Պոդպորուչիկ Դուբն անձամբ գնացել էր հավաստիանալու, թե արդյոք իր հրամանը խախտող չի՞ եղել, և թերևս այդ պատճառով իր ռևիզիայի համար ելակետ էր դարձել այսպես կոչված «քաղաքային սրճարանի» երկրորդ հարկում Էլլային հատկացված սենյակի բազմոցը և հաճելիորեն զվարճանում էր դրա վրա։
Այդ միջոցին կապիտան Սագները վերադարձավ իր գումարտակը, Տայլրեի ընկերախումբը ցրվեց, կապիտան Տայլրեին կանչեցին շտաբ, քանի որ բրիգադի հրամանատարն արդեն մի ժամից ավելի իր համհարզին էր փնտրում։
Դիվիզիայից նոր հրամաններ էին եկել, և անհրաժեշտ էր վերջանականապես ճշտել ժամանած Իննսունեմեկերորդ գնդի մարշրուտը, քանի որ ըստ նոր դիսպոզիցիայի՝ առաջվա մարշրուտով պետք է մեկներ Հարյուրերկուերորդ գնդի գումարտակը։
Ամեն ինչ անասելի խառնակված էր։ Ռուսները հարավ-արևելյան Գալիցիայից հապճեպ նահանջում էին, այնպես որ այստեղ ավստրիական մի քանի զորամասեր իրար էին, խառնվել։ Ավստրիական զորքերի դասավորության մեջ տեղ-տեղ գերմանական զորամասեր էին խրվել։ Այդ քաոսն ավելի սաստկացնում էին ռազմաճակատ եկող նոր երթային գումարտակներն ու մյուս զորամասերը։ Նույնը տեղի էր ունենամ և ճակատամերձ գոտում։ Օրինակ, այստեղ, Սանոկում, որտեղ հանկարծակի հայտնվեց գերմանական հանովերյան դիվիզիայի ռեզերվը՝ մի գնդապետի հրամանատարությամբ, որն այնքան զզվելի հայացք ուներ, որ բրիգադի հրամանատարը բոլորովին իրեն կորցրեց։ Հաննովերյան դիվիզիայի ռեզերվի գնդապետը ներկայացրեց իր շտաբի դիսպոզիցիան, ըստ որի նրա զինվորներին պետք է տեղավորեին գիմնազիայում, որտեղ քիչ առաջ տեղավորվել էր Իննսունմեկերորդ գնդի գումարտակը։ Նա պահանջում էր իր շտաբը տեղավորելու համար դատարկել Կրակովյան բանկի շենքը, որտեղ տեղավորված էր բրիգադի շտաբը։
Բրիգադի հրամանատարը կապվեց դիվիզիայի հետ, ճշտիվ բացատրեց իրավիճակը, իսկ հետո դիվիզիայի հետ խոսեց չար աչք ունեցող հաննովերցին, և այդ խոսակցությունների հետևանքն այն եղավ, որ բրիգադն ստացավ հետևյալ հրամանը. «Բրիգադին․ երեկոյան ժամը վեցին թողնել քաղաքը և գնալ Տիրավա — Վոլոսկա — Լիսկովիցե — Ստարայա Սոլ — Սամբոր ուղղությամբ, որտեղ սպասել հետագա կարգադրությունների։ Բրիգադի հետ միասին դուրս պետք է գա նաև Իննսունմեկերորդ գնդի երթային գումարտակը, որ պաշտպանակի դեր է կատարում։ Դուրս գալու կարգը բրիգադի կողմից մշակված է հետևյալ սխեմայով․ առաջապահը շարժվում է դեպի Տիրավա հինգ և կեսին, հարավային և հյուսիսային թևերի պաշտպանակների հեռավորությունը՝ երեք և կես կիլոմետր։ Պաշտպանակի դեր կատարող վերջապահը շարժվում է վեցից քառորդ անց»։
Գիմնազիայում իրարանցում սկսվեց։ Գումարտակի սպաների խորհրդակցությունից բացակա էր միայն պոդպորուչիկ Դուբը, որին գտնելու գործը հանձնարավեց Շվեյկին։
— Հուսով եմ,— ասաց Շվեյկին պորուչիկ Լուկաշը,— դուք նրան կգտնեք առանց որևէ դժվարության. չէ՞ որ ձեր միջև շարունակ ինչ-որ տարաձայնություններ կան։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, խնդրում եմ գնդի անունից գրավոր հրաման տալ, հենց այն պատճառով, որ մեր միջև շարունակ ինչ-որ տարաձայնություններ կան։
Մինչ պորուչիկ Լուկաշը բլոկնոտի թերթիկի վրա պոդպորուչիկ Դուբին հրամանագրում էր՝ անմիջապես գալ գիմնազիա խորհրդակցության, Շվեյկը նրան հավաստիացնում էր.
— Ճիշտ այդպես, պարոն օբեր-լեյտենանտ, դուք հիմա, ինչպես միշտ, կարող եք հանգիստ լինել։ Ես նրան կգտնեմ։ Քանի որ զինվորներին արգելված է բոզանոցներ այցելել, ապա նա անկասկած դրանցից մեկում է։ Չէ՞ որ նա պետք է հավաստիանա, որ իր դասակից ոչ ոք չի ուզում դաշտային դատարանի առաջ կանգնել, որով նա սովորաբար սպառնում է։ Նա ինքը զինվորներին հայտարարեց, որ անձամբ կշրջի բոլոր բոզանոցները և նրանք նրան կճանաչեն վատ կողմից։ Ասենք, ես գիտեմ, թե նա որտեղ է։ Ահա, այստե՛ղ, հենց մեր դիմաց, այս սրճարանում։ Նրա բոլոր զինվորները հետևում էին, թե նա առաջ ո՛ւր է գնալու։
Այն միացյալ զվարճական հաստատությունը և քաղաքային սրճարանը, որ հիշատակեց Շվեյկը, բաժանված էր երկու մասի։ Ով սրճարանի միջով անցնել չէր ուզում, ներս էր մտնում հետևի մուտքից, որտեղ արևկող էր անում մի պառավ դամա, որը գերմաներեն, լեհերեն և հունգարերեն արտասանում էր մոտավորապես այս ողջույնը, «Մտեք, մտեք, զինվորիկ, մեր օրիորդները լավն են»։
Երբ զինվորիկը ներս էր մտնում, պառավը նրան առաջնորդում էր ընդունարանի նման մի տեղ և կանչում օրիորդներից մեկին, որն անմիջապես վազեվազ գալիս էր մետակ շապկով։ Օրիորդը նախ և առաջ փողն էր պահանջում։ Մինչ զինվորիկն հանում էր սվինը, հենց այդտեղ էլ փողը վերցնում էր «մադամը»։
Սպայությունը ներս էր մտնում սրճարանի միջով։ Այդ ճանապարհն իր մեջ ավելի շատ վտանգներ էր պարփակում, քանի որ ոլորապտույտ ձգվում էր դեպի այն սենյակները, որտեղ կենում էին սպայության համար նախատեսված օրիորդները։ Այստեղ գեղեցկուհիներին ժանյակավոր շապիկներ էին հագցնում, այստեղ գինի և լիկյոր էին խմում։ Բայց այս կացարաններում «մադամը» թույլ չէր տալիս որևէ բան անել, ամեն ինչ տեղի էր ունենում վերևում, փոքրիկ սենյակներում։