Выбрать главу

Փողոցում գինովությունը նորից խփեց պոդպորուչիկ Դուբի գլուխը, քանի որ շատ տոթ էր։ Նա անկապ-անկապ ամեն տեսակ հիմարություններ էր դուրս տալիս։ Շվեյկին պատմեց, թե տանը Հելհոլանդից ստացած մի նամականիշ ունի և թե հասունության վկայականը ստանալուն պես իրենք գնացել են բիլյարդ խաղալու և դասարանական դաստիարակին չեն բարևել։ Ամեն խոսքից հետո նա ավելացնում էր.

— Հուսով եմ, ինձ ճիշտ կհասկանաք։

— Միանգամայն ճիշտ,— հաստատեց Շվեյկը,— դուք խոսում եք Բուդեյովիցիի թիթեղագործ Պոկորնու պես։ Երբ նրան հարցնում էին, թե այս տարի Մալշայում լողացե՞լ եք, պատասխանում էր․ «Չեմ լողացել, սակայն այս տարի սալորի լավ բերք է լինելու»։ Իսկ երբ հարցնում էին, թե այս տարի արդեն սունկ կերե՞լ եք, պատասխանում էր․ «Չեմ կերել, բայց Մարոկկոյի նոր սուլթանը, ասում են, շատ արժանավոր մարդ է»։

Պոդպորուչիկ Դուբը կանգ առավ և արտահայտեց իր համոզմունքներից մեկն ևս․ «Մարոկկոյի սուլթանը կորած մարդ է»։ Ապա սրբեց ճակատի քրտինքը և, պղտորված աչքերով նայելով Շվեյկին, քրթմնջաց.

— Նույնիսկ ձմռանը այսպես չէի քրտնում։ Համաձա՞յն եք։ Ինձ հասկանո՞ւմ եք։

— Լիովին, պարոն լեյտենանտ։ Մեր «Թասի մոտ» պանդոկը մի ծեր պարոն էր գալիս, Երկրամասային վարչության ինչ-որ պաշտոնաթող խորհրդական, որը նույն բանն էր ասում։ Նա միշտ ասում էր, թե զարմացած է ձմռան ու ամռան ջերմաստիճանների վիթխարի տարբերության վրա, թե զարմանում է, որ մարդիկ մինչև հիմա դա չեն նկատել։

Գիմնազիայի մուտքի մոտ Շվեյկը բաժանվեց պոդպորուչիկ Դուբից, որը օրորվելով սանդուղքով բարձրացավ ուսուցչանոց, որտեղ տեղի էր ունենում զինվորական խորհրդակցությունը, և անմիջապես կապիտան Սագներին զեկուցեց, թե բոլորովին հարբած է։

Զեկուցման ընթացքում նա նստած էր գլուխը կախ, իսկ վիճաբանությունների ժամանակ երբեմն տեղից վեր էր կենում ու գոռում.

— Ձեր կարծիքը ճիշտ է, պարոնայք, բայց ես բոլորովին հարբած եմ։

Դիսպոզիցիայի պլանը կազմվեց։ Պորուչիկ Լուկաշի վաշտը նշանակվեց առաջապահ։ Պոդպորուչիկ Դուբը հանկարծ ցնցվեց, ոտքի կանգնեց ու ասաց.

— Ես երբեք չեմ մոռանա, պարոնայք, մեր դասարանական դաստիարակին։ Թող երկար ապրի նա, երկա՜ր, երկա՜ր, երկա՜ր։

Պորուչիկ Լուկաշը մտածեց, թե ավելի լավ կլինի սպասյակ Կուներտին հրամայել, որ պոդպորուչիկ Դուբին տանի և պառկեցնի ֆիզիկայի կաբինետում, որի դռանը պահակ էր կանգնած, որպեսզի ոչ ոք չկարողանար գողանալ հանքատեսակների արդեն կիսով չափ գողացված հավաքածուն։ Այդ բանի վրա բրիգադը շարունակ հրավիրում էր անցվոր զորամասերի ուշադրությունը։

Այդպիսի նախազգուշությունների սկսել էին դիմել այն օրվանից, երբ գիմնազիայում տեղավորված հոնվեդական գումարտակներից մեկը փորձել էր կաբինետը թալանել։ Հոնվեդներին առանձնապես դուր էր եկել հանքատեսակների հավաքածուն խայտաբղետ բյուրեղներն ու հրաքարերը, որ կոխել էին իրենց ուսապարկերը։

Զինվորական գերեզմանատան սպիտակ խաչերից մեկի վրա մի այսպիսի մակագրություն կա. «Լասլո Գարգան»։ Այնտեղ հավիտենական քնով ննջում է մի հոնվեդ, որը գիմնազիայի հավաքածուն թալանելիս մինչև վերջ խմել էր սրվակներից մեկի սպիրտը, որի մեջ զանազան թունավոր սողաններ էին պահել։

Համաշխարհային պատերազմը մարդկանց բնաջնջում էր նույնիսկ օձի թրմօղիով։

Երբ բոլորը ցրվեցին, պորուչիկ Լուկաշը հրամայեց կանչել սպասյակ Կուներտին, որը պոդպորուչիկ Դուբին տարավ-պառկեցրեց մի թախտի վրա։

Պոդպորուչիկ Դուբը հանկարծ սկսեց երեխայանալ. բռնեց Կուներտի ձեռքը, երկար զննեց նրա ափը, ըստ որում հավատացնելով, թե ափին նայելով կարող է գուշակել նրա ապագա կնոջ ազգանունը։

— Ձեր ազգանունն ի՞նչ է։ Հապա մունդիրիս ծոցագրպանից հանեցեք ծոցատետրս ու մատիտս։ Զեր ազգանունն է, ուրեմն, Կուներտ։ Եկեք քառորդ ժամից հետո, և ես այստեղ ձեզ մի թուղթ կթողնեմ, որի վրա գրված կլինի ձեր ապագա կնոջ ազգանունը։

Այդ ասելուց հետո նա սկսեց խռմփալ, բայց հանկարծ արթնացավ և ծոցատետրում ինչ-որ բան խզբզեց, ապա գրած թերթիկները պոկեց և նետեց հատակին։ Մատները բազմանշանակալից կերպով դնելով շրթունքներին, նա փաթ ընկած լեզվով շշնջաց․

— Առայժմ դեռ ոչ, բայց քառորդ ժամից հետո․․․ Ավելի լավ կլինի, մարդ թուղթը որոնի աչքերը կապած։

Կուներտն այնքան հիմար էր, որ իսկապես քառորդ ժամ անց եկավ և, թուղթը բացելով, կարդաց պոդպորուչիկ Դուբի խզբզանքը. «Ձեր ապագա կնոջ ազգանունն է պանի Կուներտ»։

Երբ Կուներտն այդ թուղթը ցույց տվեց Շվեյկին, վերջինս նրան խորհուրդ տվեց դա լավ պահել։ Պետերից մնացած այդօրինակ փաստաթղթերը պետք է գնահատել. խաղաղ ժամանակ զինվորական ծառայության մեջ դեռևս այնպիսի դեպք չի եղել, որ սպան իր սպասյակի հետ գրագրություն ունենա և նրան նույնիսկ պան անվանի։