– Այստեղ բոլորից շատ դիմացավ այն մեկը, որին կատաղած շուն էր կծել։ Կծում էր, ոռնում, իսկապես ամեն ինչ շատ լավ էր անում։ Բայց ոչ մի կերպ չէր կարողանում այնպես անել, որ բերանին փրփուր երևար։ Մենք ամեն կերպ օգնում էինք նրան, շրջայցից առաջ խուտուտ էինք տալիս, երբեմն մի ամբողջ ժամ։ Բանը այնտեղ էինք հասցնում, որ մարդը սկսում էր ջղաձգություններ անել ու կապտել, և այնուամենայնիվ բերանին փրփուր չէր երևում։ Չկար ու չկար։ Սարսափելի՜ բան էր։ Եվ երբ առավոտվա շրջայցի ժամանակ անձնատուր եղավ, ասել չի լինի, թե ինչպես խղճացինք նրան։ Մոմի պես ձիգ տնկվեց մահճակալի մոտ, պատիվ տվեց ու ասաց. «Համարձակվում եմ զեկուցել, պարոն ավագ բժիշկ, որ առհասարակ ինձ ոչ մի շուն չի կծել։ Ես ինքս եմ իմ ձեռքը կծել»։ Այդ խոստովանությունից հետո նրան մեղադրեցին ինքնաանդամախեղության մեջ, թե իբր ինքն իր ձեռքը կծել է նրա համար, որ ռազմաճակատ չընկնի։
– Շատ դժվար է ձևացնել այն հիվանդությունները, որոնց ժամանակ պահանջվում է, որ մարդու բերանին փրփուր երևա,– ասաց չաղ սիմուլյանտը։– Ա՛յ, օրինակ, ընկնավորությունը։ Այստեղ մի ընկնավոր կար։ Նա մեզ միշտ ասում էր, թե ուզածդ ժամանակ ընկնավոր ձևանալը դատարկ բան է։ Ընկնում էր օրը մի տասն անգամ, կծկվում էր ու ջղաձգվում, բռունցքները սեղմում, սչքերը թռցնում, ճակատը գետնին խփում, լեզուն դուրս գցում։ Կարճ ասած, հիանալի ընկնավորություն էր – առաջին տեսակի, ամենաիսկական։ Բայց հանկարծ վզի վրա երկու չիբան դուրս եկավ, երկու հատ էլ մեջքի վրա, և այն ժամանակ գետնին խփվելու և ջղաձգվելու վերջն եկավ։ Չէր կարողանում նույնիսկ գլուխը շարժել։ Ո՛չ նստել էր կարողանում, ո՛չ պառկել։ Մարդու տենդը բռնեց, և բժշկի շրջայցի ժամանակ զառանցանքի մեջ ամեն ինչ խոստովանեց։ Ասենք, այդ չիբանների ձեռքից մենք էլ տուժեցինք։ Դրանց պատճառով նա մի երեք օր էլ պառկեց մեզ մոտ, և նրան ուրիշ դիետա նշանակեցին. առավոտյան՝ սուրճ և բուլկի, ճաշին սուպ, սոուսով կնելդիկ, երեկոյան՝ շիլա կամ սուպ, և մենք, մեր դատարկված, անոթի ստամոքսներով և խիստ դիետայով, ստիպված էինք նայել, թե այդ գյադան ինչպես է լափում, բերանր չփչփացնում և լափելուց հետո փնչացնում ու զկռտում։ Դրանով նա սրտի արատ ունեցող երեք ուրիշ հիվանդի տունն էլ քանդեց։ Նրա՛նք էլ խոստովանեցին։
– Ամենից հեշտը,– ասաց սիմուլյանտներից մեկը,– խելագար ձևանալն է։ Մեր կողքի համար երկու պալատում երկու ուսուցիչներ կան։ Նրանցից մեկը գիշեր ու ցերեկ բղավում է. «Ջորդանո Բրունոյի խարույկը դեռ ծխում է։ Վերսկսեցեք Գալիլեյի դատավարությունը»։ Իսկ մյուսը հաչում է, սկզբում երեք անգամ դանդաղ – «հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ֆ», հետո հինգ անգամ արագ-արագ – «հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ֆ», իսկ հետո նորից դանդաղ, և այդպես անվերջ, առանց շունչ քաշելու։ Երկուսն էլ արդեն մի շաբաթից ավելի դիմանում են… Սկզբում ես ինքս էլ ուզում էի կրոնական հողի վրա խելագարված ձևանալ և քարոզել հռոմի պապի անսխալականությունը։ Բայց, ի վերջո, Մալայա Ստրանայում մի սափրիչից տասնհինգ կրոնով ստամոքսի ռակ ձեռք բերեցի։
– Ես ճանաչում եմ Բրժևնովայում ապրող մի ծխնելույզ մաքրողի,– հարեց մի ուրիշ հիվանդ,– նա տասը կրոնով ձեզ համար այնպիսի տենդ կսարքի, որ լուսամատից դուրս նետվեք։
– Դրանք բոլորը դատարկ բաներ են,– ասաց երրորդը,– Վրշովիցիում մի տատմեր կա, որ քսան կրոնով ձեր ոտքն այնպես դուրս կգցի, որ ցմահ հաշմանդամ մնաք։
– Իմ ոտքը հինգ կրոնով են դուրս գցել,– լսվեց մի ձայն լասամուտի տակ դրված անկողնու միջից։– Կանխիկ հինգ կրոնով և երեք գավաթ գարեջրով։
– Իմ հիվանդությունն ինձ վրա արդեն երկուհարյուր կրոնից ավելի է նստել,– ասաց նրա հարևանը, ձողունի պես չորացած մի մարդ։– Տվեք մի թույնի անուն, որ ես խմած չլինեմ։ Ես ամեն տեսակ թույների կենդանի պահեստ եմ։ Խմել եմ սուլեմա, սնդիկի գոլորշի շնչել, մկնդեղ կրծել, ափիոն ծխել, ափիոնի լուծույթ խմել, հացի վրա մորֆի ցանել, ստրիխնին կուլ տվել, ծծմբաթթվի մեջ լուծած ֆոսֆոր և պիկրինի թթու խմել։ Քայքայել եմ լյարդս, թոքերս, երիկամներս, լեղապարկս, ուղեղս, սիրտս ու աղիքներս։ Ոչ ոք չկարողացավ հասկանալ, թե ինչ հիվանդություն ունեմ։
– Ա՛յ, տեսնում եք,– ասաց Շվեյկը,–֊ ամեն մարդ ի սեր կայսեր պետք է դիմանա այդ բոլորին։ Ե՛վ ստամոքսը դատարկելուն, և՛ կլիզմային։ Երբ մի քանի տարի սրանից առաջ ես զինվորական ծառայության մեջ էի, մեր գնդում ավելի վատ էր։ Հիվանդի ձեռքերը կապում էին ոտքերին և նրան այդպես կալանատուն նետում, որ այնտեղ ապաքինվեր։ Այնտեղ, մահճակալներ ու ներքնակներ և կամ թքամաններ չկային, ինչպես այստեղ։ Միայն մերկ նարեր էին և դրանց վրա պառկած հիվանդներ։ Մի անգամ այնտեղ պառկած էր ամենաիսկական բծավոր տիֆով հիվանդ մեկը, իսկ նրա կողքին մի ուրիշը, որ սև ծաղիկ էր հանել։ Երկուսի էլ ձեռքերը կապված էին ոտքերին, իսկ գնդի բժիշկը ոտքով խփում էր նրանց փորին, թե իբր սիմուլյանտություն են անում։ Բայց երբ երկու զինվորներն էլ մեռան, այդ պատմությունը թերթերի մեջ ընկավ։ Այն ժամանպկ մեզ անմիջապես արգելեցին կարդալ այդ թերթերը և նույնիսկ մեր սունդուկները խուզարկեցին, թե հո մեկն ու մեկի մոտ թերթ չկա։ Իմ բախտն էլ հո երբեք չի բանում։ Ամբողջ գնդում ոչ ոքի մոտ չգտան, բացի ինձնից։ Դե՛հ, տարան գնդի հրամանատարի մոտ։ Իսկ մեր գնդապետը, աստված հոգին լուսավորի, էշի մեկն էր. գոռաց վրաս, որ ես զգաստ կանգնեմ ու ասեմ, թե ով է գրել թերթում, ապա թե ոչ, ասաց, քիթ ու մռութս կջնջխի ու բանտում կփթացնի։ Հետո էլ եկավ գնդի բժշիկը, բռունցքով խփեց քթիս ու ասաց. «Sie verfluchter Hund, Sie schabiges Wesen, Sie ungluckliches Mistvieh![10] Սոցիալիստական անասուն»։ Իսկ ես նայում եմ ուղիղ նրանց աչքերին, աչքս չեմ թարթում ու լուռ եմ։ Աջ ձեռքս հովարիս, իսկ ձախը՝ շալվարակարիս։ Շան պես վազվզում են շուրջս, հաչում վրաս, իսկ ես՝ ոչ մի ծպտուն, լուռ եմ ու լուռ, պատիվ եմ տալիս նրանց, իսկ ձախ ձեռքս ձգել եմ շալվարակարիս ուղղությամբ։ Այդպես մի կես ժամի չափ վազվզեցին, հետո գնդապետը վազելով մոտեցավ ինձ ու հանկարծ բղավեց. «Դու ապո՞ւշ ես թե ապուշ չես»։ – «Ճիշտ այդպես, պարոն գնդապետ, ապուշ եմ»։ – «Քսանմեկ օր խիստ կալանք ապուշության համար։ Շաբաթը երկու ծոմ օր, մի ամիս առանց արձակուրդի, քսանութ ժամ ձեռքերը ոտքերին կապած։ Անմիջապես նստեցնել և ուտելու բան չտալ։ Կապկպել դրան։ Ցույց տալ դրան, որ պետությանը ապուշներ պետք չեն։ Մենք քո գլխից, շուն շանորդի, թերթերը կհանենք»,– ավարտեց գնդապետն իր ճամարտակությունը։ Մինչ ես նստած էի բանտում, զորանոցում ուղղակի հրաշքներ էին տեղի ունենում։ Մեր գնդապետն առհասարակ զինվորներին արգելել էր կարդալ, թեկուզ և «Պրագայի պաշտոնաթերթը»-ը։ Զինվորների խանութում նույնիսկ արգելված էր սոսիսկին ու պանիրը թերթերի մեջ փաթաթել։ Ահա հենց այդ ժամանակվանից զինվորներն սկսեցին կարդալ։ Մեր գունդը միանգամից դարձավ ամենակարդացածը։ Կարդում էինք բոլոր թերթերը, և ամեն մի գնդում գնդապետի վրա ոտանավորներ ու երգեր էին հորինում։ Իսկ երբ գնդում որևէ բան էր պատահում, միշտ գտնվում էր մի բարյացակամ մարդ, որ թերթում մի փոքրիկ հոդված էր տպում. «Զինվորների խոշտանգումները» վերնագրով։ Դեռ ավելին, գրում էին Վիեննայի դեպուտատներին, որ նրանք մեզ պաշտպանեն, և դեպուտատները պառլամենտում հարցապնդում հարցապնդումի ետևից էին անում, թե արդյոք կառավարությանը հայտնի՞ է, որ մեր գնդի հրամանատարը գազան է, և այլն։ Մինիստրը մեզ մոտ մի հանձնաժողով ուղարկեց այդ գործը քննելու, և հետևանքն այն եղավ, որ մի ոմն գլուբոկցի Ֆրանտա Հեչլի երկու տարի տվին ու նստեցրին։ Հենց նա էր դիմել Վիեննա՝ պառլամենտի դեպուտատներին, գանգատվելով, թե վարժադաշտում պարապմունքի ժամանակ գնդապետից մի ապտակ է ստացել։ Երբ հանձնաժողովը մեկնեց, գնդապետը մեզ բոլորիս, ամբողջ գունդը, շարք կանգնեցրեց ու ասաց, թե զինվորը զինվոր է, նա պարտավոր է լեզուն իրեն քաշել ու ծառայել, իսկ եթե որևէ մեկին այդ բանը դուր չի գալիս, ապա դա կարգապահության խախտում է։ «Իսկ դուք, սրիկանե՛ր, կարծում էիք, թե այդ հանձնաժողովը ձեզ կօգնի՞,– ասաց գնդապետը։– Բոլորովին էլ չօգնեց։ Այո, իսկ հիմա թող յուրաքանչյուր վաշտ համաքայլ անցնի իմ առջևով և բարձրաձայն կրկնի ինչ որ ես ասացի։ Եվ մենք, վաշտ առ վաշտ, քայլում էինք դեմքներս դեպի աջ՝ գնդապետին դարձրած, ձեռքներս՝ հրացանների կաշեփոկերին, քայլում էինք և ձայններովս մեկ բղավում. «Մենք, սրիկաներս, կարծում էինք, թե այդ հանձնաժողովը մեզ կօգնի։ Բոլորովին էլ չօգնեց»։ Պարոն գնդապետն այնպես էր ծիծաղում, որ քիչ էր մնում փորը պատռվեր։ Բայց ահա սկսեց անցնել տասնմեկերորդ վաշտը։ Քայլում է, ոտքերով գետինը դոփում, բայց երբ հասնում է գնդապետին՝ ոչ մի ծպտուն։ Լուռ է, ո՛չ մի ձայն։ Գնդապետը կարմրեց-կարմրատակեց խաշած խեցգետնի պես, և վաշտը հետ դարձրեց, որ նա ամեն ինչ նորից անի։ Տասնմեկերորդը քայլում է նորից և… լռում։ Անցնում են շարք առ շարք և բոլորը հանդգնորեն նայում գնդապետի աչքերին։ «Ruht!»[11] – հրամայեց գնդապետը, իսկ ինքը սկսեց բակում արագ-արագ գնալ ու գալ, մտրակը շրխկոցով խփում էր սապոգներին, բարկացած թքում, իսկ հետո հանկարծ կանգ առավ ու բղավեց, «Abtreten!»[12]։ Հետո նստեց իր յաբուն ու դարպասից դուրս թռավ։ Մենք սպասում էինք ու սպասում, թե տեսնես տասնմեկերորդ վաշտի վերջն ինչ է լինելու, բայց ոչինչ էլ չեղավ։ Սպասեցինք մի օր, երկու օր, մի շաբաթ բան չեղավ։ Գնդապետը բոլորովին չէր երևում զորանոցում, իսկ զինվորները դրա համար ավելի ուրախ էին, և ոչ միայն զինվորները, այլև ենթասպաներն ու նույնիսկ սպաները։ Վերջապես մեզ մի նոր գնդապետ ուղարկեցին։ Հնի մասին ասում էին, թե ինչ-որ սանատորիա է ընկել, որովհետև իր ձեռքով թագավոր կայսրին գրել է, թե տասնմեկերորդ վաշտը ապստամբվել է։