղկեփունջ, որպիսին իրենց կրծքին կրում են նորակոչիկները։ Բայց պանի Մյուլլերը, որն այդ օրերին սաստիկ նիհարել և ուր որ գնում՝ ամեն տեղ լաց էր լինում, նրա համար ծաղկեփնջիկ էլ ճարեց։

Եվ այդպես, այն հիշարժան օրը Պրագայի փողոցներն ականատես եղան իսկական հայրենասիրության մի սրտառուչ օրինակի։ Մի պառավ կին հրելով առաջ էր մղում մի ձեռնասայլակ, որի մեջ նստած էր պսպղուն կոկարդով համազգեստային գլխարկ դրած մի մարդ, որը թափահարում էր իր հենակները։ Նրա պիջակի կրձքին աչքի էր զարնում նորակոչիկի երփներանգ ծաղկեփնջիկը։ Այդ մարդը, շարունակելով հենակները թափահարել, փողոցով մեկ գոռում էր.

– Դեպի Բելգրա՛դ, դեպի Բելդրա՛գ։

Նրա հետևից շարժվում էր մի բազմություն, որն սկսել էր գոյանալ այն տան առաջ, որտեղից Շվեյկը դուրս էր եկել պատերազմ գնալու։ Շվեյկը նկատեց, որ խաչմերուկներում կանգնած ոստիկաններից ոմանք իրեն պատիվ են տալիս։ Վացլավի հրապարակում Շվեյկի ձեռնասայլակի շուրջն ամբոխն աճելով հասավ մի քանի հարյուր մարդու, իսկ Կրակովի փողոցի անկյունում մարդիկ ծեծեցին կորպորանտի թասակ դրած մի բուրշի, որը Շվեյկի հետևից գոռացել էր․

– Heil! Nieder mit den serben![4]

Վոդիչկովո փողոցի անկյունում վրա հասած հեծյալ ոստիկանությունը ցրեց ամբոխը։ Երբ Շվեյկը պրիստավին ապացուցեց, որ ինքն այսօր պետք է ներկայանա զինակոչային հանձնաժողովին, պրիստավը փոքր ինչ հիասթափվեց և, անախորժությունից խուսափած լինելու համար, երկու հեծյալ ոստիկանի հրամայեց Շվեյկի ձեռնասայլակին ուղեկցել մինչև Ստրշելեցկի կղզին։

Այդ իրադարձության մասին «Պրագայի պաշտոնաթերթ»-ում զետեղվեց հետևյալ հոդվածը.

Հաշմանդամի հայրենասիրությունը

Երեկ ցերեկը Պրագայի գլխավոր փողոցներում անցորդներն ականատես եղան մի տեսարանի, որը պերճախոս կերպով վկայում է, որ այս մեծ և լուրջ պահին մեր ժողովրդի որդիներն ևս ընդունակ են մեր զառամյալ միապետի գահին հավատարիմ ու նվիրված լինելու փայլուն օրինակներ ցույց տալ։ Թվում էր, թե վերադարձել են հույների և հռոմեացիների այն փառապանծ ժամանակները, երբ Մուցիոս Սցևոլան կռվի էր գնում, չնայած որ ձեռքերն այրված էին։ Հենակավոր այն հաշմանդամը, որին հիվանդի ձեռնասայլակով տանում էր նրա պառավ մայրը, երեկ ցուցահանեց հայրենասիրության սրբազան մի զգացմունք։ Չեխ ժողովրդի այդ որդին, չնայած իր տկարությանը, կամավոր կերպով գնաց պատերազմ, որպեսզի իր բոլոր ուժերը և նույնիսկ կյանքը զոհի հանուն իր կայսեր։ Եվ այն հանգամանքը, որ նրա «Դեպի Բելգրադ» կոչը այնպիսի աշխույժ արձագանք գտավ Պրագայի փողոցներում, վկայում է, որ Պրագայի բնակիչները սիրո վսեմ օրինակներ են ցուցաբերում հայրենիքի և թագավորող տան նկատմամբ։

Այդ ոգով էր գրել նաև «Պրագեր Տագեբլատտ»֊ը, որն իր հոդվածն ավարտել էր այսպիսի խոսքերով. «հաշմանդամ կամավորին ուղեկցում էին բազմաթիվ գերմանացիներ, որոնք իրենց մարմնով նրան պաշտպանում էին Անտանտայի չեխ գործակալների ինքնադատաստանից»։

«Բոհեմիա»֊ն, որ նույնպես տպագրել էր այդ հաղորդագրությունը, պահանջում էր, որ հաշմանդամ կամավորը պարգևատրվի, և հայտարարում էր, թե խմբագրությունը գերմանացի քաղաքացիներից նվերներ է ընդունում անհայտ հերոսի օգտին։

Եվ այդպես, այդ երեք թերթերը գտնում էին, թե չեխերի երկիրը չէր կարող տալ առավել վեհանձն մի քաղաքացի։

Սակայն զինակոչային հանձնաժողովի պարոնները համակարծիք չէին նրանց։ Մանավանդ զինվորական ավագ բժիշկ Բաուտցեն։ Սա անողորմ մի մարդ էր, որն ամեն բանի մեջ ժուլիկություն և զինվորական ծառայությունից՝ ռազմաճակատից, գնդակներից ու շրապնելներից խուսափելու փորձ էր տեսնում։

Հայտնի է նրա հետևյալ խոսքը. «Das ganze tschechische Volk ist eine Simulantenbande»[5]։

Իր գործունեության երեք շաբաթվա ընթացքում նա 11,000 քաղաքացիներից 10,999֊ին սիմուլյանտ էր համարել և իր ցանցը կգցեր նաև տասնմեկհազարերորդին, եթե այս բախտավորը կաթվածահար չլիներ հենց այն պահին, երբ բժիշկը նրա վրա գոռացել էր, «Kehrt euch!»[6]։

– Տարեք այս սիմուլյանտին,– ասել էր Բաուտցեն, երբ հավաստիացել էր, որ նա մեռած է։

Եվ ահա այդ հիշարժան օրը Շվեյկը Բաուտցեի առաջ կանգնեց միանգամայն մերկ, ինչպես և մնացած բոլորը, ամոթխածորեն իր մերկությունը ծածկելով հենակներով, որոնց վրա հենված էր։

– Das ist wirklich ein besonderes Feigenblatt[7],– ասաց Բաուտցեն,– դրախտում այսպիսի թզենու տերևներ չեն եղել։

– Ազատված է ապուշության պատճառով,– բարձրաձայն կարդաց ֆելդֆեբելը, զննելով Շվեյկի փաստաթղթերը։

– Իսկ էլ ի՞նչ հիվանդություններ անեք,– հարցրեց Բաուտցեն։