– Համարձակվում եմ զեկուցել, ռևամտիզմ ունեմ։ Բայց թագավոր կայսրին կծառայեմ մինչև արյանս վերջին կաթիլը,– համեստորեն ասաց Շվեյկը։– Ծնկներս ուռել են։
Բաուտցեն մի ահարկու հայացք նետեց քաջարի զինվոր Շվեյկի վրա ու ծղրտաց.
– Sie sind ein Simulant![8].
Եվ, դառնալով ֆելդֆեբելին, սառցային հանգստությամբ ասաց.
– Den Kerl sogleich einsperren[9].
Հրացաններին սվիններ հագցրած երկու զինվորներ Շվեյկին տանում էին կայազորի բանտը։ Շվեյկը քայլում էր հենակներին հենված և սարսափով զգում էր, որ ռևմատիզմն անցնում է։ Պանի Մյուլլերը, որը կամրջի մոտ, ձեռնասայլակի կողքին կանգնած սպասում էր Շվեյկին, նրան տեսնելով երկու սվինների արանքում, սկսեց լաց լինել և սուսուփուս հեռացավ ձեռնասայլակից՝ այլևս երբեք չմոտենալու համար…
Իսկ քաջարի զինվոր Շվեյկն համեստաբար քայլում էր պետության զինյալ պաշտպանների ուղեկցությամբ։ Սվիններն արևից պսպղում էին, և Մալայա Ստրանայում, Ռադեցկու հուշարձանի առաջ, դիմելով իրեն ուղեկցող բազմությանը, Շվեյկը գոռաց.
– Դեպի Բելգրա՛դ։
Իսկ մարշալ Ռադեցկին իր պատվանդանից մտախոհ նայում էր հեռացող քաջարի զինվոր Շվեյկի հետևից, որը տարուբերվում էր հին հենակների վրա՝ նորակոչիկի ծաղկեփնջիկը պիջակի կրծքին։
Մի ոմն պատկառելի պարոն իր շուրջն հավաքված բազմությանը բացատրում էր, թե դասալիք են տանում։
Շվեյկը սիմուլյանտ
Այդ մեծ դարաշրջանում բժիշկները կաշվից դուրս էին գալիս սիմուլյանտների միջից սաբոտաժի չար ոգին արտաքսելու և նրանց բանակի գիրկը վերադարձնելու համար։ Սիմուլյանտների և սիմուլյանտության մեջ կասկածվողների, այսինքն՝ թոքախտավորների, ռևմատիկների, ճողվածք ունեցողների, երիկամների բորբոքումով, տիֆով, շաքարախտով, թոքերի բորբոքումով և այլ հիվանդություններով տառապողների համար սահմանված էր փորձաքննությունների մի ամբողջ աստիճանաշար։
Այն տանջանքները, որոնց ենթարկվում էին սիմուլյանտները, սիստեմավորված էին, և այդ տանջանքների աստիճանավորումներն հետևյալներն էին.
Խիստ դիետա. երեք օր առավոտյան և երեկոյան մեկ բաժակ թեյ։ Բացի դրանից, բոլորին, անկախ այն բանից, թե ինչ գանգատներ ունեին, ասպիրին էին տալիս, որպեսզի քրտնեին։
Խինինի փոշի ձիու դոզայով, որպեսզի նրանց մտքովը չանցներ, թե զինվորական ծառայությունը մեղր է։ Դա կոչվում էր «խինին լպստել»։
Օրական երկու անգամ ստամոքսի լվացում մի լիտր տաք ջրով։
Կլիզմա սապնաջրով և գլիցերինով։
Փաթաթում սառը թաց սավանի մեջ։
Կային հերոսներ, որոնք անսասան դիմանում էին տանջանքների բոլոր հինգ աստիճաններին և հասնում այն բանին, որ նրանց, հասարակ դագաղների մեջ դրած, տանում էին զինվորական գերեզմանատուն։ Բայց պատահում էին և թուլամորթներ, որոնք, հենց որ բանը հասնում էր կլիզմային, հայտարարում էին, թե արդեն առողջացել են և չեն երազում ոչ այլ ինչ, եթե ոչ առաջին իսկ երթային գումարտակի հետ գնալ խրամատները։
Շվեյկին տեղավորեցին կայազորի բանտին կից հիվանդանոցային բարաքում, հենց այդպիսի թուլամորթ սիմուլյանտների մեջ։
– Էլ չեմ դիմանա,– ասաց նրա մահճակիցը, որին հենց նոր էին բերել ամբուլատորիայից, ուր արդեն երկրորդ անդամ նրա ստամոքսը լվացել էին։ Այդ մարդը կարճատես էր ձևանում։
– Հենց վաղը կգնամ գունդը,– ասաց նրա ձախակողմյան հարևանը, որին հենց նոր կլիզմա էին արել։ Այդ հիվանդը ձևանում էր, թե ցախաքլորի պես խուլ է։
Դռան մոտ դրված մահճակալի վրա մեռնում էր թաց ու սառն սավանի մեջ փաթաթած մի թոքախտավոր։
– Սա արդեն երրորդն է այս շաբաթվա մեջ,– ասաց աջակողմյան հարևանը։
– Իսկ դու ի՞նչ հիվանդություն ունես,– հարցրին Շվեյկին։
– Ռևմատիզմ ունեմ,– պատասխանեց Շվեյկը, և նրա շուրջն իսկույն մի անկեղծ ծիծաղ պոռթկաց։ Ծիծաղում էր նույնիսկ մեռնող թոքախտավորը, որ տուբերկուլյոզով հիվանդ էր ձևանում։
– Լավ կլինի քո ռևմատիզմով քիթդ չխոթես այստեղ,– լրջորեն նախազգուշացրեց Շվեյկին մի չաղ պարոն։– Այստեղ ռևմատիզմը նույնքան են բանի տեղ դնում, որքան մազոլները։ Ես սակավարյունություն ունեմ, ստամոքսիս կեսն ու կողերիցս հինգը չկան, բայց ոչ ոք չի հավատում։ Իսկ վերջերս այստեղ մի խուլուհամր կար։ Տասնչորս օր շարունակ ամեն կես ժամը մեկ նրան փաթաթում էին թաց սավանի մեջ։ Ամեն օր կլիզմա էին անում ու ստամոքսը դատարկում։ Նույնիսկ սանիտարները կարծում էին, թե նրա գործը հաջող է և թե մարդուն բաց կթողնեն գնա տուն, բայց բժիշկը վերցրեց ու փսխեցնող դեղ նշանակեց։ Այդ դեղը կարող էր նրա աղիքները բերանը բերել, և այն ժամանակ նա թուլամորթություն արեց։ «Էլ չեմ կարող, ասում է, խուլուհամր ձևանալ։ Լսողությունս էլ, խոսողությունս էլ վերականգնվել է»։ Բոլոր հիվանդները նրան համոզում էին, որ իրեն չկործանի, բայց նա իր էշն էր քշում, թե իբր ամեն ինչ լսում է և բոլորի պես տեսնամ։ Այդպես էլ զեկուցեց առավոտվա շրջայցի ժամանակ։
– Հա՜, երկար դիմացավ,– հարեց մեկը, որ ձևացնում էր, թե իր մի ոտքը մյուսից ուղիղ տասնչորս սանտիմետր կարճ է։– Նա այն անդամալույծի պես չէր, որի համար խինինի երեք փոշին, մի կլիզման և մի օր սոված մնալն էլ բավական եղավ։ Խոստովանեց նույնիսկ նախքան ստամոքսը դատարկելը։ Անդամալուծությունը ձեռաց անցավ։