Выбрать главу

― Ինչո՞ւ եք այդ ամենն ինձ պատմում,— վատ բան ենթադրելով, գոռաց պոդպորուչիկ Դուբը, որին այդ պատմությունը վերջնականապես սթափեցրել էր։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, դա ձեզ չի վերաբերվում, բայց քանի որ խոսք բացվեց․․․

Այդ պահին պոդպորուչիկ Դուբին թվաց, թե Շվեյկն իրեն վիրավորել է, և, քանի որ գրեթե ուշքի էր եկել, բղավեց․

— Դու ինձ կճանաչես։ Ինչպե՞ս ես կանգնած։

— Համարձակվում եմ զեկուցել, վատ եմ կանգնած։ Մոռացել էի, համարձակվում եմ զեկուցել, կրունկներս միասին դնել, կոշկաքթերը՝ անջատակի։ Հիմա այդպես կանեմ։— Շվեյկն ըստ բոլոր կանոնների ձգվեց ու կանգնեց երեսադեմ։

Պոդպորուչիկ Դուբն սկսեց մտածել, թե էլ ի՞նչ ասի նրան, և ի վերջո ասաց միայն․

— Տես, հա՛, սա վերջին անգամ լինի,— և, ասես ի լրումն դրա, կրկնեց իր հին հավելասույթը, փոքր ինչ փոփոխելով․

— Դու ինձ դեռ չես ճանաչում։ Բայց ես քեզ հո ճանաչում եմ։

Հեռանալով Շվեյկից, պոդպորուչիկ՝ Դուբը խումար ընկած մտածում էր․ «Թերևս նրա վրա ավելի կազդեր, եթե ասեի․ «Ես քեզ, եղբայր, արդեն վաղուց ճանաչում եմ վատ կողմից»։

Այնուհետև պոդպորուչիկ Դուբը կանչեց իր սպասյակ Կուներտին և հրամայեց մի կուժ ջուր ճարել։

Ի պատիվ Կուներտի պետք է ասել, որ նա քիչ ժամանակ չվատնեց Տիրավա-Վոլոսկայում մի կուժ ջուր ճարելու համար։

Վերջապես նրան հաջողվեց կուժը թռցնել քահանայից, իսկ ջուրը քաշել տախտակներով ամուր փակած ջրհորից։ Այդ անելու համար նա, իհարկե, ստիպված եղավ մի քանի տախտակ պոկել։ Ջրհորը տախտակներով փակելու պատճառն այն էր, որ կասկածում էին, թե միջի ջուրը տիֆով վարակված է։

Սակայն պոդպորուչիկ Դուբն ամբողջ կուժը խմեց առանց որևէ հետևանքի, հաստատելով այն առածը, թե լավ խոզն ամեն ինչ կմարսի։

Բոլորը չարաչար սխալվում էին, կարծելով, թե Տիրավա-Վոլոսկայում գիշերելու են։

Պորուչիկ Լուկաշը կանչեց հեռախոսավար Խոդոունսկուն, ավագ գրագիր Վանեկին, վաշտի հանձնակատար Շվեյկին ու Բալոունին։ Հրամանը պարզ էր. բոլորր զենքները թողնում են սանիտարական մասում և գյուղամիջյան ճանապարհով անհապաղ դիմում դեպի Մալի Պոլանեց, իսկ հետո գետի երկայնքով, հարավ-արևելյան ուղղությամբ, դեպի Լիսկովեց։ Շվեյկը, Վանեկը և Խոդոունսկին նշանակված են զորաբնակարանապետներ։ Նրանք գիշերելու տեղեր պետք է գտնեն վաշտի համար, որը նրանց հետևից տեղ կհասնի մեկ կամ, ամենաշատը, մեկ և կես ժամ հետո։ Բալոունը պետք է կարգադրի, որ այն բնակարանում, որտեղ գիշերելու է նա, այսինքն պորուչիկ Լուկաշը, սագ տապակեն, իսկ մնացած երեքը պետք է հսկեն Բալոունի վրա, որ սագի կեսը չլափի։ Բացի դրանից, Վանեկն ու Շվեյկը վաշտի համար պետք է մի խոզ գնեն, որի քաշը համապատասխանի ամբողջ վաշտի համար սահմանված մսի նորմային։ Գիշերը պետք է գուլյաշ եփեն։ Զինվորների գիշերելու տեղերը պետք է միանգամայն կարգին լինեն։ Խուսափել ոջլոտած խրճիթներից, որպեսզի զինվորները հանգստանան ինչպես հարկն է, քանի որ դեռևս առավոտվա վեց և կեսին վաշտը Լիսկովեցից, Կրոսցենկոյի վրայով, առաջ է շարժվելու Դեպի Ստարայա Սոլ։

Գումարտակն այլևս փողի պակասություն չէր զգում։ Բրիգադի ինտենդանտությունը առաջիկա սպանդի համար Սանոկում նրան կանխավճար էր տվել։ Վաշտի դրամարկղում հարյուր հազար կրոնից ավելի փող կար, և ավագ գրագիր Վանեկը հրաման էր ստացել տեղ հասնելուն պես, այսինքն խրամատներում, հաշվել և վաշտին մեռնելուց առաջ փոխհատուցում վճարել նրա չստացած ճաշերի և հացաբաժինների համար։

Մինչ հիշյալ չորս հոգին պատրաստվում կին ճանապարհ ընկնելու, վաշտում հայտնվեց տեղիս քահանան և զինվորներին թռուցիկներ բաժանեց՝ յուրաքանչյուրին իր ազգի լեզվով։ Այդ թռուցիկների վրա տպագրված էր «Լուրդի երգը»։ Քահանան մի ամբողջ հակ «Լուրդի երգ» ուներ, որ նրա մոտ թողել էր մի բարձրաստիճան զինվորական հոգևորական, որն ինչ-որ օրիորդների հետ ավտոմոբիլով ճամփորդում էր ամայացած Գալիցիայում։

Ահավասիկ այգ երգը.

Ուր լեռան լանջն է ղեպ հովիտ իջնում,

Զանգն է ղողանջում, աղոթքի կանչում.

Ավե Մարի՛ա, ավե Մարի՛ա։

Կույս Բերնարդային երկնային հոգին

Տանում է կանաչ մի մարգագետին։

Ավե։

Տեսնում է կույսը կատարին ժայռի

Լույսով ողողված դասը սրբերի։

Ավե։

Զուգված են չքնաղ կապույտ շորերով

Եվ լուսաճաճանչ նոր գոտիներով։

Ավե։

Եվ Աստվածամոր ձեռքերը բարի

Պատած են հույլով վարդարանների։

Ավե։

Ա՛խ, Բերնարդայի դեմքն է այլայլվում

Երկնային ցոլքն է իր վրա փայլում…

Ավե։

Ծունկ է չոքում նա և աղոթք անում.

Լսում է Մարիամն ու պատասխանում.

Ավե։

«Ես էլ կարեցա անմեղ հղանալ,

Ուստի ուզում եմ ձեզ պաշտպան դառնալ։

Ավե։

Թող թափորներով բոլոր կողմերից

Ժողովուրդը գա և պատիվ տա ինձ։

Ավե։

Թող վկա տաճարն այս մարմար,

Որ հրաշք պիտի գործեմ ձեզ համար։

Ավե։

Իսկ դու էլ, աղբյուր, կարկաչիր, հորդիր,

Եվ կանչիր նրանց, սերս հաղորդիր»։

Ավե։

Ո՜հ, փառավորվիր դու,– հովիտ հովտաց,