Выбрать главу

Ուր դրախտային շուշանն այս ժպտաց.

Ավե։

Եվ սուրբ քարայրդ թող օրհնյալ լինի,

Ո՜վ մեր երկնային Մայր ու Տիրուհի։

Ավե։

Բացվել է ահա ուրախ առավոտ,

Եվ թափորները գալիս են քեզ մոտ։

Ավե։

Կամիր պաշտպանել դու արդարներին,

Մեզ էլ մի՛ մերժիր շնորհդ վերին։

Ավե։

Աստղ դառնալով մեր ճանապարհին,

Տար մեզ, հասցրու բարձրյալի գահին։

Ավե։

Մի՛ մերժիր մեզ էլ, ո՜վ Աստվածամայր,

Մեզ էլ գուրգուրիր, սիրիր մայրաբար։

Ավե։

Տիրավա-Վոլոսկայում արտաքնոցներ շատ կային, և ամենուրեք պետքարաններում թափված էին «Լուրդի երգի» թերթիկները։

Կաշպերյան լեռների զավակ կապրալ Նախտիգալը մի ահաբեկված հրեայի մոտ մի շիշ օղի էր գտել, մի քանի ընկեր-տղաներ հավաքել և «Իշխան Եվգենիի» եղանակով երգում էին «Լուրդի երգի» գերմաներեն տեքստը, առանց «Ավե» կրկներգի։

Այն առաջապահ ջոկատը, որը պարտավոր էր Տասնմեկերորդ վաշտի համար օթևան գտնել, իրիկնամթին ընկավ գետակի ափին գտնվող մի անտառակ, որի միջով պետք է հասներ Լիսկովեց։ Ճանապարհն անասելի դժվարացավ։

Բալոունն առաջին անգամ էր ընկել այնպիսի դրության մեջ, երբ մարդ չի իմանում, թե ուր է գնում։ Նրան ամեն ինչ,— և՛ խավարը, և՛ այն, որ նրանց առաջուց ուղարկել էին բնակարաններ գտնելու,— խիստ խորհրդավոր էր թվում։ Հանկարծ նրան համակեց մի թունդ կասկած, թե երևի դրա մեջ ինչ-որ դիտավորություն կա։

— Ընկերներ,— կամաց տնքաց նա, սայթաքելով գետի երկայնքով ձգվող ճանապարհին,— մեզ զոհ են բերել։

— Ինչպե՞ս թե,— նույնպես կամաց, բայց խստաբար գոռաց նրա վրա Շվեյկը։

— Ընկերնե՛ր, եկեք չգոռանք,— աղերսալից ձայնով խնդրեց Բալոունը։— Արդեն մարմինս սարսռում է։ Ես զգում եմ, որ հիմա մեզ կլսեն և կսկսեն կրակել։ Ես գիտեմ, նրանք մեզ առաջուց ուղարկել են, որ հետախուզենք, թե հո մոտերքում թշնամի չկա, իսկ երբ կրակոցներ լսեն՝ իսկույն կիմանան, որ այլևս առաջ գնալ չի կարելի։ Մենք, ընկերնե՛ր, հետախուզական պարեկ ենք, ինչպես ինձ սովորեցրել է կապրալ Տերնան։

— Որ այդպես է, առաջ ընկիր,― ասաց Շվեյկը։— Մենք կքայլենք քո հետևից, իսկ դու մարմնովդ մեզ կպաշտպանես, քանի որ այդքան աժդահա ես։ Իսկ երբ քեզ վրա կրակեն, մեզ իմաց տուր, որ ճիշտ ժամանակին պառկենք։ Էլ ի՞նչ զինվոր ես, որ գնդակից վախենում ես։ Դրա համար ամեն մի զինվոր պետք է միայն ուրախանա, ամեն մի զինվոր պետք է իմանա, որ ինչքան թշնամու զինվորը շատ կրակի նրա վրա, այնքան հակառակորդի մոտ քիչ զինամթերք կմնա։ Ամեն մի գնդակ, որ քեզ վրա արձակում է թշնամու զինվորը, նվազեցնում է նրա մարտունակությունը։ Ասենք, նա էլ ուրախ է, որ կարող է քեզ վրա կրակել։ Գոնե ստիպված չի լինի փամփուշտներն իր վրա քարշ տալ, և բացի դրանից, փախչելն էլ հեշտ կլինի։

Բալոունը մի ծանր հոգոց քաշեց․

— Իսկ եթե տանը տնտեսություն ունեմ։

― Թքիր տնտեսության վրա,— խորհուրդ տվեց Շվեյկը։– Ավելի լավ կլինի կյանքդ զոհաբերես թագավոր կայսրին։ Մի՞թե զինվորական ծառայության մեջ քեզ այդ չեն սովորեցրել։

— Միայն մի թեթև հիշատակել են,— չհասկացավ հիմար Բալոունը,— ինձ վարժադաշտում միայն վազվզեցնում էին, իսկ հետո ոչ մի այդպիսի բան չլսեցի, քանի որ սպասյակ դարձա։ Գոնե թագավոր կայսրը մեզ ավելի լավ կերակրեր․․․

— Ա՛խ դու, նզովյալ անկշտում խոզ։ Զինվորին կռվից աոաջ առհասարակ չպետք է կերակրել, ինչպես շատ տարիներ առաջ դպրոցում մեզ բացատրում էր կապիտան Ունտերգրիցը։ Նա մեզ միշտ ասում էր․ «Նզովյալ խուլիգաննե՛ր, եթե երբևէ պատերազմ լինի և դուք ստիպված լինեք կռվի գնալ, մտքներովդ չանցնի մարտից առաջ կուշտ լափել։ Եթե կուշտ լափածի փորին գնդակ դիպչի, նրա բանը բուրդ է, քանի որ վիրավորվելիս բոլոր սուպերը և հացը աղիքներից դուրս կթափվեն և նա րոպեապես արյան վարակում կստանա։ Բայց երբ ստամոքսումդ ոչինչ չկա, փորիդ այդ վերքն ու կրետի կծածը մի բան են, գնա ու քե՜ֆ արա»։

— Ես շուտ եմ մարսում,— ընկերներին հանգստացրեց Բալոունը,— երբեք իմ ստամոքսում բան չի մնում։ Ես, եղբա՛յր, կարող եմ թեկուզ մի աման խոզի մսի ու կաղամբի կնեդլիկ ուտել, իսկ կես ժամ հետո միջիցս երեք գդալից ավելի բան դուրս չի գա։ Մնացածը մեջս ամբողջովին անհետանում է։ Մի ուրիշն, ասենք, սունկ է ուտում, իսկ դա նրա միջից այնպես է դուրս գալիս, որ բավական է լվանաս ու վրան թթու սոուս լցնես, որպեսզի պատրաստ լինի նորից մատուցելու համար, իսկ ինձ մոտ՝ ընդհակառակը։ Ես այդ սունկ ասածն այնքան եմ ուտում, որ եթե իմ տեղը մի ուրիշը լինի՝ կտրաքի, բայց հետո միայն մի քիչ դեղին շիլա եմ արտադրում, ասես երեխա է դուրս գնում, մնացածը մեջս է մնում։

— Իմ մեջ, ընկե՛ր,— վստահելով հայտնեց նա Շվեյկին,– ձկան փշերն ու սալորի կորիզները հալվում են։ Մի անգամ փորձի համար համրեցի։ Կերա յոթանասուն սալորի կնեդլիկ, կորիզներն էլ հետը, իսկ երբ ժամանակը եկավ՝ գնացի կալի հետևը, հետո մի տաշեղով քչփորեցի, կորիզները մի կողմ արի ու համրեցի։ Յոթանասուն կորիզի կեսից ավելին մեջս հալվել էր։

Բալոունը մի խորունկ հառաչ արձակեց.

— Պառավս սալորի կնեդլիկները կարտոֆիլի խմորից էր պատրաստում, որի մեջ մի քիչ լոռ էր գցում, որ ավելի սննդարար լիներ։ Նա խաշխաշի խմորագնդիկն ավելի էր սիրում, քան պանիրովը, իսկ ես՝ ընդհակառակը։ Դրա համար ես նրան մի անգամ մի լավ քոթակեցի․․․ Չէի կարողանում ընտանեկան բախտավորությունս գնահատել։