Выбрать главу

– Ա՛խ, ահա՜ թե ինչ, ռևմատիզմ…– ասաց նա Շվեյկին։– Դա իսկապես ծանր հիվանդություն է։ Հակառակի պես այնպես է պատահում, որ մարդ ռևմատիզմով հիվանդանում է հենց համաշխարհային պատերազմի ժամանակ, հենց այն ժամանակ, երբ պետք է ռազմաճակատ գնալ։ Կարծում եմ, որ դա ձեզ մեծ վիշտ է պատճառում։

– Համարձակվում եմ զեկուցել, պարոն գլխավոր բժշիկ, մեծ վիշտ է պատճառում։

– Հը՛մ, ահա՜ թե ինչ, դա նրան վիշտ է պատճառում։ Շատ բարի եք եղել, որ մտածել եք այդ ռևմատիզմի հարցով մեզ դիմել հատկապես հիմա։ Խաղաղ ժամանակ խեղճը ուլի պես թռչկոտում է, իսկ երբ պատերազմ է ծագում՝ իսկույն ռևմատիզմը բռնում է, և ծնկները հրաժարվում են նրան ծառայել։ Արդյոք ձեր ծնկները չե՞ն ցավում։

– Համարձակվում եմ զեկուցել, ցավում են։

– Եվ ամբողջ գիշերը չե՛ք կարողանում քնել։ Ճի՞շտ է։ Ռևմատիզմը շատ վտանգավոր, տանջալից ու ծանր հիվանդության է։ Այդ տեսակետից մենք մեծ փորձ ունենք։ Խիստ դիետան և բուժման մեր մյուս միջոցները շատ լավ հետևանքներ են ունենում։ Դուք մեզ մոտ ավելի շուտ կառողջանաք, քան Պեշտյանիում, և այնպես կքայլեք դեպի ռազմաճակատ, որ թոզը երկինք հասնի։

Եվ դառնալով բուժակին՝ ավագ բժիշկն ասաց.

– Գրեցեք. «Շվեյկ, խիստ դիետա, օրը երկու անգամ ստամոքսի լվացում և օրական մեկ կլիզմա»։ Իսկ հետո՝ կտեսնենք։ Առայժմ դրան տարեք ամբուլատորիա, ստամոքսը լվացեք և, երբ ուշքի գա, կլիզմա արեք, բայց, իմացած եղեք, իսկական կլիզմա, որպեսզի բոլոր սրբերի անունը տա և ռևմատիզմը վախից ձեռաց չքվի։

Այնուհետև, շրջվելով դեպի հիվանդները, բժիշկ Գրյունշտայնը արտասանեց հետևյալ ճառը, որ լի էր իմաստուն ու գեղեցիկ խրատներով.

– Չկարծեք, թե ձեր առաջ էշ է կանգնած, որին կարելի է քթից բռնած ման ածել ու խաբել։ Ձեր այդ օյինբազություններով դուք իմ գութը չեք շարժի։ Ես հո լավ գիտեմ, որ դուք սիմուլյանտներ եք և ուզում եք զինվորական ծառայությունից խուսափել, դրա համար էլ ձեզ հետ վարվում եմ ինչպես պետք է։ Ես կյանքումս հարյուրավոր ձեզ նման մարտիկներ եմ տեսել։ Այս մահճակների վրա պառկել են անթիվ ու անհամար այնպիսի մարդիկ, որոնք ոչ մի հիվանդություն չեն ունեցել, բացի մարտական ոգու բացակայությունից։ Այն ժամանակ, երբ նրանց ընկերները մարտնչում էին ռազմաճակատում, նրանք կարծում էին, թե հանգիստ կպառկեն տեղաշորի մեջ, հիվանդանոցային սնունդ կստանան և կսպասեն, մինչև որ պատերազմը վերջանա։ Բայց նրանք, այդ սրիկաները, սխալվում էին։ Եվ դուք բոլորդ էլ, շո՛ւն շանորդիներ, սխալվում եք։ Նույնիսկ քսան տարի հետո, երբ երազում տեսնեք, թե ինչպես էիք ինձ մոտ սիմուլյանտություն անում, սարսափից կբոռաք։

– Համարձակվում եմ զեկուցել, պարոն ավագ բժիշկ,– լսվեց մի թույլ ձայն լուսամուտի մոտ գտնվող մահճակալից,– ես արդեն առողջացել եմ։ Դեռևս գիշերը նկատեցի, որ շնչարգելությունս անցել է։

– Ձեր ազգանո՞ւնը։

– Կովարժիկ։ Համարձակվում եմ զեկուցել, որ ինձ կլիզմա է նշանակված։

– Լա՛վ, ձեզ կլիզմա կանեն նաև ճանապարհի համար,– կարգադրեց բժիշկ Գրյունշտայնը,– որպեսզի հետո չգանգատվեք, թե այստեղ ձեզ չենք բուժել։ Այո՛։ Իսկ հիմա բոլոր հիվանդներդ, որոնց անունը կարդացի, հետևեցեք բուժակին և ստացեք ում ինչ որ նշանակված է։

Յուրաքանչյուրը ստացավ իր համար նշանակված պատկառելի բաժինը։ Ոմանք ջանում էին բժշկի հրամաններն ի կատար ածողի վրա ազդել աղաչանքներով և կամ սպառնալով, թե իրենք էլ բուժակ կգրվեն և թե կարող է պատահել, որ այժմյան բուժակները մի օր իրենց ձեռքն ընկնեն։ Գալով Շվեյկին, պետք է ասել, որ նա իրեն պահում էր հերոսաբար։

– Մի՛խնայիր ինձ,– քաջալերում էր նա իրեն կլիզմա անող դահիճին։– Հիշիր երդումդ։ Եթե այստեղ պառկած լինի նույնիսկ հայրդ կամ հարազատ եղբայրդ, կլիզմա արա նրան, և վե՛րջ։ Մի մոռանա, որ Ավստրիան այդ կլիզմաների զորությամբ է դիմանում։ Մենք կհաղթե՛նք։

Հետևյալ օրը շրջայցի ժամանակ բժիշկ Գրյունշտայնը Շվեյկին հարցրեց, թե նա հիվանդանոցում իրեն ինչպես է զգում։ Շվեյկը պատասխանեց, հիվանդանոցը հույժ բարեկարգ ու պատվական հաստատություն է։ Ի պարգև այդ պատասխանի, նա ստացավ նույնը, ինչ երեկ, և վերադիր՝ մի ասպիրին ու խինինի երեք դեղափոշի։ Այդ ամենը լցրին ջրի մեջ, ապա հրամայեցին, որ նա անմիջապես խմի։

Նույնիսկ Սոկրատը իր թույնի բաժակն այնպես հանգիստ չէր խմել, ինչպես իր խինինը խմեց Շվեյկը, որի վրա բժիշկ Գրունշտայնը փորձում էր տանջանքների բոլոր տեսակները։ Երբ Շվեյկին բժշկի ներկայությամբ փաթաթեցին թացացրած սառը սավանի մեջ, ապա բժշկի այն հարցին, թե դա նրան ինչպես է դուր գալիս, նա պատասխանեց.

– Համարձակվում եմ զեկուցել, պարոն ավագ բժիշկ, ինձ այնպես եմ զգում, որ կարծես լողարանում կամ ծովափնյա կուրորտում լինեմ։

– Ռևմատիզմը դեռ չի՞ անցել։

– Համարձակվում եմ զեկուցել, պարոն ավագ բժիշկ, ոչ մի կերպ չի անցնում։

Շվեյկին ենթարկեցին նոր տանջանքների։

Այդ Ժամանակ հետևազորի գեներալի մի այրի, բարոնուհի ֆոն Բոցենհայմը, անասելի ջանքեր էր գործադրում գտնելու համար այն զինվորին, որի մասին «Բոհեմիան» նորերս գրել էր, թե նա, այդ հաշմանդամը, պատվիրած է եղել, որ իրեն զինվորական հանձնաժողովի մոտ տանեն հիվանդի սայլաթոռով, և գոչել է «դեպի՛ Բելգրադ»։ Հայրենասիրության այդ դրսևորումը «Բոհեմիա»-ի խմբագրությանը առիթ էր տվել իր ընթերցողներին կոչ անելու՝ հանգանակություն սկսել լոյալ հերոս հաշմանդամի օգտին։