Выбрать главу

Պոդպորուչիկ Դուբը Շվեյկին հրավիրեց իր հետ մի քիչ քայլել, ասելով, թե հետը խոսելիք ունի։

Երբ նրանք մի կողմ քաշվեցին, նա տարակուսալից ձայնով ասաց․

― Հո իմ մասին չէիք խոսում։

― Բնավ ոչ։ Ձեր մասին, պարոն լեյտենանտ, ոչ մի խոսք չեղավ, խոսքը միայն այդ լիմոնաթթվի և ապխտած մսի մասին էր։

― Օբեր-լեյտենանտ Լուկաշն ինձ ասաց, թե իբր մի վատ բան եմ արել և դուք այդ բանին լավ իրազեկ եք, Շվեյկ։

Շվեյկը շատ լուրջ և բազմանշանակ ասաց.

― Դուք ոչ մի վատ բան չեք արել, պարոն լեյտենանտ։ Դուք միայն այցի էիք գնացել մի հասարակաց տուն։ Բայց դա, հավանաբար, թյուրիմացություն էր եղել։ Այծի հրապարակում ապրող թիթեղագործ Պիմպրային էլ միշտ փնտրում էին, երբ գնում էր քաղաք՝ թիթեղ գնելու, և նրան էլ միշտ գտնում էին այնպիսի հաստատության մեջ, որպիսինում ես գտա ձեզ,— մե՛րթ «Շուգիների մոտ», մե՛րթ «Դվորժակների մոտ» հասարակաց տներում։ Ներքևում գտնվում էր սրճարանը, իսկ վերևում, ինչպես մեր դեպքում, աղջիկներն էին։ Դուք, երևի, չէիք էլ հասկանում, թե, իսկապես ասած, որտեղ եք գտնվում, պարոն լեյտենանտ, որովհետև շատ շոգ էր, և եթե մարդ սովոր չէ խմելու, ապա այդպիսի շոգին նույնիսկ սովորական ռոմից հարբում է, իսկ դուք, աարոն լեյտենանտ, սնձօղի էիք խմում։ Ինձ հրամայել էին ձեզ հանձնել մեր մեկնելուց առաջ տեղի ունեցող խորհրդակցության հրավիրատոմսը, և ես ձեզ գտա վերևում, այն աղջկա մոտ։ Շոգից և օղուց դուք ինձ նույնիսկ չճանաչեցիք և այնտեղ բազմոցի վրա տկլոր պառկած էիք։ Դուք այնտեղ ոչինչ չէիք անում և նույնիսկ չէիք ասում, «Դուք ինձ դեռ չեք ճանաչում․․․»։ Այդպիսի շոգին ամեն մարդու էլ այդպիսի բան կարող է պատահել։ Մարդ կա, որ անկախ իր կամքից այդպիսի անհարմար դրության մեջ է ընկնում։ Ափսոս, որ չեք ճանաչում վրշովցի տասնապետ ծերուկ Վեյվոդային։ Նա, համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, որոշել էր երբեք չխմել այնպիսի խմիչքներ, որոնցից կարող էր հարբել։ Մի անգամ նա մի թաս օղի է քաշում գլուխը և տնից դուրս գալիս անալկոհոլ խմիչքներ ճարելու։ Նախ կանգ է առնում «Կանգառ» պանդոկում, քառորդ լիտր վերմուտ պատվիրում և սկսում պանդոկապետին զգուշաբար հարցուփորձ անել, թե ժուժկալներն ի՛նչ են խմում։ Նա միանգամայն իրավամբ կարծում էր, թե ժուժկալների համար նույնիսկ մաքուր ջուրը թունդ խմիչք է։ Պանդոկապետը նրան բացատրում է, թե ժուժկալներր խմում են սոդաջուր, լիմոնադ, կաթ և հետո անալկոհոլ գինիներ, սառը սխտորի սուպ և այլ անալկոհոլ խմիչքներ։ Այդ բոլոր խմիչքներից ծերուկ Վեյվոդային միայն անալկոհոլ գինիներն են դուր գալիս։ Նա հարցնում է, թե անալկահոլ օղի էլ լինո՞ւմ է, ապա խմում է ևս մի քառորդ լիտր և սկսում պանդոկապետի հետ խոսել, թե իսկապես հաճախակի խմել-հարբելը մեղք բան է։ Պանդոկապետը նրան պատասխանում է, թե ինքը կարող է ամեն ինչ տանել, բացի այնպիսի հարբած մարդուց, որը ուրիշ տեղ լակում, իսկ հետո գալիս է իր մոտ մի շիշ սոդաջրով սթափվելու և դեռ սկանդալ է սարքում։ «Լակիր ինձ մոտ,— ասում է պանդոկապետը,— այն ժամանակ դու իմ մարդն ես, ապա թե ոչ չեմ էլ ուզում քեզ ճանաչել»։ Ծերուկ Վեյվոդան շարունակում է ճանապարհը, մինչև որ, պարոն լեյտենանտ, Կառլի հրապարակում մտնում է մի գինետուն, ուր առաջ էլ գնում էր, և հարցնում է, թե անալկոհոլ գինիներ չունե՞ն։ «Մենք անալկոհոլ գինիներ չունենք, պարոն Վեյվոդա,— ասում են նրան,– բայց վերմուտ և շերրի ունենք»։ Ծերուկ Վեյվոդան մի տեսակ իրեն անհարմար է զգում և որոշում է քառորդ լիտր վերմուտ և քառորդ լիտր շերրի խմել։ Այնտեղ նստած ժամանակ, պարոն լեյտենանտ, նա ծանոթանում է ճիշտ իր նման մի ժուժկալի հետ։ Խոսում են դեսից-դենից, ևս մի քառորդ շիշ շերրի խմում, զրույց անում, և այն պանը ասում է, թե մի տեղ գիտե, որտեղ անալկոհոլ գինիներ են մատուցում։ «Դա Բալզանով փողոցում է, սանդուղքով ցած ես իջնում, այնտեղ գրամաֆոն են նվագում»։ Այդպիսի հաճելի տեղեկության համար պան Վեյվոդան մի ամբողջ շիշ վերմուտ է պատվիրում և հետո երկուսով գնում են Բալզանով վաղոցը, որտեղ պետք է սանդուղքով ցած իջնել և որտեղ գրամաֆոն են նվագում։

Իսկապես այնտեղ միայն մրգագինիներ էին մատուցում, որ ոչ միայն անսպիրտ էին, այլև՝ առհասարակ անալկոհոլ։ Նախ կեսական լիտր հաղարջի գինի են պատվիրում, ապա կես լիտր ուրիշ մրգագինի, իսկ երբ կեսական լիտր էլ անալկոհոլ հաղարջի գինի են խմում, ոտքները սկսում են թուլանալ այն բոլոր վերմուտներից ու շերրիներից, որ մինչ այդ խմել էին։ Այդ ժամանակ սկսում են գոռգոռալ և պաշտոնական հավաստագիր պահանջել, թե իսկապես ճիշտ է, որ իրենց խմածը անալկոհոլ գինիներ են։ Իրենք ժուժկալներ են, ասում էին նրանք, և եթե իրենց անմիջապես այդպիսի հավաստագիր չներկայացնեն, ամեն ինչ ջարդուփշուր կանեն, գրամաֆոնն էլ հետը․․․ Այնպես որ ոստիկանները ստիպված են լինում երկուսին էլ սանդուղքն ի վեր քարշ տալ Բալզանով փողոցը։ Նրանց խոթում են ձեռնասայլակի մեջ և նստեցնում մենախցերում։ Երկուսին էլ, որպես ժուժկալների, դատապարտում են հարբեցողության համար։