Выбрать главу

Շրջագայելով վաշտը, պորուչիկ Լուկաշը զինվորներին մեղմորեն առաջարկում էր վեր կենալ, ասելով, թե մինչև Տիրավա-Վոլոսկա ընդամենը մի երեք կիլոմետր է մնացել և այնտեղ նրանք դադար կառնեն։

Այդ միջոցին սանիտարական երկանիվ սայլակի մշտական ցնցումներից պոդպորուչիկ Դուբը ուշքի էր եկել, ճիշտ է՝ ոչ վերջնականապես, բայց գոնե այնքան, որ արդեն կարող էր վեր կենալ։ Նա գլուխը դուրս հանեց սայլակից և սկսեց ձայն տալ վաշտի շտաբի մարդկանց, որոնք անբեռ ու առույգ քայլում էին նրա կողքից, քանի որ բոլորր, Բալոունից սկսած մինչև Խոդոունսկին, իրենց տոպրակները դրել էին սայլակի վրա։ Միայն Շվեյկն էր, որ կտրիճաբար քայլում էր տոպրակը մեջքին, հրացանը դրագունավարի կրծքին դրած։ Նա փստացնում էր իր ծխամորճը և երգում.

Ճամփաներով կեռումեռ

Գնում էինք Յարոմեր։

Վախտին հասանք ընթրիքին․․․

Պոդպորուչիկ Դուբից ավելի քան հինգհարյուր քայլ հեռավորության վրա, ճանապարհի երկայնքով փոշու քուլաներ էին բարձրանում, որոնց միջից աղոտ հայտնվում էին զինվորների կերպարանքները։ Պոդպորուչիկ Դուբը, որի խանդավառությունը նորից բռնել էր, գլուխը դուրս հանեց սայլակից և սկսեց ճանապարհի փոշու մեջ բղավել․

― Զինվորնե՛ր, դժվարին է ձեր պատվավոր խնդիրը, ձեզ սպասում են ծանր երթեր, զրկանքներ, ամեն տեսակ տառապանքներ։ Բայց ես խորապես հավատում եմ ձեր դիմացկունությանն ու կամքի ուժին։

— Ուր էր խեղդեր քեզ այդ փոշին․․․— հանգավորեց Շվեյկը։

Պոդպորուչիկ Դուբը շարունակեց.

— Ձեզ համար, զինվորներ, չկան այնպիսի արգելքներ, որ դուք չկարողանաք հաղթահարել։ Նորից եմ ասում, զինվորնե՛ր, որ ես ձեզ տանում եմ դեպի դժվարին հաղթանակ։ Դա պինդ ընկույզ է, բայց դուք ջարդել կկարողանաք։ Պատմությունը ձեր անունները իր ոսկյա գրքի էջերի մեջ կառնի․․․

— Հիմա ուր որ է սիրտդ կխառնի,— դարձյալ հանգավորեց Շվեյկը։

Եվ կարծես Շվեյկի ասածին անսալով, պոդպորուչիկ Դուբը, որ գլուխը ցած էր կախել, հանկարծ սկսեց փսխել ճանապարհի փոշու մեջ, իսկ այնուհետև, մի անգամ էլ գոռալով «հառա՜ջ, զինվորներ», գլորվեց ու ընկավ հեռագրիչ Խոդոունսկու տոպրակի վրա և քնեց մինչև Տիրավա-Վոլոսկա, որտեղ նրան վերջապես ոտքի կանգնեցրին և, պորուչիկ Լուկաշի հրամանով, սայլակից իջեցրին։ Պորուչիկ Լուկաշր նրա հետ մի շատ երկարատև և շատ անախորժ խոսակցություն ունեցավ, մինչև որ պոդպորուչիկ Դուբն այնքան ուշքի եկավ, որ վերջապես կարողացավ ասել․ «Տրամաբանորեն դատելով, ես հիմարության եմ արել, որը կքավեմ թշնամուն հանդիպելիս»։

Ասենք, նա այնքան էլ ուշքի չէր եկել, քանի որ դեպի իր դասակը դիմելիս պորուչիկ Լուկաշին սպառնաց.

— Դուք ինձ դեռ չեք ճանաչում, բայց կճանաչեք․․․

— Թե ինչ եք արել, կարող եք իմանալ Շվեյկից,— անվրդով պատասխանեց պորուչիկ Լուկաշը։

Այդ պատճառով իր դասակը գնալուց առաջ պոդպորուչիկ Դուբը գնաց Շվեյկի մոտ, որին նա գտավ Բալոունի և գրագիր Վանեկի ընկերախմբում։

Հենց այդ ժամանակ Բալոունը պատմում էր, թե ինքը իր ջրաղացում միշտ էլ ջրհորի մեջ մի շիշ գարեջուր էր պահում։ Գարեջուրն այնքան սառն էր լինում, որ ատամները մզմզում էին։ Իրիկնապահին ջրաղացում այդ գարեջուրը խմում էին արաժան ու լոռ ուտելիս, բայց ինքն իր շատակերության պատճառով, որի համար հիմա աստված իրեն այսպես պատժել է, լոռից հետո մի մեծ կտոր միս էլ էր ուտում։ Հիմա, ասում էր նա, աստծու արդարադատությունը, որպես պատիժ, նրան դատապարտել է Տիրավա-Վոլոսկայում ջրհորի հոտած ջուր խմելու, որի մեջ, խոլերայից պաշտպանելու համար զինվորները, դասակ առ դասակ ջուր քաշելիս, պետք է լիմոնաթթու լցնեն, որը հենց նոր բաժանել են նրանց։

Բալոունը այն կարծիքը հայտնեց, թե, հավանաբար, այդ լիմոնաթթու ասածը տալիս են մարդկանց սովամահ անելու համար։ Ճիշտ է, նա Սանոկում փորը մի քիչ պնդացրել է, քանի որ օրեր-չեյտենանտը նորից նրան զիջել էր հորթամսի բաժնի կեսը, որ Բալոունը բերել էր բրիգադից։ Բայց դա դիմանալու բան չէ, չէ՞ որ նա կարծում էր, որ օթևանում մի բան կեփեն։ Բալոունը դրան համոզվել էր, երբ խոհարարները սկսել էին կաթսաները ջուր լցնել։ Նա անմիջապես գնացել էր դաշտային խոհանոցներն ու հարցրել, թե ինչ կա, ինչ չկա, սակայն նրան պատասխանել էին, թե առայժմ հրամայել են ջուր լցնել, բայց կարող է պատահել, որ մի րոպե հետո հրամայեն ջուրը թափել։

Այդ պահին նրանց մոտեցավ պոդպորուչիկ Դուբը և, չիմանալով ինչ ասել, հարցրեց.

— Զրուցո՞ւմ եք։

— Զրուցում ենք, պարոն լեյտենանտ,— բոլորի փոխարեն պատասխանեց Շվեյկը,— թունդ զրուցում ենք։ Հաճելի զրույցից լավ բան չկա։ Հիմա հենց զրուցում ենք լիմոնաթթվի մաս ին։ Առանց զրույցի զինվորը յոլա գնալ չի կարող, զրույց անելով նա իր տառապանքները հեշտ է մոռանում։