Կապիտան Սագները փոքր-ինչ կարմրեց, բայց մտքով չանցավ կրկնել այն բոլոր ծածկագրված հեռագրերը, որ ճանապարհին ստացել էր։
— Դուք ինձ զարմանք եք պատճառում,— ասաց կապիտան Տայլրեն։
— Որքան ինձ հայտնի է,— կարողացավ ասել կապիտան Սագները,— մենք, բոլոր սպաներս, իրար հետ «դու»-ով ենք խոսում։
— Համաձայն եմ,— ասաց կապիտան Տայլրեն,— ասա տեսնեմ, դու կադրայի՞ն սպա ես, թե քաղաքացիներից։ Կադրայի՞ն։ Դա բոլորովին ուրիշ բան է։ Դե հո ճակատիդ չի գրված։ Քանի-քանի ապուշ պահեստի լեյտենանտներ են եկել ու անցել այստեղով։ Երբ մենք Լիմանովից ու Կրասնիկից նահանջում էինք, այդ բոլոը «նույնպես լեյտենանտները» կազակների մի պարեկ տեսնելիս գլուխները կորցնում էին։ Մենք շտաբում այդ պարազիտներին երես չենք տալիս։ Մեկ էլ տեսար մի ապուշ, «ինտելիգենտկայի» քննությունը բռնելով, վերջ ի վերջո դառնում է կադրային։ Կամ, դեռևս քաղաքացի լինելով, հանձնում է սպայական քննությունը և շարունակում քաղաքացիական ծառայությունը, առաջվա պես մնալով հիմար, իսկ պատերազմ լինելիս նրանից ոչ թե լեյտենանտ դուրս կգա, այլ ցռան։
Կապիտան Տայլրեն թքեց և մտերմավարի խփեց կապիտան Սագների ուսին.
— Մի երկու օր մնացեք այստեղ։ Ես ձեզ ամեն ինչ ցույց կտամ։ Կպարենք։ Սիրունիկ աղջիկներ կան, «Engelhuren»[112]։ Հիմա այստեղ է գեներալներից մեկի աղջիկը, որն առաջ անձնատուր է եղել լեսբիական սիրո։ Մենք բոլորս կանացի շորեր կհագնենք, և դու կտեսնես, թե նա ի՛նչ օյիններ է խաղում։ Որ նայելու լինես, մի լղար, նողկալի բան է, երբեք մտքովդ չի անցնի, որ այդպիսի բաներ կանի։ Բայց իր գործը լավ գիտե, բարեկա՛մ։ Համա՜ թե լիրբ է, եղբայր։ Ասենք, ինքդ կտեսնես…
— Պարդոն,— շփոթված ներողություն խնդրեց նա,— գնամ փսխելու, այսօր արդեն երրորդ անգամն է։
Ցանկանալով կապիտան Սագներին մի ավելորդ անգամ ապացուցել, թե իրենք որքան ուրախ են ապրում, նա վերադառնալուց հետո հայտնեց, թե իր փսխելու պատճառը երեկվա երեկույթն է, որին մասնակցում էին նաև սակրավոր սպաները։
Սագները բախտ ունեցավ շատ շուտով ծանոթանալու սակրավոր ստորաբաժանման հրամանատարի հետ, որը նույնպես կապիտան էր։ Ներս ընկավ մի լողլող մարդ՝ սպայական համազգեստով ու երեք ոսկե աստղանիշներով, և, ասես մշուշի մեջ, անծանոթ կապիտանի ներկայությունը չնկատելով, ընտանեվարի դիմեց Տայլրեին․ «Ի՞նչ ես անում, գոճի։ Երեկ լա՜վ էիր մշակում մեր կոմսուհուն»։
Նա նստեց բագկաթոռին և, ստեկով ծնկներին հարվածելով, սկսեց քրքջալ։
— Ծիծաղից թուլանում եմ, երբ հիշում եմ, թե ինչպես փսխեցիր նրա ծնկներին․․․
— Այո,— բավականությունից բերանը ճպպացնելով ասաց Տայլրեն,— երեկ շատ ուրախ ժամանակ անցկացրինք։
Նա միայն հիմա կապիտան Սագներին ծանոթացրեց նոր սպայի հետ։ Նրանք դուրս եկան բրիգադի շտաբի գրասենյակից և դիմեցին դեպի մի նախկին գարեջրատուն, որը շտապ կարգով վերածվել էր սրճարանի։
Գրասենյակի միջով անցնելիս կապիտան Տայլրեն սակրավոր ստորաբաժանման հրամանատարի ձեռքից ստեկն առավ և դրանով հարվածեց մի երկարավուն սեղանի։ Այդ հրամանարկով իսկույն սեղանի շուրջը երեսադեմ շարվեցին տասներկու զինվորական գրագիրներ։ Դրանք բանակի թիկունքում հանգիստ, անվտանգ աշխատանք կատարելու հակում ունեցող մարդիկ էին, էքստրահամազգեստներով և մեծ ու տռուզ փորերով։
Ցանկանալով Սագների և երկրորդ կապիտանի առաջ իրեն ցույց տալ, կապիտան Տայլրեն դիմեց «ռազմաճակատից խուսափելու» այդ տասներկու չաղ առաքյալներին․
— Չկարծեք, թե ես ձեզ այստեղ պահում եմ չաղացնելու համար, խոզե՛ր։ Քիչ լափել ու լակել և ավելի շատ վազել։ Հիմա ես ձեզ մի ուրիշ համար էլ ցույց կտամ,— ասաց Տայլրեն իր ընկերակիցներին։ Նա նորից ստեկով հարվածեց սեղանին և տասներկու գրագիրներին հարցրեց․
— Ե՞րբ եք տրաքվելու, գոճիներ։
Տասներկուսն էլ միաբերան պատասխանեցին.
— Երբ դուք հրամայեք, պարոն կապիտան։
Ծիծաղելով իր իսկ հիմարության և ապուշության վրա, կապիտան Տայլրեն գրասենյակից դուրս եկավ։
Երբ նրանք երեքով սրճարանում տեղ գրավեցին, Տայլրեն պատվիրեց մի շիշ սնձօղի բերել և ազատ օրիորդներին կանչել։ Պարզվեց, որ սրճարանը ոչ այլ ինչ է, եթե ոչ հասարակաց տուն։ Ազատ օրիորդները չկային, և դա կապիտան Տայլերին շատ զայրացրեց։ Սա միջանցքում «մադամին» կոպտաբար հայհոյեց և գոռաց.
— Ո՞վ է օրիորդ Էլլայի մոտ։
Երբ նրան պատասխանեցին, թե օրիորդը զբաղված է մի պոդպորուչիկի հետ, կապիտանը սկսեց ավելի անպարկեշտ հայհոյել։
Օրիորդ Էլլան զբաղված էր պոդպորուչիկ Դուբի հետ։
Երթային գումարտակը գիմնազիայի շենքում տեղավորվելուց պոդպորուչիկ Դուբը իր զինվորներին հավաքել և մի երկար ճառով նախազգուշացրել էր, թե ռուսները նահանջելիս ամեն տեղ հասարակաց տներ են բացել, որտեղ վեներական հիվանդությամբ վարակված անձնակազմեր են թողել, որպեսզի այդ կերպ ավստրիական բանակին մեծ վնաս հասցնեն։ Նա զինվորներին զգուշացրել էր այդպիսի հաստատություններ չայցելել և նրանց խոստացել էր անձամբ շրջել այդ տներն ու հավաստիանալ, թե արդյոք իր հրամանը խախտող չի՞ եղել։ Նկատի ունենալով այն հանգամանքը, ասել էր նա որ նրանք գտնվում են ռազմաճակատային գոտում, այդպիսի տան մեջ բռնվողը դաշտային դատի կտրվի։